Մարտի 27-ին, ժամը 16-ին Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական զբոսայգում մեկնարկեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ից Տավուշի մարզի տարածքային թեկնածու Հակոբ Հակոբյանի հանդիպումը նոյեմբերյանցիների հետ: Հ. Հակոբյանը հայտարարեց, որ 10 տարի եղել է Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքից խորհրդարանի պատգամավոր, մշտապես մասնակցել է խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի աշխատանքներին, տարեկան հանդես եկել 40-50 օրենսդրական առաջարկություններով:
Նա հայտնեց, որ իր ներկայացրած առաջարկությամբ, 129 միլիոն դրամով, Թեղուտ գյուղում մանկապարտեզ է կառուցվել, որի գույքը գնվել է իր անձնական միջոցներով, Ներքին Կարմիրաղբյուրում 130 միլիոն դրամով մանկապարտեզ է գործարկվել, որի գույքը նույնպես իր ֆինանսներով է ձեռք բերվել:
Պատգամավորն ասաց, որ քաղաքացիներին շատ է աջակցել պետպատվերով բուժվելու համար, իր անձնական միջոցներից 500 միլիոն դրամի բարեգործություն է արել, սակայն դա երբեք չի գովազդել:
Կարդացեք նաև
Հ. Հակոբյանն ասաց, որ Իջեւանում, Դիլիջանում, Բերդում ունի մշտապես գործող գրասենյակներ,ուր դիմումներ են ընդունվում, ինքն այնտեղ պարբերաբար քաղաքացիների ընդունելություններ է կատարում: Նա հայտնեց, որ Երեւանի «Կիլիկիա» գարեջրի գործարանի 50 տոկոսի սեփականատերն է, գործարանը հզորության 40 տոկոսի չափով է գործում, սակայն ինքը աշխատատեղեր ստեղծելու նպատակով Դիլիջանում գարեջրի գործարան է հիմնել, որը 2 ամսից կսկսի արտադրանք թողարկել:
Նոյեմբերյանցիները Հակոբ Հակոբյանին խնդրեցին սահմանամերձ քաղաքում աշխատատեղեր ստեղծել, նոյեմբերյանցի մի երիտասարդ Հակոբյանին առաջարկեց Նոյեմբերյանում գարեջրի գործարան կառուցել: Հակոբյանն ի պատասխան ասաց, որ մրցունակ, որակյալ արտադրանք տալու համար հարկավոր են որակյալ հումք, լավ սարքավորումներ, հմուտ մասնագետներ, հագեցած լաբորատորիա, Նոյեմբերյանում այդ ամենը հնարավոր չէ ապահովել, սակայն, հնարավոր է գործարանի համար որակյալ հումք աճեցնել: Հ. Հակոբյանի խոսքերով՝ իմաստ չունի գործարան կառուցել, եթե այն չի գործելու:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ