Մարտի 26-ին «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 18-րդ շրջանի բացումը «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ լեգենդար ջութակահար, կրկնակի «Գրեմմի» մրցանակակիր Պինկաս Ցուկերմանի ելույթով: Երաժիշտը հանդես եկավ թավջութակահարուհի, կանադական Juno Award մրցանակի դափնեկիր Ամանդա Ֆորսայթի եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Աշխարհահռչակ ջութակահար, ալտահար, դիրիժոր եւ մանկավարժ Պինկաս Ցուկերմանն արդեն 4-րդ անգամ է հանդես գալիս Հայաստանում:
Ամանդա Ֆորսայթն էլ պակաս ճանաչված չէ, նա որպես մենակատար հանդես է եկել մի շարք հեղինակավոր նվագախմբերի հետ, որոնց թվում են Ռոյալ Ֆիլհարմոնիկը, Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Մոսկվայի վիրտուոզները, Մարիինյան թատրոնի նվագախումբը եւ այլն: Ամանդա Ֆորսայթը նվագում է Կարլո Տեստորեի 1699-ին ստեղծած թավջութակով:
Կարդացեք նաև
«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ Ստեփան Ռոստոմյանը փաստեց, որ իրենց փառատոնը անկախ Հայաստանի ամենահին փառատոներից է, ու արդեն 18 տարեկան է: Նաեւ նշեց, որ ԵՄ կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության կոմիսար Տիբոր Նավրաչիչը «Երեւանյան հեռանկարները» համարել է Եվրոպայի 10 լավագույն երաժշտական փառատոներից մեկը:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը Պինկաս Ցուկերմանին պարգեւատրեց մշակույթի նախարարության բարձրագույն պարգեւով` մեդալով: Ինչ վերաբերում է համերգին, այն ուղղակի փայլուն անցավ: Ծրագրում` Բրամսի Կրկնակի կոնցերտն էր` ջութակի եւ թավջութակի համար եւ թիվ 4 Սիմֆոնիան:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ