Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Ազգային ինքնորոշում միավորումն (ԱԻՄ) ու Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցությունը (ՀՄԿԿ) չեն պատրաստվում ընտրությունները բոյկոտելու ցանկություն հայտնած քաղաքացիների պահանջն անպատասխան թողնել: Սակայն կոչ են անում, ոչ թե չգնալ ընտրատեղամասեր, այլ` գնալ ու քվեաթերթիկների վրա այնպիսի գրառումներ անել, որպեսզի դրանք անվավեր ճանաչվեն: Այս մասին այսօր Դեմկուսի գրասենյակում հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը` ասելով, որ այդ պահին էլ մինչ ինքը ելույթ է ունենում, իր գործընկեր երկու կուսակցության ղեկավարները քննարկումները շարունակում են` ինչպես անեն, որ այս կոչը ճիշտ տեղ հասցնեն քաղաքացիներին, քանի որ ընտրատեղամասեր չգնալու եւ ընդհանրապես չքվեարկելու դեպքում շահեկան վիճակում կհայտնվեն իշխանական ուժերը:
Ինչպես պարոն Հայրիկյանն ասաց, իրենց եռյակը պատրաստվում է մարտի 30-ին Օպերայի հրապարակում հանրահավաք անցկացնել, որի ժամանակ էլ կհրապարակեն վերջնական դիրքորոշումը. «Խոսքը վերաբերում է ոչ թե ընտրություններն ընդհանրապես անտեսելուն, այլ` ապագայի համար հող նախապատրաստելուն: Մենք այս հարցում համակարծիք ենք եւ շատ լավ հասկանում ենք, որ դեռ ապրիլի 2-ից սկսած ակնհայտ կդառնա այս իրավիճակի, ոչ միան հակասահմանադրականությունն այլ` անհեթեթությունն ընդհանրապես»:
Անդրադառնալով օրերս աղմուկ բարձրացրած դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների ձայնագրություններին, Պարույր Հայրիկյանին հարցրինք, թե ինչպես է գնահատում այն հանգամանքը, որ հատկապես սերունդ կրթող խավն է լծված այդ գործին:
Պարույր Հայրիկյանն ասաց. «Իշխանական լծակների նվազագույն շահարկումը, էլ չեմ ասում չարաշահումը, համարվում է անթույլատրելի: Եվրոպական երկրներից մեկում նախարարը ընդամենը հեռախոսն է օգտագործել մի քանի զանգ կատարելու համար եւ դրա պատճառով դուրս է մնացել ցուցակից: Սա պետք է համարել լուրջ խախտում: Հարյուրավոր մարդկանց վրա իշխանական լծակներով ազդեցություն գործելու մասին է խոսքը»:
Կարդացեք նաև
Ըստ նրա, բոլոր մեծ մտածողները կարեւորագույն խնդիրը համարում են սերնդի դաստիարակությունը եւ եթե այդ սերունդը դաստիարակվում է այսպիսի բարոյահոգեբանական մթնոլորտում, ապա այդ սերունդը որեւէ լավ բան ինքն իր համար չի կարող կերտել:
ԱԻՄ նախագահն ասաց, որ այս հարցում իրենք պիտի «շատ հետեւողական լինեն»:
Aravot.am-ի հարցին, թե այդ միջադե՞պն էր պատճառը, որ իրենց եռյակը որոշեց քաղաքացիներին` ընտրությունները անվավեր դարձնելու կոչեր անել, Պարույր Հայրիկյանը պատասխանեց, որ հենց առաջին պահից խոսել են այն մասին, որ կեղծված Սահմանադրության պայմաններում չի կարելի ընտրություն անցկացնել. «Որովհետեւ, եթե հիմնական օրենքդ խախտված է, նշանակում է ամեն ինչ երկրում խախտված է, իհարկե դրան ավելացան ընտրակաշառքները խոստումները, իշխանական լծակների օգտագործումը: այդ ամենը իրենց դերակատարումն ունեցան»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Սովետի վախտը բանտերը մտար, յանուն Ժողովրդավարութեան, հիմա ել այսպիսի կոչ ես ուղում քուէներ մսխելու, քուէարկութեան առիթ խափանելու…
յաջորդ քայլն ալ անշուշտ ընտրութեան յաղթող կողմը այպանել է խարդախութեամբ… մինչ ուզում ես որ քեզ լսողները դատարկ քուէներ տան…
Աբսուրտի Թատրոն