Լրահոս
Օրվա լրահոսը

Սարի թաղի ցուցարար Հրաչյա Բոյաջյանի խափանման միջոցը չի փոխվի. դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը

Մարտ 27,2017 17:18

Այսօր՝ 2017 թ. մարտի 27-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Սարի թաղի ցույցի մասնակից Հրաչյա Բոյաջյանի, Արման Ադամյանի և Ժորա Ավետիսյանի գործով դատական նիստ:

Հիշեցնենք՝ այս գործով դատական նիստերը անընդհատ հետաձգվում էին դատավարության կողմերի բացակայության պատճառով:

Այսօր կայացած նիստի ընթացքում դատարանը քննարկեց Հրաչյա Բոյաջյանի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի միջնորդությունը՝ Հր. Բոյաջյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինելու և այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու մասին:

Նշենք, որ ներկայացված միջնորդությամբ պաշտպանը հիմնավորումներ էր ներկայացվել Հր. Բոյաջյանի անձնական ազատության իրավունքի սահմանափակման և վերջինիս գործողություններին ոչ ճիշտ և անհիմն իրավական գնահատական տալու վերաբերյալ:

Հատկանշական է, որ ոչ ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներով, ոչ էլ դատարան ներկայացված ապացույցներով չի հիմնավորվում Հր. Բոյաջյանի գործողությունների առնչությունը վերագրվող հանցանքի դեպքին, այն է՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը ծառայողական պարտականությունները կատարելիս: Ինչպիսի պայմաններում կալանավորումը օրինական և հիմնավորված չի կարող համարվել:

Միջնորդությամբ հիմնավորումներ էին ներկայացվել նաև այն մասին, որ ցուցարարները, այդ թվում և Հրաչյա Բոյաջյանը, բողոքի ակցիա են իրականացրել՝ դժգոհություն արտահայտելով իրենց թաղամասում գազամատակարարման, ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի մատակարարման և երթուղային տրանսպորտի աշխատանքը դադարեցնելու առնչությամբ: Այդ ընթացքում ոստիկանները փորձել են իրենց ամրակցված զենքերով վախի մթնոլորտ ստեղծել ցուցարարների շրջանում, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, ինչն էլ զայրացրել է ցուցարարներին, և նրանք վիրավորված սկսել են քարեր նետել ոստիկանների ուղղությամբ, միևնույն ժամանակ՝ Հր. Բոյաջյանը, ունենալով հսկիչ անցագրային կետով հսկվող տարածք մուտք գործելու հնարավորություն, մուտք չի գործել այնտեղ և հեռացել է: Դրանից հետևում է, որ նրա գործողությունները չեն առնչվել իշխանության ներկայացուցիչների կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելուն, հետևաբար՝ դրանցում բացակայում են ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ) նախատեսված հանցակազմի հատկանիշները:

Չնայած միջնորդությամբ ներկայացված հիմնավորումներին՝ դատարանը մերժեց այն:

Արման Ադամյանի և Ժորա Ավետիսյանի պաշտպանների միջնորդությամբ դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2017 թ. ապրիլի 12-ին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031