Մարտի 26-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացումը, միջխորհրդարանական համագործակցության խորացումը եւ միջազգային հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների համակարգված աշխատանքը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մասնավորապես նշել է. «Այս տարի ապրիլի 3-ին լրանում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այս տարիների ընթացքում երկկողմ հարաբերություններում արձանագրվել են բազում հաջողություններ, որոնցում առանձնակի դերակատարում ունի նաեւ երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությունը»:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Որպես ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար՝ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է. «Մենք գտնում ենք, որ բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով եւ այդ առումով դրական ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, այդ թվում Ռուսաստանի ջանքերը՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Միեւնույն ժամանակ դատապարտելի ենք համարում Ադրբեջանի ապակառուցողական գործողությունները, որոնք հակասում են թե՛ հայտնի 3 սկզբունքներին եւ թե՛ 2016 թվականի հոկտեմբերի 14-ին ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների հայտարարությունների ոգուն: Նման ապակառուցողական քաղաքականությունը չպետք է անարձագանք մնա ՀԱՊԿ ԽՎ-ի պատգամավորների կողմից»:
Կարդացեք նաև
Կողմերն անդրադարձել են նաեւ ԵԱՏՄ շրջանակում համագործակցության ընդլայնման հեռանկարներին:
Վյաչեսլավ Վոլոդինն իր հերթին կարեւորել է բարեկամ երկու երկրների եւ ժողովուրդների դաշնակցային հարաբերությունների զարգացումը եւ այդ համատեքստում ընդգծել հայ եւ ռուս խորհրդարանականների առավել սերտ շփումները: Պարոն Վոլոդինը համոզմունք է հայտնել, որ ՀԱՊԿ անդամ երկրների պատգամավորները եւ հայ ու ռուս խորհրդարանականները՝ որպես դաշնակիցներ, պետք է միմյանց աջակցեն միջազգային կառույցներում:
Կողմերն անդրադարձել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն