Նարեկացի արվեստի կենտրոնում մարտի 27-ին տեղի ունեցավ Անդրանիկ Մանուկյանի «Մի պատառ իմ Հայաստանից» խորագիրը կրող հեռախոսային սիրողական լուսանկարների ցուցահանդեսը: Սա, մասնագիտությամբ մանկավարժ Անդրանիկի առաջին ցուցահանդեսն էր։
Լուսանկարներն արվել են Հայաստանի տարբեր տեսարժան վայրերում։ Անդրանիկը Aravot-ի հետ զրույցում պարզաբանեց ,թե որն է եղել նկարելու իմաստը․«Փորձել եմ բոլորին ցույց տալ Հայաստանի տեսարժան վայրերը,փորձել եմ ցույց տալ, թե ինչպես կարող են մարդիկ շատ մատչելի ու հաճելի եղանակով շրջել և տեսնել ամբողջ Հայաստանը»:
Անդրանիկը ամբողջ ընթացքում շրջել է ավտոստոպ եղանակով, պարզաբանում է, թե ինչու․ «Այդ տարբերակը առաջին հերթին համ մատչելի էր, համ էլ նոր մարդկանց հետ էի ծանոթանում, ովքեր հետո ինձ ցույց էին տալիս Հայաստանի գողտրիկ անկյունները, որոնց մասին մինչ այդ պահը անգամ չէի էլ լսել»:
Լուսանկարների մեծ մասը չի ենթարկվել գունային որևէ փոփոխության, Անդրանիկի խոսքով՝ միայն մի քանի նկարներ, որոնք այդքան էլ լավ չէին ստացվել սև երանգ են ստացել։
Ցուցահանդեսը կգործի 5 օր՝ մարտի 27-31-ը։
Լիդիա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ