Մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Աշխարհի 2018 թվականի նախընտրական փուլի Հայաստան – Ղազախստան խաղից հետո տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետխաղային մամուլի ասուլիսը:
– Պարոն Պետրոսյան, նախևառաջ շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ: Ինպչե՞ս է Գևորգ Ղազարյանի վիճակը։
–Գևորգը հիմա հիվանդանոցում է և բուժզննում է անցնում: Այդ պահը մեզ համար, հավանաբար, ամենացավալին էր այս խաղում: Հուսով եմ, որ ոչ մի լուրջ բան չկա, քանի որ Գևորգը թե որպես ֆուտբոլիստ, թե որպես մարդ մեզ պետք է: Մենք բոլորս մտքերով հիմա հիվանդանոցում ենք՝ իր կողքին:
– Ինչպե՞ս կգնահատեք խաղը:
Կարդացեք նաև
-Առաջին խաղակեսը շատ լավ խաղացինք, պրեսինգ էինք անում, մրցակցին չէինք թողնում դուրս գալ իրենց կիսադաշտից:Մի փոքր հանգստություն չկար խաղի մեջ: Տղաները գնդակը հանգիստ չէին խաղարկում: Խաղացինք հարձակվողական ոճի ֆուտբոլ: Երկրորդ կեսի սկզբնամասում խաղի թելը կորցրինք, բայց կարմիր քարտը ճիշտ ժամանակին եղավ:
– Հարձակման գծում սպասված սրությունը չկար։ Արդյո՞ք դա ձեզ չի մտահոգում:
–Իմ կարծիքով շատ պահեր ստեղծեցինք, ուղղակի վերջին հարվածը չէր ստացվում: Մենք շատ բաց տեղեր ունենք, որի վրա պետք է աշխատենք, բոլորը միանգամից չենք կարող ուղղել: Վերջին խաղը մոտ հինգ ամիս առաջ էինք խաղացել, և մի շաբաթվա մեջ բոլոր բացերը չէինք կարող լրացնել:
– Պարոն Պետրոսյան, մենք ընդգծված հարձակվող չունենք, բայց թիմը իրոք հարձակվողական ֆուտբոլ խաղաց: Մյուս մրցակիցների հետ նույնպե՞ս այդպես եք խաղալու, թե՞ սա ուղղակի հետնապահ թիմի դեմ խաղի մարտավարություն էր։
–Այսօր տանը՝ Չեռնոգորիայի խաղից հետո, մենք սեփական հարկի տակ պարտավոր էինք հարձակվողական ֆուտբոլ խաղալ: Ընդգծված հարձակվող ունեինք՝ Արթուր Սարկիսովը, ում միշտ միանում էին Մարկոս Պիզզելին, Կամո Հովհաննիսյանը, Հենրիխ Մխիթարյանը, Տիգրան Բարսեղյանը: Այսօրվա խաղն առանց սխալների խաղ չէր, գոլային պահերը լավ չէինք իրացնում: Ամենակարևորն իմ համար այն փաստն էր, որ վերջին անգամ թիմը գնդակ բաց չէր թողել երեք-չորս տարի առաջ: «Չոր» հաշվով հաղթելն արդեն առաջընթաց է:
– Խնդրում եմ մեկնաբանեք Արթուր Սարկիսովի և Հենրիխ Մխիթարյանի խաղը:
-Ինչպես տեսաք, մենք խաղում էինք 4-1-4-1 մարտավարությամբ, և Մարկոսին ու Հենրիխին արջևում գործելու հնարավորություն էինք տվել։ Կարծում եմ՝ երկուսն էլ կատարեցին իրենց վրա դրված պարտականությունը: Սարկիսովն էլ մեծ ծավալի աշխատանք կատարեց, և վերջում արդեն ժամանակն էր, որպեսզի նա փոխարինվեր: Այնուամենայնիվ, ես գոհ եմ նրա խաղից:
– Նշեցիք սխալների մասին: Ի՞նչ սխալների մասին էր խոսքը:
-Պաշտպանությունում մի քանի դիրքային սխալ թույլ տվեցինք, հակառակորդի դարպասի դեմ կարող էինք ավելի սառնասիրտ գործել, գնդակը կարող էինք ավելի հանգիստ խաղարկել, իսկ մնացածը, իմ կարծիքով, լավ ստացվեց:
– Պարոն Պետրոսյան, չե՞ք կարծում, որ թիմը խաղացվածության առումով բարելավելու տեղ ունի։ Դրա լավագույն միջոցն էլ ընկերական խաղերն են:
–Մենք Ղազախստանի հավաքականը չենք: Իրենց թիմի գերակշիռ մասը հանդես է գալիս Ղազախստանի առաջնությունում ու իրենք խնդիր չունեն չորեքշաբթի՝ Կիպրոսի ու կիրակի՝ մեզ հետ խաղալու: Իսկ մեր ֆուտբոլիստների մի մասը ժամանել է երկուշաբթի, մի մասը՝ երեքշաբթի, անգամ ֆուտբոլիստ ունենք, ով ժամանել է չորեքշաբթի առավոտյան: Ես չէի ցանկանա` հոգնած ֆուտբոլիստները խաղ անցկացնեին։ Եթե գիտեք, Չեռնոգորիայի խաղից առաջ արդեն պլանավորել ենք ընկերական խաղ, քանի որ ներքին առաջնությունները բավական շուտ են ավարտվում:
– Չե՞ք կարծում, որ Ղազախստանի հավաքականի պաշտպանի հեռացումը բեկումնային դարձավ այս խաղում։
– Ես կարծում եմ` այո, դա բեկումնային դարձավ, քանի որ մինչ մրցակցի պաշտպանի դաշտից հեռացվելը, նրանք բավական մեծ ճնշում էին գործադրում մեր դարպասի ուղղությամբ:
– Ի՞նչ ասացիք տղաներին ընդմիջմանը։
–Ասացի, որ պետք է շարունակել այս տեմպով և պրեսինգ գործադրելով խաղալ, ինչպես խաղացինք առաջին խաղակեսում:
– Ի՞նչ կտա մեր հավաքականին ընկերական խաղը և արդյո՞ք չկար ավելի հարմար մրցակից, քան Սենթ Կիտս և Նևիսի հավաքականն էր։
-Շատ ենք փորձել գտնել ուրիշ մրցակից: Հյուսիսային Իռլանդիայի հավաքականն էր նախնական համաձայնություն տվել, բայց հետո հրաժարվեցին: Նոր Զելանդիայի հավաքականը Կոնֆեդերացիայի գավաթից առաջ ցանկություն էր հայտնել մեզ հետ խաղալու, բայց նորից հրաժարվեց: Եվս մեկ անգամ նշեմ, որ մեզ շատ էր պետք այդ ընկերական հանդիպումը, քանի որ առաջնությունների ավարտից հետո ֆուտբոլիստները պետք է մտնեն հունի մեջ:
– Այսօր դաշտում տեսանք Արաս Օզբիլիսին։ Ինչպե՞ս խաղաց նա և ի՞նչ մարզավիճակում է:
-Նա հարյուր տոկոսով պատրաստ չէր, և մենք հենց խաղից առաջ էլ ծրագրում էինք Արասին թարմ ուժերով խաղի մեջ մտցնենք երկրորդ խաղակեսում ու կարծում եմ, որ դա մեզ մոտ ստացվեց: Ասեմ, որ երեք փոխարինողներն էլ շատ լավ մտան խաղի մեջ:
–Ի՞նչ ծրագրեր ունեիք Գևորգ Ղազարյանի համար,և արդյո՞ք Տիգրան Բարսեղյանը կարողացավ իրականացնել դրանք։
-Գևորգ Ղազարյանի վնասվածքը խախտեց մեր ծրագրերը, քանի որ ամեն դեպքում դժվար է երկրորդ րոպեին վնասվածք ստանալ ու փոխարինվել: Այն, ինչ մտածել էինք, մի պահ կարծես փուլ եկավ: Բայց, այնուամենայնիվ, Տիգրանը շատ լավ մտավ խաղի մեջ՝ բացառությամբ վերջին մի քանի րոպեների, երբ զգացվում էր, որ նա հոգնել է: Նա դեռ երիտասարդ է, և փորձի կուտակելով կարող է ավելի լավ խաղ ցույց տալ:
ՀՖՖ