Այսօր Վանաձորի «Արցախ» պուրակում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ Հայաստանի Ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանն ասաց, որ երկրում ստեղծված իրավիճակը չի կարելի կապել միայն Ղարաբաղյան հակամարտության հետ:
«Արժանապատիվ խաղաղության հաստատումը նոր հեռանկարներ կբացի մեր երկրի առաջ: Կնպաստի ներգաղթին, տնտեսության վերելքին, ներդրումների ներգրավմանը, աշխատատեղերի ստեղծմանը: Այս վիճակն առաջին հերթին հետեւանք է իշխանության յուրացման, անազնիվ, ոչ արդյունավետ կառավարման»:
Նրա կարծիքով երկիրը զարգացնելու համար, առաջին հերթին պետք է լուծել ներքին խնդիրները: «Չի կարելի շահարկել Ղարաբաղի հարցը: Հիշում եք, մեզ մեղադրում էին, թե վճռական չեն, էս չեն, էն չեն: Այո, մենք զերծ ենք պահել մեր երկիրը ցնցումներից, նկատի ունենալով, որ կա Ղարաբաղի հարց: Բայց իշխանությունները մշտապես շահարկել են այս հարցը, իշխանությունը պահելու համար»:
Կարդացեք նաև
Պատգամավորության թեկնածուն վանաձորցիներին հորդորեց ապրիլի 2-ին գնալ ընտրության եւ փոխել երկիրը: «Կոչ եմ անում, ապրիլի 2-ին կատարել գիտակցված ընտրություն: Եվ համոզված եղեք, եթե ձայնը տաք «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին, չեք սխալվի: Քվեարկելով այս դաշինքի օգտին, դուք քվեարկելու եք երկրում արդարության հաստատման եւ իրատեսական ծրագրերի իրականացման օգտին»:
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ