Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցների տնօրենները հետ են զանգել ու բողոքել, հայ հաքերները հարձակվել են կայքի վրա. Դանիել Իոաննիսյանը՝ սպառնալիքների մասին

Մարտ 27,2017 14:35

Այսօր «Հոդված 3» ակումբում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակած 114 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների հայտնի ձայնագրության հետ կապված «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ «Ընտրական օրենսգրքի» քարոզչության վերաբերյալ դրույթները եթե նայենք, հստակ տերմին չկա, որ ցուցակագրումն արգելվում է: Բայց կան քարոզչության կանոններ եւ որոշակի արգելքներ, որոնք նախատեսված են քարոզչություն իրականացնող մարդկանց համար. «Մի քանի կարեւոր հանգամանքներ կան: Ինչն է խախտվում օրենսդրությամբ: Սուբյեկտների շրջանակ նշվեց՝ դրանք մանկավարժներն են, որոնք քարոզչության համար արգելված սուբյեկտ չեն, բայց իրենց լիազորությունն իրականացնելիս նրանք չեն կարող զբաղվել քարոզչությամբ: Կարող են ասել, որ քարոզչություն չեն իրականացրել, այլ, ինչպես ՀՀԿ-ն է ասում՝ մոբիլիզացրել են իրենց ընտրազանգվածին: Բայց կա քրեական պատասխանատվություն ընտրողի կամքի վրա ազդելու համար: Մանկավարժները, ունենալով որոշակի ծառայողական հարաբերություններ իրենց ծնողական համայնքի վրա, արդեն իսկ իրենց դիրքով ազդում են ընտրողի ազատ կամքի վրա: Ես այստեղ գտնում եմ քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ»:

Ըստ Հերիքնազ Տիգրանյանի, Ընտրական օրենսգրքում որեւէ պատասխանատվություն չկա, թե ինչ պատիժ է հասնում նրան, ով քարոզչության ընթացքում խախտումներ է թույլ տալիս: Վարչական իրավախախտումների օրենսգիրքը պատասխանատվության որեւէ միջոց չի նախատեսում:

Մեր հարցին՝ Դավիթ Հարությունյանն ասել է, որ որեւէ հիմք ՀՀԿ-ի մասնակցությունն այս ընտրություններում չեղյալ համարելու համար չկան, դուք տեսնո՞ւմ եք նման հիմք՝  Հերիքնազ Տիգրանյանը պատասխանեց. «Դավիթ Հարությունյանը կանխեց ԿԸՀ-ի ազատ դիրքորոշումը եւ կանխեց դատարան դիմելու դիրքորոշումը: Ես գտնում եմ, որ պետք չէր շտապել, դրա համար կան իրավասու մարմիններ: Չտրվեց հնարավորություն, որ իրավասու մարմինները տան այդ գնահատականը: Դավիթ Հարությունյանի՝ ժամանակից առաջ ընկնելը ուղղակի ցուցում էր ԿԸՀ-ին եւ դատարանին»:

Մեր հարցին՝ հաշվի առնելով հայաստանյան իրականությունը՝ ինչո՞վ սա կավարտվի, ինչ-որ հետեւանք կունենա՞, թե՞ դպրոցների տնօրեններին փուռը կտաք ու կանցնի, կգնա՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը պատասխանեց, որ մեծ հույսեր չունեն, որ ԿԸՀ-ն ՀՀԿ-ի մասնակցությունը չեղյալ կհամարի՝ հաշվի առնելով դառը իրականությունը. «Բայց այն, ինչ մենք պետք է անեինք՝ բացահայտել եւ ներկայացնել՝ դա արել ենք, թե ով ինչ որոշում կկայացնի՝ դա արդեն այդ մարմինների խղճին է: Այս հրապարակմամբ նաեւ շատ ուժեղ քաղաքական հարց լուծվեց: Իշխանությունները պլանավորում էին ունենալ տեղամասերում մաքուր ընտրություններ եւ վերջում մաքսիմալ շատ սուբյեկտներից ստանալ լեգիտիմության հաստատում: Սա տապալեց այդ պլանները: Դժվար կլինի խոսել, որ ընտրությունները եղել են ազատ եւ արդար»:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի գնահատմամբ՝ սա շատ մեծ հարված է: Վերջին տարիներին բազմաթիվ անգամ այս հարցերը բարձրացվել են եւ անտեսվել. «եկեք հիմա մուկ ու կատու չխաղանք, խղճանք մեր երեխաներին: Վարչապետը գնում է քարոզարշավի, ասում է՝ ինչու ինքնուրույն չեք կարողանում անել, էս արեք, էն արեք, սակայն հասարակությունը դեֆորմացվել է եւ առաջիկայում ավելի շատ խնդիրներ կունենա»:

Իոաննիսյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ձայնագրությունները հրապարակելուց հետո որեւէ ճնշում իր վրա եղե՞լ է, սպառնալիքներ՝ նա պատասխանեց. «Մի քանի տնօրեն հետ են զանգել եւ բողոքել, հաքերային հարձակում է եղել sut.am կայքի վրա: Նախկինում ՀՀ կայքերի վրա բոլոր հարձակումները ադրբեջանական հասցեներից էր, իսկ հիմա՝ հայկական IP-ներից էր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031