Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ՀՀԿ-ի պարզաբանումը մանկապարտեզների ու դպրոցների տնօրենների՝ ՀՀԿ-ի օգտին ձայների հավաքագրման վերաբերյալ համարում է պատասխանատվությունից խուսափելու հնարք:
«Իրականությունը հերթական անգամ կեղծելու հնարք եմ համարում, նրանք ընդհանրապես հակված չեն ազատ ու արդար ընտրություններ անցկացնելուն: Այդ ինչպես եղավ, որ 114 դպրոցների բոլոր տնօրենները սկսեցին աշխատել ՀՀԿ-ի օգտին կամ բոլոր տնօրենները դարձան ՀՀԿ-ական: Կուսակցության անդամ լինելու հանգամանքը հենց վարչական ռեսուրսի չարաշահում է, երբ կուսակցականացնում են բոլորին, իսկ այդ տնօրեններին ձայնագրելն ու հրապարակելը սադրանք է, թե սադրանք չէ, դա միակ օրինական հնարքն էր, որով կարելի էր փաստագրել վարչական ռեսուրսի չարաշահումը»,- կարծում է պարոն Սաքունցը:
Ըստ նրա, մինչեւ հիմա ՀՀԿ-ի կողմից որեւէ փաստարկ չի ներկայացվել, որով հաստատեն՝ չեն չարաշահում վարչական ռեսուրսը. «ԿԸՀ-ն պետք է տեղեկություններ պահանջի այդ հարցումների վերաբերյալ»:
Անդրադառնալով Կոնգրես-ՀԺԿ դաշինքի՝ ԿԳ նախարարի հեռացման պահանջին՝ պարոն Սաքունցն ասաց՝ ինչ կապ ունի այստեղ նախարարի հրաժարականի պահանջը. «ՀՀԿ-ի՝ ընտրություններին մասնակցելու հարցն է, թե չէ կարող ենք գնալ ու պահանջել Ժեկի նախագահին կամ ոստիկանության հավաքարարին հեռացնեն: Ընտրական օրենսգրքի նորմի խախտում է, Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 8 եւ 9 կետերը հստակ սահմանում են, որ եթե տեղի է ունենում վարչական ռեսուրսի չարաշահում եւ շարունակական բնույթ ունի, ապա նման պայմաններում կուսակցության գրանցումն են կասեցնում: Ինչ կապ ունի նախարարի հեռացումը, դե այդ դեպքում եկեք սկսենք դպրոցի տնօրեններից, ուսուցիչներից, ծնողներից, որոնց ստիպել են, որ մասնակցեն»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ