ՀՀԿ տարածքային ցուցակով թիվ 9 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հումորով է վերաբերվում այն ձայնագրությանը, ըստ որի՝ «Վաղարշապատում մարդիկ իր համար ձայներ են հավաքում»:
Հիշեցնենք, խոսքը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հրապարակած ձայնագրությունների մասին է, ըստ որոնց, դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենները իշխող ՀՀԿ-ի համար ձայներ են ապահովում: Դրանցից մեկում նշվում է նաեւ Վահրամ Բաղդասարյանի անունը:
«Ես ուրախացել եմ, որ ամբողջ հանրապետությունում, ուրեմն, մարդիկ ճանաչված են, որ Վաղարշապատում, կարող է նաեւ Զանգեզուրում ձայներ տան: Ես ի՞նչ կապ ունեմ Վաղարշապատի հետ»,- ասաց մեր զրուցակիցը:
Դիտարկմանը, որ իրականում նման խնդիր միշտ էլ եղել է ու տնօրենները մշտապես իշխող կուսակցության համար են աշխատել, հիմա նաեւ փաստացի ապացույցներ կան, Վահրամ Բաղդասարյանը հակադարձեց. «Փաստացի ապացուցվեց, որ Վաղարշապատն ինձ համար ձա՞յն է հավաքում: Եթե այդ ձայները պիտի հաշվեք իմ ռեյտինգայինին, ես համաձայն եմ»:
Կարդացեք նաև
Ապա հավելեց. «Դա աբսուրդին մոտ է ես ի՞նչը մեկնաբանեմ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ