Նոյեմբերյանի հիմնական դպրոցի տնօրեն, 2010թ.-ից ՀՀԿ անդամ Փարսադան Ալեքսանյանը դպրոցների այն տնօրեններից է, որոնց հետ նախընտրական ցուցակների կապակցությամբ հեռախոսազրույց են ունեցել, ձայնագրել: Փ. Ալեքսանյանը Aravot.am-ին ասաց, որ իր հիշելով` մարտի 21-ին, ժամը 12-ից մինչեւ 13-ի սահմաններում դպրոցի քաղաքային հեռախոսահամարին զանգ է ստացվել, գործավարն ասել է,որ տնօրենին են հարցնում: Զանգահարող տղամարդը հայտնել է, որ ինքը ՀՀԿ կենտրոնական շտաբից է, հարցրել է նախընտրական ցուցակի մասին: Փ. Ալեքսանյանն ասաց, որ ինքը երբևէ ոչ մեկին նման ցուցակ չի ներկայացրել:
Նա հայտնեց. «Իբր ցուցակից կնոջ անուն կարդաց, ես ասացի, որ նման անձնավորություն մեր կոլեկտիվում, մեր շրջապատում չկա: Նա ասաց, որ իր մոտ կա ցուցակ, որ ես եմ ուղարկել հանրապետական շտաբ: Ես զգացի, որ ինչ-որ բան այն չէ, ցուցակից մի քանի անուններ կարդաց, հարցրի՝ խոսքն ինչի՞ մասին է, նա կմկմաց, որոշ դադարից կարողացավ ինձ շատ անծանոթ ազգանուն ասել: Ես կարողացա գոնե 90 տոկոսով համոզվել, որ այդ հարցերը սադրիչ էին»:
Փ. Ալեքսանյանին ասացինք, որ նշված ձայնագրության մեջ լսվում է շտաբի եւ ցուցակի մասին իր խոսքը, դա ինչի՞ն է վերաբերում:
Նա ասաց. «Հեռախոսազրույցի մեջ ասել եմ, որ շտաբ եմ գնացել: Այնտեղ խոսվել է մեր շրջապատում, մեր ծանոթների, հարեւանների, ընկերների շրջանում համախմբելու, այն մարդկանց տեսնելու, խոսելու մասին, ովքեր տրամադրված են դեպի Հանրապետական կուսակցությունը, հարում են նրա գաղափարախոսությանը, ընդունում են կուսակցության քաղաքականությունը»:
Կարդացեք նաև
Փ. Ալեքսանյանն ասաց, որ ինքը Հանրապետական կուսակցության շտաբում եղել է, նախընտրական քարոզչություն կատարել է իր աշխատանքային ժամերից դուրս:
Նա հայտնեց, որ այն ժամանակից, երբ ինքը դարձել է իր ղեկավարած դպրոցում տեղակայված տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ, ոչ մի քարոզչություն չի կատարել, քանի որ դա օրենքով արգելված է:
Նոյեմբերյանի հիմնական դպրոցի տնօրենը հավելեց. «Եթե որևէ ուսուցիչ, խնդրեմ ցանկացածին հարցրեք, որեւէ անգամ կասի, որ խմբով կամ առանձին կանչել եմ, պարտադրել, օգտագործել իմ վարչական ռեսուրսը, ես պատրաստ եմ ցանկացած պատասխանատվություն կրելու: Եթե որեւէ մեկը դա կապացուցի»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ