Մարտի 27-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպեց Ռումինիայի ԱԳ նախարար Թեոդոր Մելեշկանուի հետ: Հանդիպման սկզբում դեսպան Գասպարյանը նախարարին փոխանցեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի բարեկամական ողջույնները:
Զրույցի ընթացքում երկուստեք պատրաստակամություն հայտնվեց խորացնել կապերը բոլոր հնարավոր ոլորտներում` շեշտը դնելով պաշտոնական փոխշփումների ակտիվացման միջոցով քաղաքական երկխոսության ծավալման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման, միջխորհրդարանական կապերի աշխուժացման, գիտակրթական և մշակութային ծրագրերի խթանման, ապակենտրոնացված մակարդակով համագործակցության զարգացման վրա, որոնց համար նպաստավոր պայմաններ կարող է ընձեռել վերջերս նախաստորագրված Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը:
Նախարար Թեոդոր Մելեշկանուն գոհունակությամբ նշեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության փաստը, ինչպես նաև ընդծգեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում Հայաստանի հաջողությունները:
Նախարար Մելեշկանուն և դեսպան Գասպարյանը քննարկեցին հայ-ռումինական ընթացիկ օրակարգի մի շարք հարցեր:
Կարդացեք նաև
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությանը, ինչպես նաև մերձավորարևելյան ճգնաժամին և դրա քաղաքական ու հումանիտար հետևանքների հաղթահարմանը:
ՀՀ ԱԳՆ