Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չեմ հավատում ներշնչանքին, հավատում եմ քրտինքին. Շառլ Ազնավուր

Մարտ 28,2017 10:29

Կան մարդիկ, որոնք տվյալ դարաշրջանի խորհրդանիշն են, կան նաև տվյալ ժողովրդին խորհրդանշող մարդիկ: Բայց գոյություն ունեն նաև մարդիկ, որոնք համաշխարհային խորհրդանիշ են, նրանց թվում, անկասկած, Շառլ Ազնավուրն է: Ինչպե՞ս է դա նրան հաջողվել: Միգուցե, դա տեղի է ունեցել այն պատճառով, որ նրա ամբողջ կյանքը մեր բարդ, փոփոխվող ժամանակների արտացոլանքն է: Նախկինում ցեղասպանություն, պատերազմ, դասական դարձած նրա շանսոնը, իսկ այսօր՝ դուետ Zaz-ի հետ, բարեգործություն և ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի պատվավոր դեսպանի կոչում՝ գրում է «Չաստնի Կորրեսպոնդենտ» պարբերականը, որը հարցազրույց է վերցրել հայկական ծագում ունեցող աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրից ապրիլի 5-ին Կրեմլում կայանալիք համերգի նախաշեմին:

«Ինձ և իմ քույր Աիդային դաստիարակել են այնպես, որպեսզի միշտ ցանկություն ունենանք ուրիշներին օգնելու: Ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր ծնողների ճակատագիրը և վարվելակերպը մեզ համար օրինակ են ծառայել: Նրանք հաճախ էին հիշում իտալացի կապիտանի խիզախությունը և բարիությունը, որը փրկել է նրանց Կոնստանդնուպոլսից փախչելիս: Նրանք արդեն նավի վրա էին, երբ թուրք զինվորներից մեկը հայերեն խոսք է լսում և վազում է նրանց հետևից: Բայց նավի կապիտանը պաշտպանում է ծնողներիս: Կարծում եմ, որ նրանց հաջողվել է փրկվել շատ մարդկանց օգնության և բարության շնորհիվ, ուստի նրանք իրենք միշտ փորձել են օգնել բոլորին»,- ասել է Ազնավուրը՝ հավելելով, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծնողները իրենց բնակարանում թաքցրել են հրեաների և ռեժիմի «հակառակորդներին» և երբեք չեն դավաճանել իրենց արժեքները:

Շանսոնյեի խոսքով՝ իր ամբողջ կյանքը հաղթանակ է ինքն իր հանդեպ: Ես զրոյից եմ սկսել, ինքս եմ ստիպված եղել ամեն ինչ սովորել. երաժշտություն, գրականություն, դերասանի վարպետություն: Այդ ժամանակներում ուսումը վճարովի էր, իսկ մեր ընտանիքի հնարավորությունները սուղ էին, այդ պատճառով ստիպված եմ եղել շուտ լքել դպրոցը: Այդ պահից ի վեր կյանքում ամեն ինչի հասել եմ ինքնուրույն»,- ասել է Ազնավուրը:

Լրագրողի այն դիտարկմանը, որ ամեն ինչ զրոյից սկսելը շատ հայկական է, և հարցին, թե ո՞րն է բնավորության ամենագլխավոր հայկական գիծը, շանսոնյեն ասել է. «Աշխատունակությունը: Ես չեմ հավատում ներշնչանքին, ես հավատում եմ քրտինքին»:

«Ամեն անգամ ռիսկի եմ դիմում, երբ 92 տարեկանում բեմ եմ բարձրանում, որպեսզի ամբողջական համերգ տամ առանց ընդմիջման և առանց ջուր խմելու: Եվ դա հաշվի չառնելով մի քանի ժամ տևող թռիչքները երկրագնդի տարբեր հատվածներում: Երբեմն շրջագայության ընթացքում մեկ շաբաթում չորս երկրում եմ լինում: Մինչև հիմա ինքս ինձ մարտահրավեր եմ նետում: Այժմ ցանկանում եմ մեկնել հազվագյուտ անկյուններ, որտեղ դեռևս չեն երգել, օրինակ՝ Չինաստան կամ Հարավային Կորեա»,-ասել է Ազնավուրը:

 Ազնավուրը նաև ասել է, որ ազատ ժամանակ նորություններ, գրականություն է կարդում, գրում է կամ ֆիլմեր դիտում: «Շրջագայության ժամանակ սիրում եմ դուրս գալ փողոց և լսել փողոցային երաժիշտներին: Եթե ժամանակս թույլ է տալիս, միշտ այցելում եմ երաժշտական խանութ, նոր սկավառակներ եմ փնտրում և գնում: Օրինակ, Բրազիլիայի վերջին շրջագայությունից ինձ հետ բերել եմ Սիմոնայի սկավառակը»,-խոստովանել է շանսոնյեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031