Դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններն ընտրությունների ժամանակ աշխատում են իշխանությունների օգտին: Առնվազն 22 տարի ես դրա մասին գրում եմ, եւ ինձ պատասխանում են՝ «ապացույցներ բեր»: «Իրազեկ քաղաքացիների միավորումն» այդ ապացույցները բերել է: Արդարացումները, թե դա սովորական նախընտրական ցուցակագրում է, ինձ չեն բավարարում. եթե քաղաքացիների որոշակի տվյալներ ինձ հայտնի են ի պաշտոնե, ոչ թե որպես ՀՀԿ-ականի, ես չպետք է դրանք օգտագործեմ իմ քաղաքական գործունեության մեջ: Դա եթե նույնիսկ կրիմինալ չէ, ապա էթիկայի կոպիտ խախտում է:
Սակայն եթե նույնիսկ ապացուցվի, որ 114 հոգի նույն խախտումներն են կատարել, եւ եթե նույնիսկ այդ տնօրեններն ազատվեն աշխատանքից, իսկ ՀՀԿ-ն ընտրություններին չմասնակցի, միեւնույն է՝ վաղը ուրիշ տնօրեններ աշխատելու են ուրիշ իշխող կուսակցության համար, ինչպես որ դա անում էին կոմունիստների եւ ՀՀՇ-ի ժամանակ: Որովհետեւ դպրոցը հանրային հոգեբանության եւ հսկայական համակարգի մի փոքր մաս է միայն: Համակարգ եւ հոգեբանություն, որոնք ձեւավորվել են դեռեւս Հայաստանի անկախացումից առաջ: Պատահական չէ, որ այսօր՝ անկախության 25-րդ տարում, դպրոցի ուսուցիչներին շարունակում են դիմել «ընկեր»-ով:
Ըստ այդմ՝ պետությունն ու իշխանությունը նույնն են, աշխատելով պետական հատվածում՝ դուք աշխատում եք իշխանության համար: Եվս մի կարեւոր «անկյունաքար». իշխանություններին կարելի է հայհոյել սեփական խոհանոցում՝ սկսած մոտավորապես 1960-ական թվականներից (դրանից առաջ բռնում էին), հրապարակներում, մամուլում՝ 1985 թվականից սկսած, հիմա արդեն՝ նաեւ համացանցում: Բայց երբ դու գնում ես պետական աշխատանքի (ոչ միայն դպրոց), դու քո հայհոյանքները քեզ ես պահում, ավել-պակաս չես խոսում եւ ենթարկվում ես «նաչալստվային», որովհետեւ հենց նրանից է կախված քո «հացն ու ջուրը»: Ուսուցիչը ենթարկվում է «ընկեր տնօրենին», «ընկեր տնօրենը»՝ ժողկրթբաժվարին (հիմա, երեւի, անունը փոխվել է), վերջինս՝ ավելի բարձր «նաչալնիկներին»: Մարդիկ կարծում են, որ նրանք ուտում են ոչ թե պետության (հարկատուների), այլ իշխանության հացը, եւ պարզ է, որ, ինչպես ասում էր Օստապ Բենդերը, ամեն մի կալորիայի դիմաց տարբեր մակարդակի «պետերը» նրանցից պահանջում են բազմաթիվ մանր ծառայություններ: Մասնավորապես, ընտրությունների ժամանակ:
Այդ ամենում կա ընտրություններից ավելի կարեւոր եւ ավելի վատ բան՝ դպրոցների մեծ մասում դեռեւս «սովետ» է, եւ ոչ մի շանս չկա, որ այդպիսի դպրոցներում դաստիարակվելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Պարոն Աբրահամյան ԸՆԿԵՐ բառի մեջ վատ բան չկա: Մի տեղ կարդացել եմ, ընկեր նշանակում է ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԵՐ՝ մարդ, որի հետ արժի հաց կիսել:
Դպրոցներում իրոք Սովետ է, բայց դա կապ չունի ընկեր բառի հետ: Սովետական գերագույն խորհուրդը դարձավ Ազգային ժողով, պրեզիդենտը՝ նախագահ, նախարարների խորհուրդը՝ կառավարություն, մինիստրը՝ նախարար եւ այլն: Պետական համակարգում էլ հո ընկեր բառը չկա: Պարոն են: Բայց ինչ?? Ոչինչ: Ինչ փոխվեց?? Ոչինչ: Նույն սովետական՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՐՆ ԱՆԻԾԱԾ տրամաբանությամբ երկիրը թալանող պաշտոնյաներ:
Պետությունն ու իշխանությունը չպետք է նույնը լինեն որ այս արատները վերանան:
Դպրոցի տնորենները ընտրող չեն?,կարծիք ունենալու իրավունք չունեն,թե?հանրապետական լինելու իրավունք չունեն?:Հիմա ինձ ասացեք՝որ?երկրի իշխող կուսակցությունն է,որ վարչական ռեսուրսը չի օգտագործում ,,վերարտադրվելու,,նպատակով,որ կուսակցություններն են,որ մրցակցի,,կեղտոտ սպիտակեղենը,,ի ցույց չի դնում:Դրանք բոլորը նախընտրական միջոցներ են ավելի շատ ձայն ,,պօկելու,,համար:
Իհարկե,,,դպրոցի տնորենների գործը,,հետընտրական շրջանում կօգտագործվի պարտությունը պատճառաբանելու համար՝այ եթե դպրոցների տնորենները ընտրություններին չխառնվեին իրենք մեկ տոկոսի փոխարեն 1.1 տոկոս ձայն կստանային և այլն:Ինչպես միշտ լինում է:
Մյուս կողմից՝որևէ մեկը ինձ կարող է? բացատրել՝ինչու առաջին նախագահը իրավունք ունի քաղաքականության մեջ գտնվել՝երկրորդը ոչ:Տարբերություն կա? նախկին նախագահը որտեղ է ծնվել….
Ձևով՝ քննադատություն, բովանդակությամբ՝ հնազանդություն, այն է՝ որևէ բան ընտրություններով հնարավոր չէ փոխել, սենց էկել ա, սենց էլ գնալու ա, ընտրվողն՝ ընտրվել ա, ով էլ ընտրվի՝ բան չի փոխվի, ամեն ինչում մենք ենք մեղավոր, դե իսկ կեղեքողները, պարզ է՝ անմեղ են…
Թերևս սա ՀՀԿ-ին սատարելու միակ ձևն է, մնացած բոլոր փուչիկները վաղուց արդեն պայթել են…
Մեր իշխանությունը ով էլ լինի՝ ժողովրդավարական թե հակաժողովրդավարական, ընտրվելուց հետո հայտնվում է գերհզոր ազգերի դաժան պայքարի ռազմադաշտում եւ նրանց գերուժին ամենաքիչը մեր երկրի սահմաններում հավասարակշռելու ու գերակշռելու համար մեր իշխանությունը իր թիկունքում պետք է ունենա նման գերհզոր ուժ՝ ի դեմս ազգ բանակի, դրա համար էլ մեր երկրում արտաքին ուժերին ոչ մի ազգ բանակ էլ պետք չի, ինչքան ժողովուրդը սոված ու ողորմելի լինի, այդքան էլ նա հեռու կլինի ազգ բանակ լինելուց: Դրա համար մեզ պետք են ոչ թե ախմախ ժողովրդավարական ընտրություններ, այլ իշխանություն ընդդիմություն ժողովուրդ եռակողմ ռազմավարական սկզբունքների շուրջ դաշինք՝ նույնն է հզոր ազգ բանակ: Մենք այսօր աշխարհը ղեկավարող հզոր ազգերից ոչնչով պակաս չենք, մեզ ընդամենը պետք է բոլոր հայերի համար մի ռազմավարություն, մի պետական հայ կրոն, համատեղ գործողություններ աշխարհի ազգերի ռազմաքաղաքական ու մշակութային ռազմադաշտում: Դրա համար իշխանության փոփոխությունը քիչ բան կտա, պետք է սովորել տեղը գալուց արդյունավետ պաշտպանել իշխանությունը, տեղը գալուց էլ ստիպել գործել ազգի կամքով: Ընդդիմությունը պետք է գրաքննադատի նման լինի, մենակ հո վատը չպիտի ասի, լավը տեսնելուց լավն էլ պետք է ասի:
ըստ երեւոյթին, կարծում էք որ այս խնդիրը եւս վերաբերում է միայն Հայաստանին
մի հատ պարզապէս google ըրէք հետեւեալը՝ political propaganda in schools
կամ propagande politique dans les écoles…
իսկ ներկայիս Հայաստանում դպրոցները… երանի թէ «սովետ» լինէին,
ուսման մակարդակի վրայ
(իսկ այդ «ոչ մի շանս չկա»ն անսովոր է Ձեր ընդհանրապէս դրական եւ յուսալից գրիչին համար)