Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր հարթակ` մարզերի խնդիրները բարձրաձայնելու համար

Մարտ 27,2017 13:20

Մարտի 25-ից Սարգիս Մուրադյան պատկերասրահում բացվեց «spotlight.am| Քաղաքացիական ֆոտոլրագրության անկախ հարթակ»-ի ֆոտոցուցաhանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված է հարթակում գործարկումից ի վեր հրապարակված լավագույն 10 ֆոտոպատմություն: Ֆոտոռեպորտաժները հարթակի օգտատերերը պատրաստել են Տավուշի, Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում:

Քանի որ Հայաստանում մեդիա դաշտը հիմնականում կենտրոնացած է մայրաքաղաքի շրջանում եւ լուսաբանում է տեղի իրադարձությունները, spotlight.am քաղաքացիական ֆոտոլրագրության հարթակի ստեղծումը միտված է մարզային իրադարձությունների լուսաբանման խնդիրը լուծելուն, այդ կերպ հասարակությանն իրազեկելով, թե ինչ է կատարվում Երեւանից դուրս: Հարթակը հնարավորություն է տալիս մարզերի բնակիչներին ֆոտոլրագրության միջոցով բարձրաձայնել իրենց բնակավայրի խնդիրները, ինչպես նաեւ նպաստել տվյալ վայրի վերաբերյալ տեղեկատվության աճին:

Նախագիծը մեկնարկել է Տավուշի եւ Շիրակի մարզերից, լուսաբանողները հենց տեղացիներն են:

Հարթակը Տավուշի եւ Շիրակի մարզերում անցկացրել է վերապատրաստման դասընթացներ, որի շրջանակներում մասնակիցները հմտացել են քաղաքացիական լրագրության, ֆոտոլրագրության եւ ֆոտոպատմություններ ստեղծելու գործում:

«Ավելի քան 50 երիտասարդ վերապատրաստվեց այդ երկու մարզերից: Այս պահին կայքում տեղ է գտած ավելի քան 60 պատմություն: Պահպանելով թեմաների բազմազանությունը` ցուցահանդեսին ներկայացված են լավագույն ֆոտոպատմությունները»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ծրագրի ղեկավար Լիա Մխիթարյանը:

Նախագիծն իրականացնում է «ՊԱՆ Մեդիա» կազմակերպությունը` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:

Հարթակի հետ գործակցելու համար պետք է ընդամենը լուսանկարող ինչ-որ սարք ունենալ: Յուրաքանչյուր ցանկացող, spotlight.am-ում ստեղծելով իր անձնական էջը, որոշ փուլեր անցնելով, կարող է դառնալ պաշտոնական տեղեկատվություն փոխանցողը: Արված լուսանկարներն ու դրանց նկարագրությունն օգտատերը ներբեռնում է կայք, այնուհետեւ խմբագրական աշխատանքներից հետո այն հասանելի է դառնում հանրությանը:

«Պան Մեդիա»-ի մարքեթինգի եւ հաղորդակցության ղեկավար Գայանե Իգիթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այլ մարզերում էլ վերապատրաստման դասընթացներ նախատեսում են. «Եթե ոչ միանգամից, ապա աստիճանաբար մտադիր ենք ընդլայնել մեր գործունեությունը եւ ներգրավել բոլոր մարզերը: Հույս ունեմ, որ մի քանի տարի հետո կունենանք լիարժեք համակարգ, որտեղ ցանկացած լրատվամիջոցի ներկայացուցիչ եւ ցանկացած վայրում բնակվող անձ հնարավորություն կունենա մտնել կայք եւ տեսնել` ինչ է կատարվում Հայաստանի բոլոր մարզերում: Այդ կերպ չենք կորցնի կապը մարզերի հետ, ավելի կապակցված կլինենք, հիմա, ցավոք, մեզ մոտ տեղեկատվության տեսանկյունից առանձին կղզյակների նման է: Բարձրաձայնելով եւ ցուցադրելով խնդիրները` հուսանք, որ գոնե որոշները լուծում կստանան»:

Քաղաքացիներից բացի, հարթակում կարող է գրանցվել նաեւ Հայաստանում գրանցված ցանկացած ԶԼՄ՝ ստանալով լուսանկարների հեղինակների կոնտակտային տվյալները: Այդպիսով ԶԼՄ-ները կարող են անձամբ կապվել հեղինակների հետ՝ լուսանկարները ձեռք բերելու, ինչպես նաեւ կոնկրետ իրադարձությունների լուսաբանման պատվերներ տալու համար: Կայքի լուսանկարներից, նորություններից այլ լրատվամիջոցների գնելու դեպքում, ամբողջ գումարը փոխանցվելու է հեղինակին:

Ցուցահանդեսը կգործի մինչեւ մարտի 27-ը ներառյալ, հասցե՝ Իսահակյան 38:

Մերի Իսայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031