Ամասիայում բնակիչների հետ հանդիպելուց հետո վարչապետ Կարեն Կարապետյանը մեքենա նստեց, որ հեռանար: Մի կին փորձեց մոտենալ նրան, սակայն վարչապետի անվտանգության աշխատակիցները, ինչպես նաև Շիրակի որոշ պաշտոնյաներ չթույլատրեցին մոտենալ։ Կինը մեծ աղմուկ-աղաղակ բարձրացրեց՝ գոռալով․ «Բան ունեմ ասելու»։ Եվ մինչ փորձում էին լռեցնել այս կնոջը, վարչապետը մեքենայից իջավ, հետ եկավ, մոտեցավ նրան ՝ասելով․ «Լսում եմ»։ «Էս ի՞նչ է հայի քաշածը, ես ձեզ բան ունիմ ասելու, ներս չթողեցին ինձ, էստեղ էլ չեն թողնում», -դժգոհեց կինը։ Վարչապետը կրկնեց․ «Լսում եմ ձեզ շատ ուշադիր»։
Տիկինը, որը ներկայացավ Ջեմմա անունով, մտավ երկխոսության մեջ վարչապետի հետ․«Բարև ձեզ նախ առաջին հերթին, ո՞նց եք»։ Կարեն Կարապետյանը պատասխանեց․ «Լավ եմ, դուք ո՞նց եք», որին տիկինը հակադարձեց․« Մենք հեչ լավ չենք էսօրվա դրությամբ, ասա ինչի՞ համար լավ չես, չեն թողնում ձեզ հետ երկու բառ խոսեմ»։
Տիկինը վարչապետին դժգոհեց, որ աշխատանքի տեղավորվելը ծանոթ-բարեկամով է, իսկ իր պեսին բանի տեղ չեն դնում։ «Էսօր զբաղված են հարազատ, բարեկամ խաղալով, մամա կխաղան, պապա կխաղան, բա մենք ինչ անե՞նք»,- ասաց տիկին Ջեմման։
Կարդացեք նաև
Նա բարձրաձայնեց նաև Ամասիայում հիվանդանոց չունենալու հարցը՝ասելով, որ ստիպված Աշոցք է գնում բուժման։ «Ես էլ փող չունիմ, ինչ անեմ, ընկնեմ տունը, մեռնե՞մ»։ Երբ վարչապետը հեռանում էր՝ տիկինը գոռում էր անվտանգության աշխատակիցների հետևից․«Տնաշեններ, ինչխ օր գել ու գազան եղներ մարդը, չէիք թողնի մոտ էրթայինք»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ