Արարատ քաղաքում «Ելք» դաշինքի քարոզարշավի ժամանակ դաշինքի ցուցակի 2-րդ թեկնածուն՝ Արամ Սարգսյանը հիշեց իր վարչապետության ժամանակները, հիշեց նաեւ դաշինքի թեկնածու Երասխի գինու գործարանի սեփականատեր Ռազմիկ Թեւանյանին. «Ինքը լավ գիտի գործը: Ամեն տարի մթերելուց առաջ ասում էր՝ էլ չեմ մթերելու, որովհետեւ էդ բանկերը, վարկերը սպանեցին: Հետո աշունը գալիս էր, ասում էր՝ բա էս մարդիկ մեղք են, ոնց կլինի չմթերեմ: Արարատում չկա մարդ, որը, հեռու տնից, տխուր առիթով Ռազմիկ Թեւանյանի մոտ գնացած չլինի ու ասած՝ արաղ տուր: Մի տարի էնքան շատ էին ուզել, որ օղու անունը դրեց «Հարսանեկան» ու վրան հարս ու փեսա նկարեց, որովհետեւ չէ ասել չի կարողանում: Ես իմ քվեն տալու եմ Ռազմիկին՝ որպես մեծ եղբորս ընկեր, Երասխ գինեգործական գործարանն ու սահմանը պահող»:
Արամ Սարգսյանը դիմեց վարչապետ Կարեն Կարապետյանին, ասելով՝«Թող փորձի էդ վարչապետը գա ու գնա էդ գործարան: Ռազմիկի գործարան գնալը կյանք ու մահի ռիսկ է: Գիտեք ինչքան են կրակել մեր մեքենաների վրա Ռազմիկի գործարան գնալիս: Էդ մարդը չգնաց, էդ գործարանը չքանդեց, որ բերեր Արարատում կառուցեր»:
«Ելքի» թեկնածուն, Արամ Սարգսյանը, արարատցիներին պատմեց 1992 թվականների ու գործարանի մասին, հիշեց, որ այդ տարիներին, երբ հոսանք չկար, իրենք գնացել էին Երասխի գործարան եւ տեսել էին, որ գործարանի ծխատարից ծուխ է բարձրանում.«Հարցրեցինք՝ էս ի՞նչ ես վառում, օղի՞ ես թորում: Ասեց՝ չէ, պագրիշկա եմ վառում եմ, որ թուրքերը տեսնեն՝ իմանան աշխատում ենք, չիմանան լույս չունենք»:
Սարգսյանն ասաց, որ իր քվեն տալու է Ռազմիկ Թեւանյանին, եւ վստահ հայտարարեց, որ Արարատում «Ելքի» հետ հանդիպման եկածներն էլ «Ելք»-ին են ձայն տալու. «Որովհետեւ գիտեմ, որ դուք եկել եք այստեղ կանգնել՝ իշխանության ու ԲՀԿ-ի աչքի առաջ, դուք աշխատանք չունեք, ձեզ վախեցնել չեն կարող: Քվեարկեք, ամեն ինչ գաղտնի է, քվեարկեք ու ձեր սրտի ուզածն արեք: Հանդիպենք Ազգային ժողովում, որտեղ մեծամասնություն ենք լինելու»:
Կարդացեք նաև
Իր ելույթից հետո լրագրողների հետ զրույցում Արամ Սարգսյանը պատասխանելով «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Միքայել Մելքումյանի եւ Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, որը հնչեցրել էին Արամ Սարգսյանի՝ Հայաստանում որեւէ մեկը չի կարող գործարան ունենալ առանց իշխանության «դաբրոյի, Մելքումյանն ասել էր՝ Արամ Սարգսյանն էլ գործարան ունի, «Ելքի» թեկնածուն ասաց. «Փոքր ցեմենտի գործարան ունեմ: 2001 թվականից ինչ գնել եմ՝ չի աշխատում, որովհետեւ ես «դաբրո» չունեմ, որովհետեւ հենց գնել եմ, միանգամից անջատել են գազատար խողովակը՝ պատճառ բռնելով, որ այդ գազատարը շատ հին է, եւ կորուստները շատ մեծ, ու այնպիսի թիվ են ասել այդ գազատարը կառուցելու համար, որ այդ հին գործարանն աշխատացնելը անիմաստ է: Նույնը հոսանքը»:
Սարգսյանը նաեւ հիշեց, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք, երբ ինքն ընդդիմացել էր, հաջորդ օրը, Սարգսյանի խոսքերով ասած՝ «6-րդ վարչությունը մտավ գործարան, 2000 աշխատողների բերել էին Երեւանի դատախազություն ու քննության ենթարկել: Ես չեմ հիշում, որ Ծառուկյանի հետ նման բան արած լինեն: Իսկ տիկին Նառան իզուր է այնպիսի բաներից խոսում, ինչի մասին չգիտի, ճիշտ կանի` լրագրությունից խոսի»:
Ինչ վերաբերում է Միքայել Մելքումյանի այն հայտարարությանը, ըստ որի նա Սարգսյան եղբայրներին համեմատել է Սարոյան եղբայրների հետ, նշելով՝ Արամ Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի օգնականն է, եւ մեղադրել է, որ ՀՀԿ-ի օգտին է աշխատում, Արամ Սարգսյանն այս մեղադրանքն անհեթեթություն համարեց. «Իմ եղբայրը անկուսակցական է, եւ Վազգենի ժամանակ էլ ՀՀԿ չի մտել: Միքայել Մելքումյանին ասեմ՝ ինքը պիտի քաղաքականությամբ չզբաղվի, որովհետեւ չի հասկանում, որ պաշտպանության նախարարությունը ապաքաղաքական կառույց է: Իմ եղբայրը չի պաշտպանում Վիգեն Սարգսյանին կամ նրա անձը: Ըստ Մելքումյանի, մարդը, եթե ինչ -որ տեղ է աշխատում, ուրեմն նրան է պաշտպանում: Հերյուրանք է»:
Արամ Սարգսյանը հորդորեց Վիգեն Սարգսյանին հարցնել, եւ թող նախարարն էլ ասի՝ իր աշխատակիցներից մեկը՝ զինվորական լինելով կաշխատի՞ ՀՀԿ-ի օգտին. «Իրենց մոտ էդպես է՝ եթե մարդն աշխատում է իրենց մոտ, ուրեմն «Բարգավաճ է» կամ հանրապետական»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ