Այսօր Aravot.am-ը Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրեց՝ կարծիք կա, որ Ռոբերտ Քոչարյանն այս ընտրություններին երկու ֆրոնտով է խաղում, մեկը ձեր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն է, որեւէ կերպ նա կամ այլ մութ ուժեր առնչություն ունե՞ն ձեր դաշինքի հետ:
Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես չեմ կարող հաստատել, կարող եմ հերքել, որ որեւէ նախկին կամ գործող նախագահ մեզ հետ կապ չունի: Մենք ինքնուրույն, անկախ ուժ ենք եւ ամենատարբեր հետագիծ ունեցող մարդիկ եկել են ի մի, որպեսզի հարց լուծեն: Ես ասում եմ, որ նման որեւէ նախագահի կամ որեւէ այսպես մութ կամ դրսի լուսավոր ուժի հետ կապ չունենք»:
Մեր դիտարկմանը, որ ամեն դեպքում քոչարյանական թիմն է ձեր դաշինքում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Դա ձեր ենթադրության ոլորտում է: Ես չգիտեմ, այս տարիների կամ կոնկրետ վերջին ամիսների ընթացքում որեւէ բան չեմ նկատել, որը հիմք կտա դրական պատասխանել ձեր հարցին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ