«Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության անդամները ՀՀ քաղաքացիներին կոչ են անում օգտվել «Վերահսկիր ընտրությունը» գործիքից: Այն հնարավորություն է տալիս բոլոր այն քաղաքացիներին, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարող կամ չեն ցանկանում մասնակցել ընտրություններին, նախագրանցվել citizenobserver.am կայքում:
«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը խոսեց այդ գործիքի առավելությունների մասին. «Մենք կարողանալու ենք պարզել արդյոք քվեարկության չգնացած անձանց փոխարեն տեղի՞ են ունեցել քվեարկություններ: Սա մեզ հնարավորություն կտա ոչ միայն դիմել համապատասխան ընտրական հանձնաժողով, դատարան և փորձել վիճարկել ընտրությունների արդյունքները, այլև հաշվի առնելով այն հանգամանքը, որ այլ անձի փոխարեն քվեարկելը քրեական պատիժ է ենթադրում, դա թույլ կտա հաղորդում ներկայացնել հանցագործության մասին և այն մարդիկ, որոնք նման հանցանք են իրականացրել, քրեական պատասխանատվություն կրեն»:
«Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ
Արմեն Գրիգորյանը հորդորեց ուշադրություն դարձնել քվեաթերթիկների բացահայտմանը, քանի որ ստեղծել են աղբարկղ, դա հնարավորություն կտա քվեաթերթիկներ դուրս հանել: Ըստ Արմեն Գրիգորյանի՝ պետք է ուշադիր լինել այն կուսակցությունների շտաբներին, որոնք հայտնի է դարձել, որ ընտրակաշառք են բաժանում:
Պարոն Գրիգորյանը մտահոգություն ունի, որ իրական դիտորդները հնարավոր է չկարողանան մասնակցել ընտրությունների դիտարկմանը: Նա պարզաբանեց. «Մեր՝ շուրջ 3200 դիտորդները ներկա կլինեն 1600 ընտրատեղամասերում: Այսինքն՝ ընտրողների 95 տոկոսի ձայների վերահսկողության տակ են գտնվելու: Մեր դիտորդների 10 տոկոսը լինելու են սփյուռքից դիտորդներ: Այժմ 28.000 դիտորդներ են գրանցվել ԿԸՀ-ում, իսկ կա 15.000-ի սահմանափակում, ապա այստեղ խնդիր է առաջանում, որ կարող է որոշակի ընտրատեղամասերում 15-ի սահմանափակումն ավելանա, և իրական դիտորդական կազմակերպություն իրականացնողների համար խոչընդոտներ լինեն»:
Կարդացեք նաև
Պարոն Գրիգորյանն ահազանգեց, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները, թեև հնարավորություն ունեն դիտարկել ՀՀ ԱԺ ընտրությունները, բայց մի շարք այլ դիտորդական կազմակերպությունների մերժել են: Արմեն Գրիգորյանն այս առիթով ասաց. «Սա հուշում է, որ իրենք ինչ-որ բան են պլանավորել, որը արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու միտում չի ենթադրում»:
«Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հայտարարեց, թե ԿԸՀ-ն շարունակում է ընդունել որոշումներ օրենքի պարզաբանումների տեսքով, որոնք էական խնդիրներ են հարուցում իրավական տեսանկյունից. «Դա վտանգավոր է, քանի որ անորոշություն է առաջանում օրենքի կիրառության և ընկալման տեսանկյունից: Հատկապես կան որոշումներ, որոնք չեն բխում օրենքից: Չափազանց վտանգավոր է ԿԸՀ այն որոշումը, որով սահմանվում է հնարավորություն անձանց համար, ովքեր պարզել են, որ իրենց համար ստորագրվել է և նրանք պետք է ստորագրեն լրացուցիչ նշումների համար հատվածում: Դա վտանգավոր է, քանի որ հետագայում այդ առաջացած խառնաշփոթը դժվարացնելու է այլ անձանց փոխարեն քվեարկության դեպքերի բացահայտումը»:
Դառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխություններին՝ մասնավորապես «սուտ մատնության» մասին դրույթին, պարոն Եգորյանը պարզաբանեց. «Սա չի վերաբերում առհասարակ որևէ բողոք ներկայացնելու, միայն վերաբերում է այլ անձանց փոխարեն քվեարկության դեպքերի մասին բողոքներին ու դիմումներին: Բայց միևնույն է՝ լուրջ մտահոգություններ կան: Այսինքն` մեր նոր քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը սահմանում է, որ եթե հանկարծ մեկն անկեղծ իմանալով, տեղյակ լինելով, որ ինչ-որ այլ անձի փոխարեն քվեարկություն է, քանի որ նա երկրում չի եղել և եթե հանկարծ հետագայում ստուգումների արդյունքում պարզվում է, որ այդ անձը քվեարկության օրը վերադարձել էր Հայաստան, սա համարվում է անփութությամբ սուտ մատնություն, որ քրեորեն պատժելի է: Մենք համարում ենք այդ հոդվածը ներմուծված է որպես մահակ բանեցնել, դրանով որևէ մեկին հնարավոր չի լինի ենթարկել պատասխանատվության, քանի որ դա ուղղակի հակասություն է սահմանադրության և կոնվենցիայի տրված երաշխիքներին: Այս հարցը մենք ևս տանելու ենք Սահմանադրական դատարան: Մեզ անհրաժեշտ է դրա համար ԱԺ 27 պատգամավորի ստորագրություն: ՄԻՊ-ն էլ ունի սահմանադրական դատարան ներկայացնելու իրավազորություն: Որոշ պատգամավորների հետ արդեն նախնական համաձայնություն ենք ձեռք բերել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի