Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի» են մտել Արայիկ Գրիգորյանը եւ Արգամ Աբրահամյանը

Մարտ 27,2017 15:30

Արարատի մարզում թեժ
ընտրապայքարը շարունակվում է

«Ո՞վ ա ասել, որ իշխանության հետ ենք կոալիցիա կազմելու»,- երեկ Արարատի մարզի Վեդի քաղաքում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Երկու օր առաջ Եղեգնաձորում կոալիցիա կազմելու մասին լրագրողների հարցին Գագիկ Ծառուկյանի պատասխանը թյուրըմբռնումների տեղիք էր տվել: Երեկ նա հստակեցրեց, որ իր համար կարեւոր է «Ծառուկյան» դաշինքի առաջարկած 15 կետերի կյանքի կոչելը: Նա հայտարարում է, որ եթե «Ծառուկյան» դաշինքը մեծամասնություն չհավաքի, ապա իրենք կոալիցիա կկազմեն. «Ասենք՝ 48 % ենք հավաքել, 50+1 ա պետք, բա ի՞նչ անենք, կոալիցիա չկազմե՞նք, իհարկե, կազմելու ենք, որ կարողանանք օրենք փոխենք, որոշում ընդունենք»: Գագիկ Ծառուկյանն ասաց նաեւ, որ ինքն է որոշելու, թե ում հետ կոալիցիա կազմեն, եւ այդ ուժը հաստատ ՀՀԿ-ն չի լինելու: Ավելի ուշ Արտաշատում Գագիկ Ծառուկյանն ասաց, որ իրենք գնում են ոչ թե կոալիցիա կազմելու, այլ հաղթելու: Հավաքված ժողովուրդը սկսեց վանկարկել՝ «հաղթանակ, հաղթանակ»: Գագիկ Ծառուկյանը միացավ վանկարկումներին:

Արարատի մարզում, հիշեցնենք, ռեյտինգային ընտրակարգով իշխող Հանրապետական կուսակցությունը առաջադրել է գործարար պատգամավոր, Ավշարի գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանին: Վերջինիս եղբայրը՝ Արամայիս Գրիգորյանը, այս պահին դարձյալ Արարատի մարզպետն է: ՀՀԿ-ի մյուս «ծանր հրետանին» նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն է:

ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակի ֆավորիտն այս մարզում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին եւ Գագիկ Ծառուկյանի փեսան է՝ Արգամ Աբրահամյանը: Հիմնական մրցակցությունը, սակայն, Արայիկ Գրիգորյանի եւ Արգամ Աբրահամյանի միջեւ է ընթանալու: Առհասարակ, այստեղ բավական հետաքրքիր եւ լարված պայքար է ընթանում: Հիշեցնենք, որ դեռ քարոզարշավը չմեկնարկած՝ ընդհարում եղավ ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանի եւ Մուրադ Մուրադյանի միջեւ, ապա դանակահարության հայտնի դեպքը եղավ՝ ՀՀԿ-ականի ձեռամբ դանակահարվել էր «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչը: Սրանք պաշտոնապես ներկայացվեցին իբրեւ միջանձնային հարաբերությունների պարզում: Քանի որ այս մարզը նախկինում ներառում էր երկու ընտրատարածք, մեկում դիրքերն ամրապնդել էին Գրիգորյան եղբայրները, մյուսում՝ Աբրահամյանների ընտանիքը, հիմա մարզը մեկ ընտրատարածք է: Ըստ տեղացիների՝ Արտաշատի եւ Մասիսի տարածքներում՝ հարակից գյուղերով, առավելապես ամուր են Աբրահամյանների դիրքերը, իսկ Վեդիի եւ Արարատի տարածքներում՝ հարակից գյուղերով՝ Գրիգորյանների դիրքերը:

Արարատ եւ Վեդի քաղաքների տարածքում Աբրահամյանների հիմնական ընտրազանգվածը ցեմենտի գործարանի աշխատակիցներն են՝ իրենց ընտանիքներով: Այստեղ «Ելք» դաշինքից մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է նաեւ հայտնի գործարար, կոնյակի գործարանի սեփականատեր Ռազմիկ Թեւոնյանը: Ըստ խոսակցությունների՝ վերջինս, սակայն, առավել սերտ հարաբերությունների մեջ է Աբրահամյանների ընտանիքի հետ եւ մարդիկ հավանական են համարում, որ Թեւոնյանը հենց Աբրահամյանների համար է աշխատում: Ռազմիկ Թեւոնյանը, հիշեցնենք, սպարապետ Վազգեն Սարգսյանի մտերիմներից էր:

Մարզում, առհասարակ, վարչական ռեսուրսը գործի է դրվել Գրիգորյան եղբայրների համար: Ի դեպ, Արայիկ Գրիգորյանը վերջերս սկսել է Արարատ-Վեդի ճանապարհի վերանորոգում իրականացնել: Մարդիկ ասում են, որ սա առայժմ միակ ընտրակաշառքն է:
Բավականին հետաքրքիր իրավիճակ է Վազգեն Սարգսյանի ծննդավայրում՝ Արարատ գյուղում: Վազգեն Սարգսյանի փոքր եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, ով արդեն տեւական ժամանակ աշխատում է ՀՀԿ-ական իշխանության հետ՝ ՊՆ համակարգում, այժմ, ասում են, ներդրել է իր ողջ հեղինակությունը եղբորը՝ Արամ Սարգսյանին սատարելու համար: Արամ Սարգսյանը, հիշեցնենք, «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Տեղացիները պատմում են նաեւ, որ Արմեն Սարգսյանը բավական բարձր վարկանիշ ունի:

Երեկ, ի դեպ, Վեդիում «Ծառուկյան» դաշինքի պատասխանատու Հունան Մելքոնյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ դաշինքի համակիրների նկատմամբ ճնշումներ են գործադրվում: Ինքը փոքր բիզնես ունի, որը ժամանակավորապես չի գործում, ինչի մասին պատկան մարմիններին համապատասխան ծանուցումներ է ուղարկել: Սակայն իրեն տուգանել են, իրեն ու կնոջը բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք՝ իբր ապօրինի ձեռնարկատիրությամբ են զբաղված: Մեր զրուցակիցը նաեւ հավաստիացնում էր, որ երեկ Գագիկ Ծառուկյանի հանդիպման ժամանակ քաղաքապետը գործուղել էր իր աշխատակիցներին, որոնք Ծառուկյանի հետ հանդիպման եկածներին «սպառնում» էին տարբեր հաշվեհարդարներով՝ աշխատանքից ազատել, նպաստից զրկել եւ այլն: Նա ձեռնպահ մնաց այս ամենը ՀՀԿ-ի թեկնածու Արայիկ Գրիգորյանի անվան հետ կապել: Ասաց, որ իր տեղեկություններով՝ «Վեդիի ՀՀԿ-ական քաղաքապետի գործերն են»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

25,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031