Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր բոլորիս ձայները Հանրապետականին, միայն թե կաթի գինը բարձրացրեք էլի»․ նախկին գյուղապետը՝ վարչապետին (Տեսանյութ)

Մարտ 27,2017 14:50

Աշոցքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Շիրակի մարզի Սիզավետ գյուղի նախկին գյուղապետ Արարատ Պողոսյանը վարչապետ Կարեն Կարապետյանին ասաց․«Հարգելի Կարապետյան, բոլորն էլ գիտեն, բոլորին է հուզում, երբ 2013 թվականին կաթի գինը 150-170 դրամ էր, ժողովուրդը շատ գերազանց ապրում էր։ Էսօր անասնագլխաքանակն էլ շատացավ, բայց էսօր կաթը գին չունի, ժողովուրդը մի քիչ դժվարանում է, եթե դա լինի, մեր ժողովուրդը գերազանց կապրի։ Մենք միշտ ձեր կողքին ենք, ձեր կուսակցության հետ, մենք բոլորս էլ ընտրում ենք Հանրապետական կուսակցության թեկնածուներին՝ պարոն Ցոլակյանին և բոլորին», -ասաց նախկին գյուղապետը։

Վարչապետը նրանից հետաքրքրվեց․ «Հիմա դուք ինձանից ի՞նչ եք ակնկալում, որ վաղը հրաման ստորագրեմ, թե կաթի գինը 150 դրա՞մ է»։ Նախկին գյուղապետը շարունակեց․«Իրացման շուկա թող լինի, դուրս գա, կգնեն կաթը»։

Վարչապետը Աշոցքի գյուղապետից հետաքրքրվեց, թե ունե՞ն հինգ տարվա զարգացման ծրագիր ու եթե տարածքում կաթի գործարան տեղադրվի, կաշխատի՞: Վարչապետն իրեն հարց ուղղող նախկին գյուղապետից հետաքրքրվեց, թե տեսե՞լ է համայնքի զարգացման ծրագիրը, վերջինս շնչակտուր ասաց․«Շատ լավն է, գերազանց է, ձեր ծրագրերն էլ կարդացել ենք գյուղատնտեսական հարցերով, պարոն Կարապետյան, գերազանց է»։ Վարչապետն ասաց․«Չես թողնում, որ խոսեմ, հիմա էնքան ես գովալու․․»։

Կարեն Կարապետյանն ասաց, որ ինքը կարող է գների վրա ազդել միջավայր փոխելով։

Դահլիճում նստած մի ծերունի էլ ասաց, որ Կարեն Կարապետյանն առաջին վարչապետն է, որն այցելել է Աշոցք։ «Երկու հեկտար հողով գյուղացին ո՞նց ապրի։ Այնպես արեք՝ ժողովուրդն ապրի ու գիտենա, որ ունենք իրոք անկախ Հայաստան և իրոք ապրում ենք անկախ Հայաստանում, որը պահանջում է մարդկայնությունը։ Մենք օրեցօր հետ ենք գնում, ինչի՞ց է»։ «Հարցդ տուր, հայրիկ, որ պատասխանեմ»,- ասաց վարչապետը։

Հայրիկն՝ ի պատասխան ասաց, որ իզուր են հանում ու նշանակում գյուղնախարարներին, քանի որ «գումարելիների տեղափոխումից գումարը չի փոխվում»։ «Պիտի աշխատեք»,- ասաց ծերունի, վարչապետն էլ պատասխանեց․ «էդ էլ անում եմ, հայրիկ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031