Լրահոս
Օրվա լրահոսը

Լորենց Առուշանյանի հիշատակը երկար կմնա գործընկերների, մտերիմների, թատերասեր հասարակության սրտերում

Մարտ 28,2017 10:46

Հայ թատերարվեստը ծանր կորուստ կրեց: 2017 թվականի մարտի 26-ին, 82 տարեկան հասակում, կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Լորենց Առուշանյանը:

Լորենց Սուլեյմանի Առուշանյանը ծնվել է 1935 թվականի հուլիսի 6-ին: 1953-57 թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Վավիկ Վարդանյանի արվեստանոցում: Ավարտելուց հետո շուրջ 5 տարի աշխատել է Լենինականի Մռավյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, այնուհետև` Երևանի Ա. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: 1964 թվականից աշխատել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Լորենց Առուշանյանը առաջին իսկ բեմելով դրսևորեց բացառիկ տաղանդը: Մտավորականի, ազնվագույն մարդու իր մեղմ, զուսպ և կիրթ կերպարով, նա հաջողեց բեմում և կինոյում` կերպավորումներում անմահանալով որպես ներքին փոթորկումների և ապրումների դերասան, ինչը բացառիկ շնորհ է մեր արտիստական աշխարհում:

Թատրոնում և ֆիլմերում խաղացած դերերից աչքի են ընկել իշխան Միշկինը (Ֆ. Դոստոևսկի «Ապուշը»), Վասիլը (Ժ. Հարությունյան «Ղազարը գնում է պատերազմ»), Մոորը (Ֆ. Շիլլեր «Ավազակներ»), Կասիոն (Վ. Շեքսպիր «Օթելլո»), Ադամյանը (Ժ.Հարությունյան «Խաչմերուկ»), Մորգենթաունը (Պ. Զեյթունցյան «Ոտքի, դատարանն է գալիս»), Վանահայրը (Լ. Շանթ «Հին աստվածներ»), Գաևը (Ա. Չեխով «Բալի այգին»), Բոկան (Ա. Նիկոլայի «Վերադարձ Սորենտո»), Տեր Հայկազուն (Ֆ. Վերֆել «Մուսա Լեռան 40 օրը»), «Նվագախմբի տղաները», «Ջրհորի մոտ», «Այդ քաղցր բառը՝ ազատություն», «Ամեն ինչ նորից»: Նշանակալից դերեր է կերտել նաև հեռուստաթատրոնում:

1957 թվականից Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է: 1984 թվականին նրան շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչում, իսկ 2003 թվականին` ՀՀ ժողովրդական արտիստի կոչում:

Լորենց Առուշանյանը իր ուրույն հետքը թողեց հայ թատերարվեստում:

Նրա պայծառ հիշատակը երկար կմնա գործընկերների, մտերիմների, թատերասեր հասարակության սրտերում:

   ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Լորենց Առուշանյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:

Լորենց Առուշանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 28-ին, ժամը 18:00-20:00-ն, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Ս. Սարգիս եկեղեցում: Վերջին հրաժեշտը` մարտի 29-ին, ժամը 12:00-14:00-ն, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Հուղարկավորությունը` ՀՀ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի գերեզմանատանը:

 

Կառավարական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031