28-ը մարտի, 2017թ. Երևան: ՀՀ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր պրն. Սերգեյ Առաքելյանն ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ տկն. Տանյա Ռադոչայն այսօր կնքեցին փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի, երկու հաստատությունները կմիավորեն ջանքերը երեխայի իրավունքների պաշտպանության խթանման և երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավման նպատակով:
«Չափազանց կարևորում եմ այն փաստը, որ իրավական հիմքերի վրա է դրվում երեխաների իրավունքների պաշտպանությունը և արդարադատության մատչելիության բարելավմանն ուղղված մեր համագործակցությունը, ինչը վստահաբար կնպաստի համապատասխան մասնագետների պատրաստման և վերապատրաստման արդյունավետության բարձրացմանը: Երեխայակենտրոն արդարադատական համակարգ ունենալը, արդարադատությունը երեխաների համար առավել մատչելի դարձնելը, համակարգի աշխատողներին համապատասխան ժամանակակից գիտելիքներով զինելը, անշուշտ, մեզ համար մեծ կարևորություն են ներկայացնում հատկապես այն պատճառով, որ այսօր նշված թեմայով համապարփակ վերապատրաստման ծրագրեր չկան»,- նշեց Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:
Նախ և առաջ, համագործակցությունը հնարավորություն կընձեռի դատավորների և դատախազների հեռաուսուցման ծրագիր մշակել՝ համապատասխանեցնելով այն քրեական գործեր քննող դատավորների և դատախազների կարիքներին, հատկապես՝ երեխայի իրավունքների, իրավախախտում կատարած, հանցագործությունից տուժած և հանցագործության վկա երեխաների հետ կապված հարցերի վերաբերյալ:
«ՅՈՒՆԻՍԵՖ-ի նպատակն է պաշտպանել յուրաքանչյուր երեխայի կյանքը ցանկացած իրավիճակում, այդ թվում, երբ նրանք կամքից անկախ կամ հանգամանքների բերումով ստիպված են լինում առերեսվել արդարադատության համակարգի հետ», – նշեց տկն. Ռադոչայը: «Արդարադատության ակադեմիան կարևոր դեր ունի կրթական ծրագրերի իրականացման և արդի մասնագիտական պատրաստվածության բարձրացման գործում և մենք վստահ ենք, որ մեր գործընկերության շնորհիվ Հայաստանում կբարելավվեն արդարադատության ծառայությունները՝ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային համապատասխան»:
Կարդացեք նաև
Բացի վերոնշյալից, գործընկերության շրջանակում կկազմակերպվեն համատեղ դասընթացներ, ինչպես նաև՝ կիրականացվեն գիտական հետազոտություններ:
Մամլո հաղորդագրություն