Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին նախագահն ասում է՝ դուք ընտրված եք եւ դավաճան չեք, կարող են իրենք իրար լեգիտիմացնեն». Րաֆֆի Հովհաննիսյան

Մարտ 27,2017 15:09

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում խոսելով ԼՂՀ հարցի բանակցությունների մասին՝ ասել էր, որ ինձանից հետո եկած իշխանությունը՝ Քոչարյանը, Վարդան Օսկանյանը ԼՂ հարցի լուծման ավելի վատ տարբերակ են առաջ քաշել: Այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի ակումբում հրավիրած ասուլիսում այս մասին հարցին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Օսկանյանը պատասխանեց. «Միակ տարբերակը, որի մասին կարող եմ խոսել, այն է, որտեղ ամրագրվել է ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ առաջին անգամ մեր 25 տարվա պատմության մեջ: Դա է իմ ձեռքբերումը, մեր իշխանության ձեռքբերումը, այնպես որ, այլ բան չունեմ ես ասելու: Արդեն ժողովուրդը ինքը պետք է գնահատական տա»:

Հարցին՝ դուք տեսնում եք ԼՂՀ հակամարտության մոտալուտ հանգուցալուծում եւ Հայաստանն ու ԼՂՀ-ն ինչ կարող են շահել, ինչպես են դուրս գալու դրանից՝ Վարդան Օսկանյանը պատասխանեց, որ ժամկետներ չի կարող ասել, բայց հնարավոր է հասնել արդեն 25 տարի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշված լինելու փաստի միջազգային ճանաչմանը: Նա ասաց, որ 97-ին, երբ ոչ ոք չէր ուզում լսել ինքնորոշման իրավունքի մասին, այդ օրերին էլ նման հայտարարություն է արել, որ հնարավոր է հասնել դրա միջազգային ճանաչմանը եւ դրա համար նման վստահություն ունի:

Սերժ Սարգսյանը Արցախում հայտարարել էր, որ Հայաստանին սպառնացող անվտանգության հարցը կարող է լուծել միայն ինքն ու ՀՀԿ-ն, մնացած բոլորի խոստումները, հայտարարությունները այս էտապում պոպուլիզմ են, հեքիաթ են: Այս առնչությամբ լրագրողների հարցին Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Քանի որ այսօր սահմանադրորեն մեզ վերապահված իրավունքի շրջանակներում մենք գնում ենք նոր իշխանություն ձեւավորելու, ըստ էության, նաեւ ապացուցում ենք, որ իշխանությունը պետք է փոխվի, որովհետեւ երկար տարիներ իշխանության ղեկին գտնվող համակարգը լճանում է, նրանց թվում է, թե միայն իրենք են ճիշտ, վատ բաները չեն տեսնում եւ դրա արդյունքում երկիրը գտնվում է այս իրավիճակում: Դա խոսում է նրա մասին, որ այսօր իշխանության եկած ցանկացած ուժ Հայաստանի անվտանգության հարցը կարող է լուծել: Դա արդյունք է ռազմական անվտանգության ոլորտի բարվոք վիճակի: Հայկական բանակը կայացած կառույց է եւ ոչ ոք չի կարող ասել, որ ինքն է ձեւավորել Հայկական բանակը, կամ զրոյից ինքն է սարքել, ինչպես ասվել է մերթընդմերթ: Մենք բոլորս մեր դերակատարումն ունենք: Ես ինքս հպարտանում եմ, որ երկար տարիներ եղել եմ բանակի ղեկին եւ իմ գործընկերների սկսածը շարունակել եմ իմ ծառայակից, գաղափարակից ընկերների հետ, շատ բաներ եմ արել, ընդ որում նաեւ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նոր միջոցների ձեռքբերման առումով»:

Նա հիշեցեց, որ բանակը պետք է չեզոք լինի, ապաքաղաքական կառույց պետք է լինի եւ թողնեն, որ զինվորն ինքը որոշում ընդունի, ոչ թե նրան պարտադրեն. «Անփոխարինելի մարդիկ եւ համակարգեր չեն լինում»:

Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հիշեցրեց, որ 95-ից այս կողմ եղած բոլոր նախագահներն էլ հայտարարել են, որ եթե ես չլինեմ, անվտանգություն չի լինի մեր երկրում, միայն ես եմ, որ կամ. «Այդ տղայական նեղմիտ մտայնությունը հասել է գագաթնակետին այս իշխանության, այս կուսակցապետության օրոք եւ երկու օր առաջ պարոն Սարգսյանը նման արտահայտություն է թույլ տվել, որն արտացոլում է ոչ միայն իր եւ իր կուսակցության՝ օրենքից դուրս լինելու հանգամանքը, այլ զուտ տղայական եսասիրությունը՝ իր ժողովրդի հանդեպ»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի պարտականությունն է նաեւ իր ժողովրդի համար ստեղծել այլընտրանքներ, որ ժողովուրդը կարողանա ընտրել, ոչ թե կանգնել ժողովրդի առաջ եւ այն էլ Արցախում եւ ասել, որ ինձ այլընտրանք չկա. «Այս կեղծ ինքնավստահությունն է, որ բերում է նաեւ մեր արտաքին դիրքերի խարխլմանը, բերում է բանակցային սեղանի վրա գտնվող փաստաթղթի ընդունմանը՝ այս իշխանության կողմից: Այս իշխանությունը հրճվում է, որ առաջին նախագահն ասում է՝ դուք ընտրված եք եւ դավաճան չեք, որ գնում եք այս փաստաթղթով: Բայց այդպես չէ: Կարող են իրենք իրար լեգիտիմացնեն, այդ տեսակետը գոյություն ունի, բայց այդ կեղծ ինքնավստահությունը բերում է նրան, որ իր իշխանության օրոք քաղբանտարկյալները նստում են մինչեւ հիմա, նույն Սարի թաղի տղերքը, Վոլոդյա Ավետիսյանից սկսած՝ մինչեւ վերջին քաղբանտարկյալները: Դրա համար արդեն այս գործընթացն օրենքից դուրս է գտնվում, արդեն կեղծվել է նախընտրական գործընթացը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031