Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախատեսում ենք Երեւանում ունենալ բացօթյա ամֆիթատրոն»

Մարտ 27,2017 14:00

Հարցազրույց Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի հետ

-Պարոն Սուքիասյան, խնդրում ենք, որպես ռեժիսոր, մասնագիտական անդրադարձ անեք հայ թատրոնին՝ անկախության 25 տարիների համատեքստում:

– Նորանկախ Հայաստանում, ինչպես բոլոր ոլորտներում, թատերարվեստի բնագավառը նույնպես ունեցավ ձեռքբերումներ եւ անկումներ: Վերջին տարիներին բացակայեցին շատ ու շատ անվանի արվեստագետներ՝ թատերարվեստի փայլուն ու բացառիկ ներկայացուցիչներ, որոնց տեղը նկատվեց ոչ միայն ոլորտում, այլեւ հանդիսատեսի մոտ: Պետք է ասեմ, որ անկումներն ավելի շատ վերաբերում են մարդկային կորստին: Եկավ ու գալիս է նոր սերունդ՝ ժամանակի վայրիվերումների ու փնտրտուքի մեջ: Այս սերունդը ընտրեց նոր բնազդներ, փորձարարական մոտեցումներ, որոնց մի մասը կայացավ, սիրվեց կամ ընկալվեց: Գնահատելի է, որ այսօր ունենք մասնավոր թատրոնի մոդելը: Սա նոր ժամանակների ձեռքբերում է՝ երեւան եկան նոր ձեւաչափի ներկայացումներ, ուր թատերական բեմն օգտագործվում է որպես հարթակ՝ ամենատարբեր նախագծերի համար: Ուրախությամբ պետք է փաստեմ, որ կայանում են երիտասարդ դերասաններ, որոնք արդեն ընկալված են, սիրված ու գնահատված:

– Ժամանակակից դրամատուրգիայով կարծես չի փայլում մերօրյա թատրոնը: Ձեր կարծիքով՝ ի՞նչն է պատճառը:

– Դրամատուրգիան գրականության ամենաբարդ ժանրերից է, ինչը ուղիղ շաղկապվում է պետության, տվյալ հասարակության, հստակ ձեւավորված հասարակարգի, արժեհամակարգի, սկզբունքների ու քաղաքացու դավանանքի հետ: Մեզանում այս ամենը դեռեւս անլիարժեք է, հետեւաբար արդի դրամատուրգիա ունենալու խնդիրը օրակարգում է: Իհարկե, ունենք երիտասարդ, հետաքրքիր դրամատուրգներ, որոնց ըստ էության պակասում է թատերայնությունը: Սա էլ թատրոնների հետ ուղիղ փոխշփման պակասի արդյունք է: Նրանք անհամարձակ են ռեժիսորների հետ համատեղ ստեղծագործական աշխատանքում, հետեւաբար մեր ռեժիսորները շատ հաճախ ձեռնամուխ են լինում օտար հեղինակների ստեղծագործությունների բեմադրման իրականացմանը, որոնք միշտ չէ, որ կարող են հոգեհարազատ լինել հայ մարդու կերպարին, բնույթին, դաստիարակությանը, տեսակին: Շատ պետք է ուզեի, որ մեր ռեժիսորները իրենց նախընտրած պիեսներում ուշադիր լինեն տվյալ ներկայացման անհրաժեշտության հարցում: Մեր բեմերում հաճախ ներկայացումներ կան, որոնք ինձ, իմ պետությանը, իմ հայրենիքին, իմ ընտանիքին ոչինչ չեն ասում կամ քարոզում: Այս դեպքում ես ոչ թե հանդիսատես եմ, այլ դիտորդ:

– Երեւանյան փառատոների անցկացման հիմնական հովանավորը մշակույթի նախարարությունն է: Քաղաքապետարանը իր բյուջեով ի՞նչ մասնակցություն է ունենում այդ միջոցառումներին:

– Քաղաքապետարանն ունենում է մասնակցություն աջակցի, օժանդակողի դերով՝ ոչ միայն թատերական փառատոներին:

– Պաշտոնի բերումով թերեւս դուք ամենաքաջատեղյակն եք, թե Երեւանում երբ կկառուցվի նոր թատրոնի շենք կամ մշակութային օջախ:

– Այս պահին ավարտված են վարչական շրջանների մշակութային տների, ինչպես նաեւ արվեստի դպրոցների վերանորոգման ու հիմնանորոգման աշխատանքները: Մեր տեսլականում ունենք նախագծեր, մոտեցումներ, ըստ որոնց նախատեսվում է ունենալ բացօթյա ամֆիթատրոն՝ հագեցած ժամանակակից լուսաձայնային տեխնիկայով, ծածկով եւ այլն, հաշվի առնելով, որ մեր քաղաքը 6 ամիս, եղանակային պայմաններից ելնելով, հնարավորություն ունի դրանց անցկացման համար: Այս շատ կարեւոր գաղափարին անպայման ձեռնամուխ ենք լինելու:

– Ավանդույթ է դարձել քաղաքապետարանում մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրվա առիթով արվեստագետների ընդունելությունը…

– Տարիներ շարունակ իսկապես դա ավանդույթ է: Թատերական գործիչները՝ դերասանները, թատերագետները, մի խոսքով՝ թատրոնի մարդիկ ներկա են լինում, նույնիսկ արվեստագետներ, որոնք այլեւս թատրոնում չեն, բայց ունեն մեծ վաստակ: Ընդհանրապես, մշակույթի մարդկանց, մասնավորապես՝ թատերարվեստի ներկայացուցիչների կապը քաղաքապետարանի հետ, վերջին շրջանում խորապես ակտիվացած է: Քաղաքապետարանն այլեւս միայն քաղաքաշինական, բնապահպանական կամ ասենք՝ կոմունալ խնդիրներով ու հարցերով զբաղվող կառույց չէ: Քաղաքապետարանն այսօր իսկապես չափազանց ակտիվ է մշակութային կյանքի զարգացմանը միտված ծրագրերում, որոնցից շատ շատերի նախաձեռնողն է:

 

Զրուցեց
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ»

25,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031