Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է «Առավոտի» «Ոստիկանական մեքենաներից բացի վարչապետին ուղեկցում էին նաև հրշեջ ծառայության մեքենաները» հրապարակմանը:
Հիշեցնենք, որ այդ հրապարակման մեջ մասնավորապես նշել էինք
«Շիրակի մարզ քարոզարշավի եկած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ու նրա թիմակիցներին Աշոցքում ու Ամասիայում, ինչպես նաև Գյումրու Թատերական հրապարակում ոստիկանական մեքենաներից բացի ուղեկցում էին նաև հրշեջ ծառայության մեքենաները։ Ավելին, այս ծառայության աշխատակիցները՝ համազգեստները հագած, երեք տեղանքներում էլ ոստիկանների հետ հավասար մի մարդու պես կանգնած սպասում ու ճանապարհում էին կառավարության ղեկավարին»:
ԱԻՆ-ից մեզ տրամադրված պարզաբանման մեջ նշվում է. «ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարական ուժերը հերթապահություն են իրականացնում բոլոր այն վայրերում, որտեղ կան մարդկանց մեծ քանակությամբ հանրահավաքներ, ժողովներ: Նման հերթապահություններ իրականացվում են նաև այլ քաղաքական ուժերի հանրահավաքների ժամանակ, ինչպես նաև՝ hերթապահությունը կարող է իրականացվել հավաքները կազմակերպող ուժի, կառույցի դիմում-խնդրանքով»: