Այն, որ քարոզարշավը թեժ մթնոլորտում է ընթանում, «Ծառուկյան» դաշինքով պատգամավորության թեկնածու առաջադրված Վարդան Բոստանջյանը նորմալ է համարում: Ավելին, նրա համոզմամբ, վերջին օրերն ավելի թեժ են լինելու:
«Հատկապես վերջին օրերին մրցապայքարը ավելի կթեժանա, ինչը և տեղի է ունենում: Այս երևույթից զարմանալ պետք չէ: Քաղաքական 9 ուժերը, որոնք գտնվում են մրցապայքարում, դեռևս նոր մոտեցումներ են առաջադրում, խնդիրներ, որպեսզի հանրությանն իրենց կողմը բերեն: Կարծում եմ, որ այս լարված իրավիճակը կտևի ներառյալ` մինչև մարտի 31-ը»,-«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր հայտարարեց Վարդան Բոստանջյանը:
Նա կարծում է, որ ձեւավորվող խորհրդարանն, այնուհանդերձ, ավելի արդյունավետ կլինի:
Լրագրողները նկատեցին, «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջարկված 15 կետերը բավական քննադատվեցին անցած օրերին, դրանք անիրատեսական եւ պոպուլիստական որակվեցին: «Որտե՞ղ է դրանց մեջ անիրատեսականությունը: Այդտեղ ոչ մի ամպագոռգոռ բան չկա: Մենք առաջադրել ենք խնդիրներ, որոնք հասկանում ենք, առանց հասկանալու չէինք անի: Մենք 2017-ի համար ունենք գրեթե 3 միլիարդ դոլար: Պետական կառավարման համակարգի պահպանման ծախսերը կազմում են 21 տոկոս, սա բացահայտը, իսկ ոչ բացահայտը՝ 9 տոկոս ևս: Այսինքն՝ գումարի 1/3-րդ մասը գնում է պետական կառավարման համակարգի պահպանմանը: Այստեղ պետք է ավելի զուսպ լինենք: Հիմա, եթե մենք 3 միլիարդ դոլարից գոնե 10 տոկոսը պահենք, 300 միլիոն դոլարը կարող ենք ուղղել նվազագույն աշխատավարձի, թոշակների բարձրացմանը: Եվ սա կարող ենք անել միայն պետական ապարատի ծախսերի կրճատմամբ: Բայց կան նաև մենաշնորհներ, ստվեր և այլն: Զարմանում եմ նրանց վրա, ովքեր ուզում են մեր ռեյտինգը նսեմացնել, ասում են, թե անիրատեսական է: Այստեղ անիրատեսական ոչինչ գոյություն չունի: Դրանք կենցաղային հասարակ խնդիրներ են, որոնց լուծումը դեռ չի նշանակում, որ մենք դուրս ենք գալիս ճոխության դաշտ»,- ասաց բանախոսը:
Եթե ընտրողը «Ծառուկյան» դաշինքին տա 50+1 տոկոս ձայն, ապա Վարդան Բոստանջյանն ասում է, որ այդ 15 կետերն իրենք մեկ ամսում էլ կանեն. «Եթե չտան այդ ձայները, ուրեմն մենք չենք կարող համապատասխան որոշում ընդունել: Խորհրդարանի պատգամավորների քանակը պետք է լինի 50-ից ավելի, որ համապատասխան որոշում կայացվի: Եթե նման իրավիճակ ունենանք, ոչ թե մեկ ամիս, մեկ օրում էլ կարելի է գործը անել»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ