Լրահոս
Օրվա լրահոսը

Սրտի ձայն Սփյուռքից – ընտրություններ

Մարտ 28,2017 13:58

Ապրիլի 2-ին Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Սփյուռքից ուշի ուշով հետեւում եմ ընտրապայքարի ընթացքին: Հայաստանաբնակ մեր հայրենակիցներին ցանկանում եմ հաղորդակից դարձնել իմ մոտեցումներին եւ խոհերին: Սփյուռքում այս պահին ոչ ոք, բացի, իհարկե, դաշնակցությունից չունի նեղ կուսակցական շահ, ուստի մնացյալ շատ շատերի համար ցանկալի է ընտրություններին հաջողություն ունենան այն ուժերը եւ դաշինքները ովքեր ՍՈՒՏ ՉԵՆ ԱՍՈՒՄ եւ հավատարիմ են իրենց ներկայացրած ծրագրերին:

Հավատացեք դժվար է ծրագրերը կարդալով ՄԻԱՅՆ հասկանալ, թե ինչ տարբերություններ կան նրանց միջեւ: Իհարկե, քաղաքականապես գիտակից եւ գիտականությամբ զինված մարդը կարող է դյուրությամբ կուսակցությունների եւ դաշինքների ծրագրերը տողատակերի մեջ կարդալ եւ հասկանալ տարբերությունները եւ դեռ ավելին:

Երբեք էլ չեմ ակնկալել ու չեմ ակնկալում, որ Հայաստանում ընտրություններն ու ընտրություններին մասնակից կուսակցությունները գաղափարապես եւ կազմակերպչորեն լինեն այնքան հասունացած եւ կայուն, որքան ասենք Շվեդիայում կամ այլ զարգացած երկրներում է, բայց նվազագույնը կարելի է ե՝ւ ընտրողներից (սխալ չհասկանալ, խոսքս բոլորի մասին չէ) ե՝ւ ընտրվողներից ակնկալել, որ լինեն գոնե պարկեշտ ու հավատարիմ մարդկային սկզբունքներին՝ քան մտածեն կաշառք տալու եւ վերցնելու մասին: Գիտեմ ինձ կմեղադրեն թե ձայնդ տաք տեղից է դուրս գալիս, բայց պատասխանեմ, որ այդպես էլ չի, որ դուք եք կարծում…. Կարծում եք հաճելի՞ է ամբողջ սերունդներով, որպես ժամանակավոր հյուրանոցային հաճախորդներ՝ ապրել օտարության մեջ:

Բոյկոտելու հարցը այնքան չարչրկվեց, որ այս պահին նույնիսկ դրա հեղինակները հանդիսացող մարդիկ եւ կառույցները իրենք էլ չգիտեն ի’նչ ասեն, ի’նչ անեն… մեկը անձամբ է մասնակցում, մյուսը դեռ բոյկոտում է, երրորդը կես բերան աջակցում է մի դաշինքի, մի խոսքով բոյկոտելու գաղափարը օդի մեջ կախված մնաց ու անփառունակ դուրս եկավ:

Իհարկե, կան մեծ թվով մարդիկ, ովքեր որոշել են չմասնակցել ընտրությանը, քանի որ նրանց կարծիքով բոլորը նույնն են եւ ոչ մի բան չի փոխվելու, իշխանությունը կխփի ինչքան ուզի: Նման կարծիքներ ունեցողներին, իհարկե, որոշակիորեն կարելի է հասկանալ, բայց միայն որոշակիորեն եւ վերապահումներով, քանի, որ իշխանությունը կխփի որքան ուզի, երբ նման մտածողները շարունակեն մտածել այդպես:

Այն վայրկյանից, երբ մեր այս հայրենակիցները որոշեն, որ իրենք թույլ չեն տա ՀՀԿ-ին խփել ինչքան եւ ինչպես ուզեն, այն րոպեից կսկսի փոփոխությունների շարանը: Բացատրեմ, դուք շուրջ 30 տոկոսի հասնող անտարբեր, կամ հուսահատ ու հավատքը կորցրած, կամ էլ գիտակցաբար բոյկոտող մարդիկ, եթե գնաք ու ձայն տաք ոչ իշխանական որևէ դաշինքի, ապա իշխանությունները չեն հաղթի ու գործի կգան այլ ուժեր… Հիմա ասենք հարյուր տոկոսով այս նորերն էլ խաբեբա դուրս եկան, բայց չէ, որ դուք եք, որ արդեն կարողացել եք ձեր ձայնի ուժով նրանց իշխանության բերել, ուստի նույն ձայնի, կամ ինչու չէ, եթե պահանջվի, ավելի հուժկու միջոցներով կարող եք հաջորդ անգամ, կամ էլ չսպասելով հաջորդ անգամվա՝ նրանց զրկել իշխանությունից: Հարցը պարզ է դրված ու ոչ ոքուց ոչ փող է պահանջվում, ոչ էլ սահմանը պաշտպանող մեր հերոս զինվորների անձնազոհությունը…
Հակառակ պարագային սպասենք, որ երկնքից մեկը վայր իջնի ու մեզ փրկի այս օլիգարխների ճիրաններից:

Բոյկոտելը հո միայն այն չի, որ տանը նստես, օղու բաժակը լցնես ու ծիծաղես այն մարդկանց միամտության վրա , ովքեր մասնակցում են ընտրություններին: Իսկական բոյկոտողը կունենա ծրագիր, այդ ծրագիրը կատարող կուռ կազմակերպություն, համակիրների հսկայական բանակ… այլապես մանր մունր ինքնաբուխ շարժումները թեպետ հարգելի, թեպետ ազնիվ ու մարդկային, բայց դրանք տեղ չեն հասնի՝ եթե չկա կուռ եւ միաբան ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ:

Հիմա նրանց մասին ովքեր մտածում են ընտրություններին մասնակցելու մասին եւ չգիտեն, կամ դեռ չեն որոշել, կամ էլ որոշել են, բայց կասկածում են իրենց որոշման վրա:

Ասացինք, որ բոլորի ծրագրերն էլ գրեթե քիչ թե շատ նման են, ուստի մեր առջեւ ծառացած անլուծելի թվացող այս վիճակից դուրս գալու ելքը որն է, (հիմա կասեք այս մարդը ելքական է, թող այդպես լինի ես չեմ նեղանա ) ելքը այն է, որ սուտասողներին ու կեղծ ընդդիմություններին մի լավ դաս տալ, որպեսզի ժողովրդին անհասկացողի ու կթան կովի տեղ չդնեն: Կասեք ինչպես, ահա պարզ մի մեթոդիկա, որ ոչ պահանջում է բարձր մաթեմատիկական գիտելիքներ եւ ոչ էլ քաղաքական դպրոց անցած փորձառություն: Ժողովրդական փորձառությունը ամենից ճիշտ մեթոդիկան է:

Դա հետեւյալն է. եթե չեք հավատում խոսքերին հավատացեք նրանց կատարած ԳՈՐԾԻՆ:

Ուստի մնում է ուսումնասիրել եւ տեսնել ո’վ ինչ է արել:

Այստեղ վատ չի լինի շեշտել, որ մեր սիրելի, մեր սովորական հարազատ ժողովրդի կողքին կան փոքրաթիվ, անդեմ մեծահարուստների մի խավ, ովքեր մոռանալով մարդ ու մարդկություն, լոկ իրենց անձնական շահից ելնելով ձայն կտան իշխանավորներին, թալանչիներին ու խաբեբաներին: Նրանք այդպես էլ պիտի անեն եւ դա մի կողմից արդարացի է, նրանք գոնե իրենց չեն խաբում… մեկ էլ նրանց բաշիբոզուկները, ովքեր արդեն ծախել են իրենց հոգին եւ հետդարձը դժվար է:

Հիմա խոսքս նրանց մասին է ովքեր վստահաբար ձայն չեն տալու ոչ ՀՀԿ-ին եւ ոչ էլ նրա կցորդը հանդիսացող դաշնակցականներին:

Ընդդիմադիր դաշտում տեղավորված դաշինքներից ու՞մ կարելի է վստահել ու հավատալ, ու՞մ, ոչ, խոսքը նույնիսկ լավ ու վատի մասին չէ, այլ սոսկ իր խոսքերին ու ծրագրերին հավատարիմ լինել չլինելու մասին է:

Կառաջարկեմ հետեւյալը, եկեք սկսենք այստեղից, թե ում չի’ կարելի վստահել ու հավատալ… մնացածը արդեն պարզ է ու հստակ:

Եթե ընդունում ենք, որ նախկին ու ներկա իշխանությունները հակաժողովրդական են եւ այս քսան տարիների ընթացքում ազգի ու ժողովրդի հերը հանել են, ուրեմն ով որ նախկինում մասնակից է եղել այս իշխանությանը եւ հանդուրժել է, կամ ծպուտ չի հանել , նա մեղսակից է այս թալանին… չմոռանանք, մարդը փոփոխական է եւ կարող է զղջալ ու փոխվել, սակայն, եթե չի ընդունում անցյալում թույլ տրված իր սխալները ու ինքն իրեն չի քննադատում ու հիմա իշխանություններին հայհոյելու մեջ կոկորդ է պատռում, նա ամենից ստախոսն է ու չպիտի հավատալ նրան: Օրինակները շատ են… քննարկենք մի քանիսին:

Նախկին Օրինաց երկրի ղեկավարը ի՞նչ արեց մարտի 1-ին, շատ պարզ, երես թեքեց ժողովրդից ու գնաց իշխանությունների հետ շամպայն խմելու, էլ չենք խոսում կոալիցիայի եւ իշխանության մաս կազմելու մասին… նրա ղեկավարը ի լուր աշխարհի հայտարարում է իր ստրուկներին, որ, ով լավ չգործի նրա կաշին կքերթի, իսկ նրա փոխանորդը պատրաստ է աչքեր հանելու… , կարծես ապրում ենք կաշեգործարանում կամ էլ «աղամամմադ խանի» ժամանակներում:

Գանք ՕՐՕ դաշինքին, ի՜նչ փուլեր անցավ մինչեւ այս դաշինքը կազմավորվեց, երեւակայեք Դալլաքյանի նման մեկը ով չորս տարի եղել էր Սերժ Սարգսյանի գրասենյակի խորհրդատուն, արդեն իրեն հայտարարում էր ամենա-ամենա ընդդիմադիրը եւ այս դաշինքում տեր ու տնօրեն էր ձեւացնում: Ինչու՞ Դալլաքյանը հենց ուզում էր միանալ Օհանյան, Օսկանյանին… պատճառը շատ պարզ է, Օսկանյանը, ով տասը տարի հլու հնազանդ ծառայել է Քոչարյանին եւ Օհանյանը, ով տասը տարի եղել է Սերժ Սարգսյանի աջ թեւը եւ հիմա նրա հետ ախպերաբաժնի կռիվ է տալիս, ըմբռնումով կմոտենային նրան, սակայն արի ու տես տեղերի բաշխման կռիվը թույլ չտվեց նրա մասնակցությունը այս դաշինքին: Իսկ կասեք բա Րաֆֆի Հովհաննիսյանը… նա հո իշխանության մեջ չի եղել, պատասխանը միակն է, ո՞վ է արդեն Հովհաննիսյանի խոսքերին ու գործերին արժեք տալիս հիմա, նա լավ կաներ քաղաքականության փոխարեն ընտրեր կղերականի հագուստը եւ դառնար հոգեւորական, այստեղ նրա ծառայությունը շատ ավելի կգնահատվեր եւ օգտակար կլիներ ժողովրդին:

Խոստովանենք, որ մի կողմից ամենադժվարը եւ մյուս կողմից ամենահեշտը Ծառուկյան դաշինքի կամ ավելի ճիշտ Ծառուկյանի պարագան է:

Հեշտ է այն բանով, որ աշխարհում պարզ է, ո՞վ է տեսել հսկայական հարստություն դիզած ու սարերի վրա ամպերին հասնող դղյակներ ունեցող մարդ այն էլ Հայաստանի պարագայում, մտածի կամ մտածած լինի ժողովրդի մասին, եւ ոչ թե իր հարստությունը պահելու, կրկնապատկելու կամ եռապատկելու մասին: Հեշտ է նաեւ փաստել, որ նրա շրջապատը միշտ էլ եղել նն Քոչարյանները, Սարգսյանները, նրա մտերիմ ընկեր Լուկաշենկոները, Աբրահամյանները, ի միջի այլոց արդեն խոսվում է խնամի Աբրահամյանի վերադարձի մասին՝ որպես նրա ընտրյալ վարչապետ:

Փողը ուժ է, իսկ մեծ փողատերերը թագավորներ: Թագավորները այսօր կամ քաղաքականության հետ գործ չպիտի ունենան, կամ նրանց իշխանությունից վայր են գլորում:

Իհարկե, Ծառուկյանը շատ է կրկնում, որ իր խոսքը գործ է, մի կողմից նա ճիշտ է ասում եւ դժվարը հենց այստեղ է: Անկախ դրդապատճառներից պիտի խոստովանել, որ նա կատարել է որոշակի բարեգործություններ, բայց, արի ու տես, որ հիմա քաղաքականապես է ուզում քաղել դրա պտուղները:
Իմիջիայլոց կաշառքի մասին, ցավոք, ոմանք 30 արծաթի դիմաց ապաբարոյականությամբ (ինչպես կասեր արքեպիսկոպոս Ոսկան Գալփակյանը) պատրաստ են ծախելու ոչ միայն իրենց ու իրենց զավակների, այլ ողջ ազգի ապագան: Ժողովուրդ ջան, ում ուզում եք ձայն տվեք, բայց ձեր խղճով եւ ոչ թե ձեր զավակների ու երկրի ապագան ծախելով:

Մարդիկ օրեկան հարյուրավոր խնդրական նամակներ են տալիս Ծառուկյանին եւ ակնկալում անհատական ու այլ եւ այլ օգնություններ, նա էլ մեծահոգությամբ առնում է այդ նամակներն ու… իսկ դա իրականության մեջ ամենապարզ կաշառքն է, մարդը անլեզու նամակով ասում է, քեզ ձայն կտամ խնդրանքիս դիմաց, սրանից է’լ պարզ կաշառք…

Իսկ պարզ է, որ ընտրություններում ժողովուրդը ոչ թե պիտի խեղճի պես վիզ ծռի ու խնդրի մի փոքր փշրանք, այլ պիտի պահանջի, որ պատգամավորները իրագործեն ավելի մեծ, երկրի զարգացման համար ավելի վեհ խնդիրներ:

Բարեգործությունը լավ բան է եւ գովելի, բայց երբ բարեգործության եւ քաղաքականության միջեւ սահմանը անցնում է, դրանից արդեն լավ բան դուրս չի գալիս:

Իմաստուն խոսքն ասում է «Բարեգործություն արա ու ջուրը գցիր…»:

Աշխարհում ո՞ր մեծահարուստին եք տեսել, որ իշխանության գա ու մտածի իր երկրի մասին: Ահա ԴՈնալԴ Թրամփը ձեզ օրինակ, երկու ամիս հազիվ է անցել ու մարդիկ չգիտեն ի՞նչ անեն, ո՞նց անեն, որ ազատվեն իրենց սխալ ընտրած նախագահի ձեռքից:

Հիմա գանք մնացածներին:

ՀԱԿ-ՀԺԿ-ը, խաղաղությունը լավ բան է, բայց երեւի չարժի նրանց մասին խոսել: Կոմունիստները, կամ ազատ դեմոկրատները… է՜, ինչ ասած, մեկը երազում է երանելի հին կարգերը հետ բերելու մասին՝ առանցի նույնիսկ մտածելու որ մի բան գուցե սխալ է եղել, որ հսկայական այդ կայսրությունը փուլ է եկել, գոնե մի քիչ դեպի առաջ շարժվեին, զարգանային, չէ որ ըստ դիալեկտիկական օրենքների ամեն ինչ շարժման ու զարգացման մեջ է:
Իսկ մյուսի հեռանկարը ՆԱՏՕ-ն է, այն անսասան եւ հզոր ուժը, որ ազատություն եւ ժողովրդավարություն է բերել Աֆղանստանին, Իրաքին, Սիրիային, Լիբիային…

Է’լ, ով մնաց…. հա, մնաց ելքը,

Այդ մասին հաջորդ դասին:

 

Կարո Հակոբյան

Շվեդիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Ara Shahbazian says:

    Ընդհանուր առմամբ ճիշտ մտքեր են, բայց ի՞նչ հակաժողովրդական քայլեր է արել Թրամպը, որ կապված լինի իր հարուստ լինելու հետ…

  2. Vahan Asrabian says:

    Մինչև այստեղ բաւականին ճշգրիտ ախտաճանաչում է կատարել Պրն. Կարո Հակոբյանը. մնանք շարունակութեանն սպասող:
    Ելք պէտք է որ լինի, քանի` “Ե՛ԼՔ” կայ”:

  3. Ruben says:

    Մի քիչ էլ ազգային գաղափարախոսությունից՝.

    «- Ո՛վ, Արմենական տոհմերի նահապետնե՜ր, ո՛վ, Արի ազգերի առաջնորդնե՜ր, լսեք իմ վերջին պատգամը: Գիտցեք, որ Թորգոմի ուխտին որպես հետևանք, Տիտանները Երկրային Աստվածներից սերմ գողանալով, աստծո որդիներ կծնեն՝ սարսափելի գենախեղվածներ: ԵՎ այդ աստծո որդիները՝ գենախեղվածները, արիական զորությամբ և տիտանյան չարությամբ, ձեր դեմ կառաջնորդեն Տիտաններին և շատ չարիքներ կգործեն: ՈՒստի Հայր Արայի կամքով պատվիրում եմ ձեզ՝ Արի արյունով ճանաչեք իրար և հենց այդ արյունով միայն երկրպագեք ձեր աստվածայնությունը: ԵՎ գիտցեք՝ երբեք վայել չէ, որ աստվածները երկրպագեն աստծո որդիներին:

    … ԵՎ այնուհետև Արմենական տոհմերը աշնան Արեգօրերից մեկը նվիրում էին իրենց նախնիներին: Ամեն տոհմի զավակները ամենահեռավոր վայրերից անգամ հավաքվում էին իրար գլխի: Զոհ էին մատուցում, խնջույք սարքում, երգում, պարում և նախնիների հովանավորությամբ նորոգում էին իրենց տոհմային զգացողությունը և առավել հարազատանում իրար:

    Ասք Հայկ Նահապետի մասին»

    Ին՞չ կասեք:

  4. Սվետլանա Մարգարյան says:

    Պարոն Հակոբյան, ճիշտ եք ասում, բայց էս ամնեի մեջ նախորդ և ներկա իշխանություններն են մեղավոր, նրանք այնքան ստորացրին ու նվաստացրին հասարակ հայ քաղաքացուն, որ նա դարձավ 5000 դրամով իր ձայնը տվող՝ հանուն մի կտոր հացի։ Մեր հարևանուհին, որ մի տարի է գործազուրկ է ու մնացել է հարևանների մի կտոր հացի հույսին ու ամիսներով ուրիշներն են իր լույսի վարձը վճարում, ասում է՝ ինձ որ կուսակցությւոնը շատ ընտրակաշառք տա, նրան էլ ձայնս տալու եմ, ամաչում եմ շենքի ժողովրդի աչքին նայել, գոնե մի քանի օր հացի փող կունենամ։ Էհ, շատ անհույս վիճակ է, անիծվեն մեր ժողովրդին նման ստորացուցիչ դրության մեջ դնողները

  5. Փաթրիս Սիմոնյան says:

    Ինչու չարժի Կոնգրես ՀԺԿ-ի մասին խոսել:Իմ կարծիքով նրանք ազնվորեն ներկայացրել են խաղաղության ծրագիրը և ուշ թե շուտ կպարզվի որ Հայաստանի և Հայ ժողովրդի գոյատևման միակ երաշխիքը հենց խաղաղության հաստատումն է:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031