Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ անելու ենք, որ վերացնենք անջրպետը իշխանությունների ու ժողովրդի միջեւ». Սեյրան Օհանյան

Մարտ 26,2017 23:22

ՕՐՕ դաշինքի պատգամավորի թեկնածու, նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանն այսօր Նոր Նորք զանգվածի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց իրենց դաշինքի անդամներին, ապա ասաց՝ օր ու գիշեր աշխատելու են հաջողության հասնելու համար:

Պարոն Օհանյանի խոսքով, իրենք ձեւավորելու են կառավարման համակարգի նոր մշակույթ, որտեղ հիմքում հեռանկարային պլանավորումն ու ծրագրերն են, ժողովրդի հետ աշխատելու մեթոդները.

«Ամեն ինչ անելու ենք, որ վերացնենք անջրպետը իշխանությունների ու ժողովրդի միջեւ, իշխանությունը տալու ենք ժողովրդին, ձեզ հետ միասին ամեն ինչ անելու ենք երկրի առաջընթացի ապահովման համար:

Եթե ՕՐՕ դաշինքը ընտրություններին հաղթի, պարոն Օհանյանը խոստացավ՝ որպես զինվորական, իր թիմի հետ ամեն տարի այցելել ընտրողներին ու նայել նրանց աչքերի մեջ. «Որ դուք նայեք մեր աչքերին ու ասեք՝ ինչ եք արել այս կարճ ժամանակահատվածում, դրա համար նախատեսել ենք փոփոխություններ, որոնք թռիչքային պետք է լինեն:

Մարտահրավերները գալիս են շատ արագ, դրա համար պետք է արագ արձագանքենք ու արագ որոշումներ ընդունենք»:

Պարոն Օհանյանը կրկնեց իրենց նախընտրական խոստումները՝ պայքարելու են մենաշնորհների դեմ ու պայքարը սկսելու են սահմանային անցակետերից, բարձրացնելու են աշխատավարձերը:

ՕՐՕ դաշինքից Արմեն Մարտիրոսյանն էլ անդրադարձավ դպրոցների տնօրենների շուրջ ծագած սկանդալին, թե ինչպես են հարյուրավոր տնօրեններ ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքում, ապա ասաց, որ իշխանություններն անցել են ապօրինությունների ամբողջ ծավալը:

«Համապետական հանցագործություն է, ադմինիստրատիվ ռեսուրսի ապօրինի օգտագործումը համատարած է: Այս համակարգված ապօրինությունը ԱԱԾ-ն ու ոստիկանությունը թաքցրել են»,- ասաց պարոն Մարտիրոսյանը՝ շեշտելով, որ աննախադեպ բան է՝ կարողացել են իրենց դաշինքում մեկտեղել երկու արտգործնախարարի ու մեկ ՊՆ նախարարի. «Նրանք երկիրն այս ճգնաժամից հանելու քաղաքական կամք ունեն,  այդ ցանկությունն ու կամքը եղել է, ծրագիրն էլ շատ արագ ու հեշտ գրվել է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031