Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր՝ մարտի 27-ին, այցելել է ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմին: Նա հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանի եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ Նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանի հետ:
Ողջունելով դեսպանին՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը նախ ներկայացրեց Դաշնակցության քարոզարշավի ընթացքը, մոտեցումները, ապա կարեւորեց ընտրությունների նկատմամբ հասարակության վստահության բարձրացումը: Վարդանյանը շնորհակալություն հայտնեց միջազգային կազմակերպություններին այն աջակցության համար, որի շնորհիվ այսօր կյանքի են կոչվել ընտրական օրենսգրքի մի շարք պահանջներ, հնարավոր է եղել անհրաժեշտ տեխնիկական միջոցներ ձեռք բերել:
Դեսպան Միլսն իր խոսքում ընդգծեց, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու քվեն կենսական նշանակություն ունի: «Քվեարկելու իրավունք ունեցող բոլոր անձանց ես շարունակում եմ հորդորել ապրիլի 2-ին մասնակցել քվեարկությանը՝ իմանալով, որ այն փակ է ու գաղտնի և որ տեղամասերում կիրառվող նոր տեխնոլոգիաներն իրենց քվեարկության արդյունքը չեն արձանագրում:
Շատ կարևոր է, որ բոլոր կողմերը հանդես բերեն պատասխանատու վերաբերմունք և հետևեն օրենքին թե՛ քարոզչության շրջանում, և թե՛ քվեարկության օրը: Հավասարապես կարևոր է նաև այն, որ ընտրողներն էլ իրենց հերթին պատասխանատու լինեն՝ չվերցնեն կաշառք և այսօր տրվող մի քանի դրամի դիմաց չվաճառեն իրենց երեխաների ապագան»,-նշեց նա:
Կարդացեք նաև
ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշեց, որ Հայաստանում սկսվել է որակական փոփոխությունների մի գործընթաց, որի մի մասն է միայն նոր խորհրդարանի ձեւավորումը: Այս գործընթացում ՀՅԴ-ի դերը առանցքային է եղել: Ռուստամյանը հիշեցրեց, թե Ընտրական օրենսգրքի շուրջ ինչ աննախադեպ համաձայնություն ձեռք բերվեց քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության միջեւ: Ռուստամյանը եւս կարեւորեց, որ ընտրողը գիտակցի իր քվեի ուժը՝ մանավանդ, երբ երկրում կառավարման համակարգ է փոխվել:
ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը նկատեց, որ թեեւ այս փուլում դժվար թե բոլորը կգիտակցեն իրենց քվեի ուժը, բայց այլեւս հստակ է, որ հնարավոր է նոր որակի իշխանություն ձեւավորել:
Դաշնակցության ներկայացուցիչները ընդգծեցին նաեւ, որ սուտ խոստումներ չեն տվել, անբոխավարություն չեն արել, ե՛ ւ ընդդիմություն, ե՛ ւ իշխանություն եղած ժամանակ իրենց սկզբունքները չեն փոխվել:
Կողմերը նաեւ մտքեր փոխանակեցին վերջերս դպրոցի տնօրենների կողմից քարոզչություն իրականացնելու աղմուկ հանած դեպքի, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի առաջ քաշած «խաղաղություն» ծրագրի եւ Դաշնակցության հետագա անելիքների վերաբերյալ:
ՀՅԴ Նախընտրական շտաբ