Երեւանի մամուլի ակումբում Հայաստանի ԶԼՄ-ներում, հեռարձակվող ԶԼՄ-ներում Ազգային ժողովի 2017 թվականի ընտրությունների լուսաբանման մշտադիտարկում է իրականացնում: ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը մարտի 27-ին լրագրողների ներկայացրեց միջանկյալ հաշվետվությունը՝ փետրվարի 15-մարտի 4, մարտի 5-18 ժամանակահատվածների համար:
Հետազոտվել են 5 հեռուստաալիքներ՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, «Արմենիա», «Շանթ», «Երկիր մեդիա», «Կենտրոն»: Բորիս Նավասարդյանը նշեց, որ փետրվարի 15-մարտի 4-ը ընկած ժամանակահատվածում արձանագրել են 31 էթիկայի խախտում. «31 խախտումներից 21-ը հենց «Կենտրոն»-ով էր, եւ այդ 21-ը «Ազատ դեմոկրատներ»-«Ծառուկյան դաշինք հակասությունների վերաբերյալ էր»:
Բորիս Նավասարդյանը փետրվարի 15-մարտի 4-ը ժամանակահատվածի համար հետազոտվող հեռուստաալիքները 3 խմբի բաժանեց. ««Կենտրոնը» եւ «Երկիր մեդիան», որոնք արդեն մտել էին ընտրապայքարի մեջ, եւ եթերային ժամանակ են տրամադրում ընտրությունների հետ կապված թեմաներին, եւ ամեն ինչով զգացվում է, որ իրենք մտել են: Երկու հեռուստաընկերություններ՝ «Հ1» եւ «Արմենիա», այդ նույն ժամանակահատվածում դեռ չեն մտել, հիմնականում իրենց սովորական եթերն են ապահովում եւ այն ծավալը, որը նվիրված է թեկնածուներին, այն հյուրերը, որոնք հրավիրվում են, թեեւ այդ երկու հեռուստաալիքներում համեմատաբար քիչ են այդ ձեւաչափի հաղորդումները՝ համեմատաբար «Կենտրոնի» եւ «Երկիր մեդիայի» հետ, եւ այդ հյուրերի մեջ շատ քիչ են թեկնածուները: «Շանթը» մեջտեղում է գտնվում՝ ավելի ակտիվ է, քան մինչեւ փետրվարի 15-ը, բավականին շատ հյուրեր կան, բայց կեսից քիչ են այն հյուրերը, որոնք ներկայացնում են ընտրություններին մասնակցող այս կամ այն քաղաքական ուժը: Ամեն ինչ փոխվել է մարտի 5-ից հետո, երբ բոլոր 5-ը սկսել են նախընտրական շրջանին հատուկ լուսաբանումը»:
Հարցին, թե ո՞ր ուժերն են առավել ակտիվ լուսաբանվել, Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Եթե վերցնենք մարտի 5-մարտի 18-ը ժամանակահատվածը, ապա ավելի ակտիվ լուսաբանվել են «Ծառուկյան» դաշինքը եւ Հանրապետական կուսակցությունը: Եթե Հանրապետական կուսակցությունը մոտավորապես հավասարաչափ է լուսաբանվել տարբեր լրատվամիջոցներում, «Ծառուկյան» դաշինքի առավելությունը հիմնականում «Կենտրոնի» հաշվին է: Ավելի քիչ են լուսաբանվել Կոմունիստական կուսակցությունը, Ազատ դեմոկրատները»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ