Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախից հնչեց ձայնը, որ պետությունը ես եմ. այս ի՞նչ հեքիաթներ են ասում». Րաֆֆի Հովհաննիսյանը` Սերժ Սարգսյանի հայտարարության մասին

Մարտ 27,2017 18:50

«Ապրիլի 2-ը` մեր նահատակների հիշատակի օրը, որ իրենք մերժեցին փոխել, դառնալու է շրջադարձ մեր պատմության մեջ»,- Արտաշատում հայտարարեց Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում գտնվող, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Արտաշատում քարոզչական հանդիպման ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը, հիշեցնելով, այն, որ նախագահական ընտրությունների ժամանակ էլ ծաղրում էին, թե տասը հոգով են քարոզարշավ անում, բայց, միևնույն է, իրենց հաջողվել է հաղթանակ գրանցել. «Տեսանք` վեջին օրը հայ ժողովուրդը սուսուփուս իր գործն արեց: Մենք շատ մոտիկ եկանք հաղթանակի»:

Անդրադառնալով աղմկահարույց ձայնագրություններին` պարոն Հովհաննիսյանն ասաց, եթե անգամ ամոթը կորցրած 1000 հոգու էլ ներգրավեն այդ գործընթացի մեջ, միևնույն է, թույլ չեն տալու կեղծել այս ընտրությունները և կոտրելու են վախի մթնոլորտը:

Նա վստահեցրեց, թե դաշինքն ամեն ինչ անելու է երկրի համաչափ զարգացման համար, որ իշխանությունը կիսի պատասխանատվությունը, որ գյուղացին միայնակ չկրի բեռը:

Դառնալով արտաքին քաղաքականության ոլորտում իրենց ծրագրերին`պարոն Հովհաննիսյանը հայտարարեց. «Արտաքին քաղաքականության մեջ երբեք հաջողության չենք հասնի, եթե մեր գլուխը ծուռ է և ստրկամիտ ենք սեփական երկրում: Հաղթահարելով սպառնալիքը, լծակը, փողը, աթոռի առաջարկը` միայն այդ դեպքում կունենանք ապահով սահման և բարեկեցիկ պետություն: Միայն այդ դեպքում կունենանք հավասարը հավասարի հարաբերություններ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Իրանի և աշխարհի մեծերի հետ: Միայն այդ դեպքում կունենանք ձեր առջև հաշվետու հավաքական»:

Դառնալով ՀՀԿ-ին և կուսակցապետությանը` Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրողներին հավաստիացրեց. «Թագավորների ժամն անցել է: Մեր պատմությանն է պատկանում թագավորների ժամը, դիկտատորների, կուսակցապետության պահը: Ժամանակն է, որ ՀՀԿ-ն դուրս գա անօրինության, ընտրակեղծիքի, գողության խարանից և դառնա պարկեշտ փոքրամասնություն ՀՀ-ում»:

«Ժառանգության» առաջնորդը, ակնարկելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Արցախում, ասաց. «Մի քանի օր առաջ Արցախից հնչեց ձայնը, որ, ահա, պետությունը ես եմ, ես չլինեմ, չկա անվտանգություն, կայունություն: Այս ի՞նչ հեքիաթներ են ասում: Միշտ գործող նախագահները` որպես թեկնածուներ, այդ հեքիաթներն են իջեցնում: Այդ ի՞նչ անարգանք, հարգանքի բացարձակ բացակայություն շարքային քաղաքացու և իր ընտրողի նկատմամբ: Ասում է, որ ես չկամ, չկա երկիր, ամոթ այդ բառն արտասանողին»:

Ամփոփելով Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ապրիլի 2-ին պիտի ընտրություն կատարենք կուսակցապետության հարատևման կամ վերջապես Հայաստանի վերածնունդի միջև:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031