Նախընտրական այս շրջանում, որքան մոտենում է Ազգային ժողովի ընտրությունների օրը, այնքան պատգամավորի թեկնածուների «զինվորներն» անթաքույց են գործում եւ բացահայտ ընտրակաշառք խոստանում ու տալիս, ոմանք դրանք բարեգործությամբ քողարկված են մատուցում:
Լրատվամիջոցներում ընտրակաշառքներ առաջարկելու երեւույթների մասին մի շարք հրապարակումներ եղան, ըստ որոնց՝ թեկնածուների համար աշխատող անձինք հեռախոսազրույցներում էլ հաստատում էին, որ կհանդիպեն բնակչի հետ՝ նախապես հասցեն գրանցելով ու գումար խոստանալով:
Օրինակ` newsbook.am-ի լրագրողը հեռախոսով զրուցել էր ՀՀԿ-ի վարկանիշային թեկնածու Արտակ Սարգսյանի համար աշխատող մի կնոջ հետ, որտեղ բացահայտ սակարկվում էր ընտրակաշառքի չափը:
Մեկ այլ թեկնածու էլ՝ էլի ՀՀԿ-ից, Առաքել Մովսիսյանը (Շմայսը), Ծաղկալանջ համայնքում նախընտրական հանդիպման ժամանակ համայնքի բնակիչներին խոստանում էր փողոցն ասֆալտապատել:
Կարդացեք նաև
«Ծառուկյան» դաշինքի առաջնորդին էլ քարոզարշավի ընթացքում բնակիչները մոտենում էին օգնության խնդրանքով, մեկը՝ վիրահատության, մյուսը՝ այլ բանի, Ծառուկյանը տեղում հրահանգում էր օգնել, հարցը լուծել: Վերջին 2 թեկնածուների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախազգուշացրել է՝ նման արարքներն օրենքի խախտում են, եւ պահանջել է դադարեցնել դրանք:
Իսկ ահա Արտակ Սարգսյանի համար աշխատող կնոջ վերաբերյալ որեւէ հայտարարություն չկա: Չնայած միայն հայտարարությունով ավարտելը, կարելի է ասել, ոչինչ է, ընտրակաշառք տալը կամ վերցնելը քրեորեն պատժելի արարք է: Քրեորեն պատժելի արարք է նաեւ անձին որեւէ թեկնածուի օգտին ստիպել քվեարկելը:
Երեկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ն էլ բացահայտել էր, որ Հայաստանի տարբեր մարզերի եւ քաղաքների 114 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններ հավաքագրել են ընտրողներ՝ հօգուտ ՀՀԿ-ի ցուցակներում երեխաների ծնողներն են: Այսինքն՝ վարչական լծակն օգտագործելով՝ մարդկանց հարկադրում են քվեն տալ ՀՀԿ-ին:
Ի՞նչ ընտրախախտումներն են առավել տարածված, որի դեպքում ի՞նչ պատասխանատվություն կարող է կրել անձը՝ ներկայացնում ենք դրանց նկարագրություններն ու քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկելու հիմքերը:
«Թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, կամ ընտրություններին մասնակցելու, կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար կաշառք ստանալը, այսինքն՝ դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը». այսպիսի արարքներ կատարելու դեպքում, ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 154.2, 1-ին մասի համապատասխան, նախատեսվում է պատասխանատվություն՝ տուգանք՝ 500.000-700.000 դրամ կամ ազատազրկում՝ 1-3 տարի: Սա կիրառելի է այն անձի նկատմամբ, որը կաշառք է ստացել: Բայց կա մի «նրբություն». կաշառք ստացող անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նա մինչեւ իրավապահ մարմիններին կատարված հանցանքի մասին հայտնի դառնալը, բայց ոչ ուշ քան եռօրյա ժամկետում, կաշառք ստանալու մասին կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին եւ աջակցել հանցագործությունը բացահայտելուն:
Ի՞նչ պատասխանատվություն կարող է կրել կաշառք տվող կամ սպառնացող անձը. «Ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն, կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ իր ներկայացրած անձի (կուսակցության, կուսակցության դաշինքի) համար կաշառք տալը, այսինքն՝ դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն խոստանալը կամ տրամադրելը, քրեական օրենսգրքի հոդված 154.2, 2-րդ մասի համապատասխան, տուգանք՝ 2-2.5 միլիոն դրամ, կամ 3-5 տարի ազատազրկում»:
Քաղաքացու քվեն ստանալու ակնկալիքով բարեգործության անվան տակ, այսպես ասած, անձին լավություն անելու դեպքում նախատեսված պատասխանատվությունը սահմանվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հոդված 40.10, 1-ին մասով՝ «Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաեւ քվեարկության նախորդ եւ քվեարկության օրը թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից անձամբ կամ նրանց անունից, կամ որեւէ այլ եղանակով, կամ բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաեւ հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը), եթե դրա համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ, առաջացնում է տուգանքի նշանակում՝ 1-2 միլիոն դրամ»:
Իսկ եթե բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն է իրականացվում, ապա կրկին Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ սպառնում է 2-2.5 միլիոն դրամի տուգանք:
Նախընտրական այս շրջանում նաեւ դեպքեր են գրանցվել, երբ թեկնածուների պաստառներն են պոկել, վնասել: Նման դեպքերում, իհարկե, եթե այս արարքը կատարող անձը բացահայտվի, եւս վարչական պատասխանատվություն է նախատեսված: Օրինակ՝ «Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերում փակցված քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը՝ վարչական տուգանք՝ 50-100 հազար դրամ»:
Կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ 1-ից ավելի անգամ քվեարկել պատրաստվողներին, ուշադրություն՝ նախատեսված է քրեական պատասխանատվություն. «Կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որեւէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը՝ ազատազրկում 2-5 տարի՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որեւէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով 1-3 տարով կամ առանց դրա»:
Եթե ձեզ ստիպեն բացահայտել, թե որ թեկնածուի օգտին եք քվեարկել կամ քվեաթերթիկը ստուգեն, ապա այդ անձը ենթակա է քրեական պատասխանատվության:
Օրինակ՝ «Քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաեւ քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելն առաջացնում է պատասխանատվություն քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի համապատասխան՝ տուգանք՝ 500-700 հազար դրամ, կամ ազատազրկում՝ 2-3 տարի»:
Ինչ պատասխանատվություն է սահմանված, եթե խոչընդոտվի քաղաքացու ընտրական իրավունքը, կամ եթե խոչընդոտվեն լրատվամիջոցի, թեկնածուի լիազորված անձի եւ այլնի աշխատանքները. «Քաղաքացու ընտրական կամ հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը կամ ընտրական, կամ հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելը, ինչպես նաեւ ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի, կամ նախաձեռնող խմբի անդամի, թեկնածուի կամ նրա վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազորված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը՝ տուգանք՝ 700 հազարից մինչեւ 1 միլիոն դրամ, կամ ազատազրկում՝ 6 ամսից մինչեւ 1 տարի՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որեւէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով 1-3 տարով կամ առանց»:
Քվեարկության եւ դրան նախորդող օրը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով քարոզչություն կատարելու դեպքում սահմանված է վարչական տուգանք՝ 400-600 հազար դրամ, իսկ եթե նույն արարքը եւ կրկին վերը նշված ժամանակահատվածում է կատարվում, բայց տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների եւ հեռուստաընկերությունների (այդ թվում՝ արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով, սահմանված է վարչական տուգանք՝ 500-700 հազար դրամ:
Պատրաստեց
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԸ
Հ.Գ. Հոդվածը պատրաստելուն աջակցել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը:
«Առավոտ»
25,03.2017