ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը երեկ Գյումրու Թատերական հրապարակում հայտարարեց, որ այս տարվա ընթացքում նախատեսված է շուրջ 2 միլիոն դոլարի ներդրումներ անել միայն մշակույթի նախարարությունում, որից ուղիղ կեսը՝ 1 միլիոն դոլարը կուղղորդվի Գյումրու Գորկու այգում գտնվող «Մեր մանկության տանգոյի» կամ «Վառեմ, մարեմ» անունն ունեցող պատմամշակութային շենքի վերականգման համար։
Նշենք, որ գյումրեցիների մոտ կարոտախտ առաջացնող այս թանկարժեք շենքը փլուզվում է, յուրաքանչյուր ոք չի կարող անտարբեր անցնել այն բակի, շքամուտքի մոտով, որտեղ հնչել են Ֆրունզիկ Մկրտչյանի, Գալյա Նովենցի, Ազատ Գասպարյանի զրնգուն ձայները։
Հիշեցնենք, որ Գորկու այգում «Կումայրի» արգելոցի մեջ գտնվող պատմա-ճարտարապետական թանկարժեք շենքերը տարիներ շարունակ անտերության են մատնված, նույնիսկ երբ քաղաք տուրիստներ են գալիս ու հիացած ուզում են անպայման նկարվել կյանքի համար թեկուզ և վտանգավոր այդ շենքերի ֆոնին, այն դառնում է մեծ պատմություն։
Կարդացեք նաև
Երեք տարի առաջ «Վառեմ-մարեմի» շենքի հարևանությամբ գտնվող Գյումրու թատրոնի շենքը, որտեղ 1912 թվականին 1-ին անգամ բեմադրվել է Տիգրանյանի «Անուշ» օպերան, փլուզվել էր այնտեղ նկարվելու ցանկություն հայտնած Դիանա Շահբազյանի վրա։ Երևանից Գյումրու տոնին մասնակցող Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի օպերատորական բաժնի ուսանողուհուն ծանր վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց։ (Տես շենքի լուսանկարը):
Մշակույթի նախարարի ասելով, «Մեր մանկության տանգոյի» շենքում կտեղակայվի պատկերասրահի Գյումրու մասնաճյուղը։ Ու չնայած պատմական շենքերը ոչնչացման վտանգի տակ են, գյումրեցիների համար լուրջ մտահոգության, ողբի թեմա են, Արմեն Ամիրյանը վստահեցնում է, որ այդ ներդրումները «մեր կյանքը կդարձնեն ավելի գունեղ ու պայծառ»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ