ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Երևան քաղաքի դեղատներից մեկից դրամարկղը բացահայտ հափշտակած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. մարտի 3-ին՝ ժամը 21:56-ին, առերևույթ հանցագործություն կատարած անձը բաց դռնից մուտք է գործել Երևան քաղաքի Թումանյան 11/41 հասցեում գործող դեղատուն և, դեղագործի կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, բացահայտ հափշտակել է դեղատան դրամարկղը, ապա՝ դիմել փախուստի։ Նախնական տվյալներով՝ դրամարկղում եղել է մոտ 850.000 ՀՀ դրամ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով:
Կարդացեք նաև
Նախաքննության ընթացքում ստացվել են դեղատանը տեղակայված տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութում երևում է, թե ինչպես է մի տղամարդ մուտք գործում դեղատուն, բռնություն գործադրելով աշխատակցուհու նկատմամբ՝ վերցնում դրամարկղը և հեռանում:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով շարունակվում են միջոցներ ձեռնարկվել՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք տեսանյութում պատկերված տղամարդուն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, իսկ ովքեր ճանաչում են նրան կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին