ՀՀԿ-ն քննադատել է սեփական բացթողումները: «Խնդիր է առաջանում՝ ով է պատասխանատու դրա համար, որովհետեւ այն ուժն է, որ իշխանությանն է». Կարինե Դանիելյան
Հայկական էկոլոգիական դաշինքից «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանն այսօր հրապարակեց իրենց ուսումնասիրությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերում բնապահպանական խնդիրների ներառվածության վերաբերյալ:
Ըստ նրա, ամենաամփոփ ու բազմակողմանի ներկայացումը արձանագրել են ՕՐՕ դաշինքի ծրագրում:
«Իրավիճակի լրիվ վերլուծություն է արվել, օրենքները պետք է փոխվեն այդ առումով, որպես ամենակարեւոր խնդիր նշվում է հանքարդյունաբերությունը, որը լրիվ մեր տեսանկյունի հետ համընկնում է: Երկիրը պետք է դադարի հումքային կցորդ լինել մյուս երկրների համար, հատուկ քննարկվում է Ամուլսարի պարագան, որի համար խիստ անհանգստացած ենք, առաջարկություններ կան, բոլոր խնդիրներին անդրադարձ կա, կարեւորը, որ նշվում է՝ էկոմշակույթի զարգացման անհրաժեշտություն կա»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց Կարինե Դանիելյանը:
Կարդացեք նաև
ՀՀԿ-ի ծրագրում, ըստ բանախոսի, նույնպես բավականին լուրջ վերլուծություն կա, բայց. «Հետաքրքիր է, որ շատ բացասական գնահատական կա՝ ինչ վիճակ է երկրում՝ սկսած իրավիճակի մոնիտորինգից, բնական ռեսուրսների վիճակից մինչեւ կառավարման խնդիրներ, շատ ճիշտ քննարկում է, պարզապես խնդիր է առաջանում՝ ով է պատասխանատու դրա համար, որովհետեւ այն ուժն է, որ իշխանությանն է: Շատ քննադատական վերլուծություն կա՝ լիարժեք չեն ապահովվում ՀՀ քաղաքացիների իրավունքները շրջակա միջավայրի պահպանության եւ բարելավման մասով: Նշվում են ստվերային ռիսկերը, կոռուպցիան, ու առաջարկներ են արվում՝ ինչպես լուծել»:
Տիկին Դանիելյանի խոսքով, Կոնգրես-ՀԺԿ-ի բուն ծրագրում չեն գտել էկոլոգիական մաս, բայց իրենք հղում են անում ՀԱԿ-ի էկոլոգիան
անվտանգության հայեցակարգին, որը, իրոք, բազմակողմանի բոլոր խնդիրները քննարկում է. «Խնդիր կա դա կարո՞ղ ենք համարել ծրագրի լիարժեք մաս, թե՞՝ ոչ»:
ՀՅԴ-ի ծրագրում էկոլոգիական խնդիրները ներկայացված են երեք համալիր կետով:
«Ելք» դաշինքի ծրագրում, ըստ տիկին Դանիելյանի, բավականին լավ ու բազմակողմանի ուսումնասիրություն է արվել, ամբողջ երկիրը մաքրելու առաջարկ ունեն:
«Նշում են հանքարդյունաբերության խնդիրների մասին, առաջարկում են՝ բնական ռեսուրսների օգտագործման գումարներն ավելի շատ համայնքներին ուղղել, այն բոլոր խնդիրները, որոնք անհանգստացնում են հանրությանը հաշվի են առնելու»,- ասաց տիկին Դանիելյանը:
ՀՎԿ-ի ծրագրում այլընտրանքային էներգետիկայի զարգացման հարցն է բարձրացված, կարեւորում են հանքարդյունաբերության վերահսկողությունը, շեշտում են, որ օֆշորային գոտիներում գրանցված կազմակերպությունները չպետք է տնտեսական գործունեություն ծավալեն երկրում:
«Ազատ դեմոկրատները» կրկին օֆշորների հարցն են բարձրացնում, հատկապես հանքարդյունաբերության մեջ, առաջարկում են ներդնել բնական ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործելու համակարգ, իսկ «Ծառուկյան» դաշինքի ծրագրում չկան էկոլոգիական մոտեցումներ: Տիկին Դանիելյանի խոսքով, զրուցել է այդ հարցի շուրջ Նաիրա Զոհրաբյանի հետ, վերջինս ընդունել է, որ բացեր կան, ընտրվելու դեպքում, էկոլոգիական խնդիրները կներառեն իրենց ծրագրում:
Ինչ վերաբերում է Կոմունիստական կուսակցության ծրագրին՝ Կարինե Դանիելյանը կրկին չի արձանագրել էկոլոգիական խնդիրներ, բայց փոխարենն իրենց ցուցակում ներառել են «Հայկական էկոլոգիական դաշինքից» Սիլվա Ադամյանին, որը բարձրաձայնում է էկոլոգիական խնդիրները:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ