Մարտի 26-ին, ժամը 13-ին Իջեւան քաղաքի մշակույթի տանը մեկնարկել է «Հայկական վերածնունդի» ղեկավար Արթուր Բաղդասարյանի հանդիպումը իջեւանցիների հետ: Հանդիպումից հետո դահլիճում եւ դրսում մարդիկ են եղել, ովքեր ցանկացել են Ա. Բաղդասարյանին հարցեր ուղղել, սակայն նրանց այդ հնարավորությունը չի տրվել: Իջեւան քաղաքի բնակիչ, 7 մանկահասակ երեխաների հայր Դավիթ Սահակյանը մեզ հայտնեց, որ ինքը ցանկանում էր Ա.Բաղդասարյանին հարց տալ, նրան հիշեցնել, որ 2012թ, խորհրդարանական ընտրություններից առաջ ինքը Բաղդասարյանին դիմում-նամակ է հանձնել, որպեսզի իր բազմազավակ ընտանիքը դառնա Դիլիջանի սոցիալական բնակարաշինության ծրագրի շահառու: Այդ ծրագրի հոգաբարձուների խորհրդի նախագահը Արթուր Բաղդասարյանն էր:
Դավիթ Սահակյանն ասաց, որ Ա. Բաղդասարյանին ուզում էր տեղեկացնել, որ նամակն անարձագանք մնաց, ինքը աջակցություն չստացավ, իր բնակարանի հարցը լուծվեց ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի գործուն աջակցությամբ: Դ. Սահակյանը մեզ ասաց, որ Արթուր Բաղդասարյանը եւ նրա կուսակիցները հայտարարում են, որ իրենց օրենսդրական նախաձեռնությամբ է լուծվել խորհրդային Խնայբանկում ավանդների փոխհատուցման հարցը, ինքը Ա. Բաղդասարյանին ուզում էր հարցնել՝ ինչո՞ւ 6 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների ավանդները չեն փոխհատուցվում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև