Ովքե՞ր կարող են
ապրիլի 2-ի քվեարկության արդյունքները վիճարկել
ՀՀ նոր Ընտրական օրենսգիրքը սահմանում է նաեւ ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքները բողոքարկելու ժամկետները: Այդ նպատակով պետք է տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնել տվյալ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմում: Դա կարող են անել ընտրություններին մասնակցած կուսակցության կամ դաշինքի թեկնածուն կամ վստահված անձը, եթե նրանք ներկա են եղել ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփմանը: Նման իրավունք ունի նաեւ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը, եթե նա այդ տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունում քվեարկության արդյունքների ամփոփման կարգի վերաբերյալ հատուկ կարծիք է գրել:
Տարածքային ընտրական հանձնաժողովը մերժում է ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումը եւ վերահաշվարկ չի իրականացնում, եթե նշյալ պահանջները չեն բավարարվել: Վերահաշվարկի դիմում կարող է ներկայացվել միայն համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով՝ քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից մինչեւ ժամը 18.00-ն, կամ քվեարկությունից հետո երկրորդ օրը՝ ժամը 9.00-ից մինչեւ ժամը 9.30-ը:
Ինչպե՞ս գրել
վերահաշվարկի դիմում
Կարդացեք նաև
Վերահաշվարկի դիմումը պետք է ներառի դիմողի անունը, ազգանունը, հասցեն եւ այն ընտրական տեղամասի համարը, որում պահանջվում է կատարել վերահաշվարկ: Այդ փաստաթղթում պետք է նշված լինեն նաեւ այն քվեարկության արդյունքները, որոնց վերաբերյալ դիմողը պահանջվում է վերահաշվարկ անցկացնել: Դիմումին կարող են կցվել քվեարկության արդյունքների սխալ ամփոփման ապացույցներ, եթե այդպիսիք կան: Վերահաշվարկի դիմումը պետք է ստորագրված լինի դիմումատուի կողմից:
Ե՞րբ են սկսվում վերահաշվարկի աշխատանքները
Տարածքային ընտրական հանձնաժողովը վերահաշվարկի դիմումները գրառում է գրանցամատյանում` նշելով ստացման ժամանակը: Վերահաշվարկի աշխատանքներն սկսվում են վերահաշվարկի դիմումների ընդունման համար սահմանված վերջնաժամկետի օրը` ժամը 12.00-ից, եւ դադարեցվում են քվեարկության օրվանից հետո` 5-րդ օրը՝ ժամը 14.00-ին: Վերահաշվարկ իրականացնելիս ընտրական հանձնաժողովն աշխատում է առանց հանգստյան օրերի` ժամը 9.00-ից մինչեւ 18.00-ն: Ընտրական հանձնաժողովը շարունակում է վերահաշվարկը ժամը 18.00-ից հետո, եթե չի ավարտել ընտրական տեղամասի՝ արդեն սկսած վերահաշվարկը:
Տարածքային ընտրական հանձնաժողովն առաջին հերթին վերահաշվարկում է բոլոր այն ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, որոնց վերաբերյալ տարածքային ընտրական հանձնաժողովի կարծիքով՝ ներկայացված են քվեարկության արդյունքների սխալ ամփոփման հիմնավոր ապացույցներ, ինչպես նաեւ վերահաշվարկում է բոլոր այն ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, որոնց արձանագրությունների ուսումնասիրմամբ տարածքային ընտրական հանձնաժողովում ծագել են արդյունքների սխալ ամփոփման վերաբերյալ կասկածներ:
Նկատենք, որ ըստ Ընտրական օրենսգրքի՝ դիմողի՝ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկից հրաժարվելը հիմք չէ վերահաշվարկ չիրականացնելու համար:
Վերահաշվարկն իրականացվում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման համար՝ սույն օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան, բացառությամբ տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի եւ համարակալված կտրոնների թվերի, եւ կազմվում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին արձանագրություն: «Տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թիվը» եւ «տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված համարակալված կտրոնների թիվը» տողերում լրացվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրած թվերը, եթե ակնհայտ մեխանիկական սխալներ դրանցում առկա չեն:
Ովքե՞ր են վերահաշվարկ իրականացնողները
Կախված ծանրաբեռնվածությունից` տարածքային ընտրական հանձնաժողովը վերահաշվարկ կարող է իրականացնել հանձնաժողովի առնվազն 3 անդամի կազմով: Այս դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի համար սահմանված պարտականություններն իրականացնում է նրա տեղակալը կամ հանձնաժողովի քարտուղարը, իսկ եթե նրանք ընդգրկված չեն այդ կազմում, ապա տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի նշանակած անդամը:
Մեկ ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի տեւողությունը չի կարող գերազանցել 4 ժամը:
Ովքե՞ր կարող են ներկա լինել վերահաշվարկին
Վերահաշվարկի աշխատանքներին կարող են ներկա գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները, ընտրական հանձնաժողովի նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք, թեկնածուն: Վերահաշվարկի ժամանակ թեկնածուն, վստահված անձը եւ վերահաշվարկի դիմում ներկայացրած անձը այլ փաստաթղթերի հետ իրավունք ունեն ծանոթանալու քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակներին, ինքնուրույն կատարելու քաղվածքներ` առանց դրանք լուսապատճենահանելու, լուսանկարելու եւ տեսանկարահանելու: Վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են լուսանկարել, տեսանկարահանել վերահաշվարկի աշխատանքները:
Հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրամադրվում են վերահաշվարկի արձանագրությունների պատճենները: Այս դեպքում էլ քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում ներկայացնողի բացակայությունը հիմք չէ վերահաշվարկ չանցկացնելու կամ այն դադարեցնելու համար:
Պատրաստեց
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ
«Առավոտ»
25,03.2017