«Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու Էդմոն Մարուքյանն այսօր Վանաձորում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իրենք իշխանության միակ թիրախն են:
«Ինչու են անդրադառնում մեզ, փորձում հարվածել «Ելքին», բնականաբար, մեզ որեւէ հարված չի դիպչում, որովհետեւ իշխանության միակ թիրախը մենք ենք, այն ուժերը, որ իբր թե գնում են բան փոխեն, նրանք ընդդիմադիրի տեսքով ձեր ձայները հավաքում են, որ տանեն միացնեն իրենց»,- ասաց պարոն Մարուքյանը:
Նրա խոսքով, հիմա քաղաքացիներն ասում են՝ բոլոր քաղաքական ուժերը նույնն են. «Նույնը չեն, եթե ձեզ համար բոլորը նույնն են, գնացեք այդ նույններին ընտրեք, մենք նույնը չենք, տարբեր ենք, մենք «Ելք» ենք առաջարկում, քաղաքական սերնդափոխություն ենք առաջարկում, եթե նույնը լինեինք, այս հինգ տարիներին ես ու Նիկոլ Փաշինյանն այլ կերպ կաշխատեինք»:
Պարոն Մարուքյանն անդրադարձավ նաեւ ցուցակագրումներին ու ընտրակաշառք բաժանելուն. «Եթե մեկը մտածում է, որ Հայաստանի հանրապետության քաղաքացին գին ունի, ու այդ գինն իր մտածածով հինգ հազար, տասը հազար դրամ է, գլուխը պատին է տվել: Նա մեր թշնամին է: Ով կաշառք է բաժանում, նա երկրի անվտանգության դեմ է գործողություն անում, թող որեւէ մեկը չասի՝ դրա մեջ ի՞նչ կա, որ: Նա ով իր ձայնը վաճառում է, չի ուզում ունենալ պետություն»:
Կարդացեք նաև
Պատգամավորի թեկնածուն նաեւ ասաց, որ իրենց որեւէ մեկը լավություն չի անում, որ ձայն է տալիս, իրենք առաջարկում են իրենց ծառայությունը, դա կամ ցանկանում են կամ չեն ցանկանում:
Պարոն Մարուքյանը նաեւ կոչ արեց՝ թույլ չտալ, որ մեկը ճնշի, բռնանա իրենց ազատության վրա. «Այս թաղամասում մեկը եկավ ասաց, այս թաղում գողականներ կան վախեցնում են, քարոզարշավ են անում ՀՀԿ-ի համար, մարդը պետք կողմնորոշվի կամ գողական է, կամ ՀՀԿ-ի շտաբի ակտիվիստ է: Մի՛ վախեցեք դրանցից, դրանք գողական էլ չեն, դրանք ՀՀԿ-ի ակտիվիստներն են, սեւ շոր են հագել ընկել թաղերը, դրանք գողականի հետ ի՞նչ կապ ունեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ