Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Սարոյանը ընտրակաշա՞ռք է բաժանում

Մարտ 27,2017 18:44

«Ես ինչ իմանամ, ինձ հետաքրքիր ա՞, ով ինչ ա անում»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արմավիրի մարզում ՀՀԿ-ի տարածքային ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Հրանտ Գրիգորյանը:

Հիշեցնենք, այս տարածքում ՀՀԿ-ի տարածքային ցուցակով առաջադրվել են նաեւ գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը (Շմայս), Նահապետ Գեւորգյանը (Նովո) եւ ՄԱՊ ընկերության սեփականատեր Ալեքսան Պետրոսյանը: Խոսակցություններ կան, որ ՀՀԿ-ի թեկնածուները միմյանց հետ պայմանավորվել են եւ մեկը մյուսի, այսպես ասած, տարածք չի մտնելու: Յուրաքանչյուրը փորձելու շահել ընտրողի սիրտը իր եւ ՀՀԿ-ի համար, այն տարածքներում, որտեղ ինքը բնակվում է եւ առավել ազդեցություն ունի: Մեր տեղեկություններով, սակայն, Սեյրան Սարոյանը վերջին օրերին ոտնձգություններ է նում Հրանտ Գրիգորյանը «տարածքների» նկատմամբ:

Հրանտ Գրիգորյանը բնակվում է Արշալույս գյուղում: Նախկինում Հրանտ Գրիգորյանն ընտրվում էր մեծամասնական ընտրակարգով`Էջմիածին քաղաքի հարակից գյուղերը ներառող ընտրատարածքից: Էջմիածին քաղաքը, Զվարթնոց թաղամասը եւ որոշ այլ գյուղեր, այլ ընտրատարածքի մեջ էին մտնում: Այժմ, խոշորացման հետեւանքով, ամբողջ մարզը մեկ ընտրատարածք է:

Մեր տեղեկություններով Սեյրան Սարոյանի թիմակիցները մտնում են Էջմիածնին հարակից գյուղերի բնակիչների տները եւ տասը հազար դրամ առաջարկում`մեկ ձայնի դիմաց:

Արդեն երկու օր է, Aravot.am-ը փորձում է Սեյրան Սարոյանի մեկնաբանությունները ստանալ: Վերջինս համառորեն չի արձագանքում մեր զանգերին: Նրա հեռախոսին պատասխանող տղան անընդհատ ասում է, որ Սեյրան Սարոյանը զբաղված է ու չի կարող հեռախոսին պատասխանել:

Իսկ մեր դիտարկումից, որ փաստորեն, ՀՀԿ-ական թեկնածուները  պայմանավորվածությունները խախտվում են, Հրանտ Գրիգորյանը վրդովվեց եւ այսպես արձագանքեց. «50 թեկնածու են, սաղ էլ գնացել հանդիպում են արել, ի՞նչ պայմանավորվածություն»:

Ի դեպ, Սեյրան Սարոյանի անունը շոշափվում է մեկ այլ աղմկահարույց պատմության մեջ էլ: Խոսքը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի տարածած ձայնագրության մասին է, ըստ որի դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենները ձայներ են հավաքագրում ՀՀԿ-ական թեկնածուների համար: Այս առիթով Սեյրան Սարոյանի մեկնաբանությունները եվս չի հաջողվում ստանալ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031