Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաց բերողին սպանել եք, ի՞նչ թասիբով եք Գյումրիում». երիտասարդը՝ վարչապետին ու նրան ուղեկցողներին  (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 26,2017 18:56

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանն արդարադատության  ու մշակույթի նախարարների, ինչպես նաև Շիրակի մարզի ՀՀԿ վարկանիշային բոլոր թեկնածուների ուղեկցությամբ ամբողջ օրը քարոզարշավ անցկացրեց Շիրակի մարզում։ Նա նախ եղավ Աշոցքում, Ամասիայում, ապա այցելեց Գյումրի, որից հետո մեկնեց Արթիկ ու Մարալիկ։  Վարչապետը գյումրեցիների հետ հանդիպեց Թատերական հրապարակում, որտեղ առանց բացառության հավաքվել էին բոլոր պետական կառույցների՝ քաղաքապետարանի, մարզպետարանի, զբաղվածության կենտրոնի աշխատակիցները, դպրոցների տնօրենները,  բուհերի ուսանողները… Նրանց բոլորին հարկադրել  էին ժամը 14.30-ին մի մարդու պես հավաքվել հրապարակում։

Ի դեպ, ականատես եղանք, որ նրանց նաև ներկա-բացակա էին անում։ Նկատենք, որ գյուղերից ևս մարդիկ էին բերում «գազելներով» ու  իջեցնում, օրինակ՝ Գեղանիստ-Փանիկ-Գյումրի միկրոավտոբուսը կանգնեց, ու մարդիկ իջան թատերական հրապարակ (Տես լուսանկարում)։

ՀՀԿ-ի քարոզարշավին մասնակցում էին նաև երեխաներ, որոնք ամենայն հավանականությամբ եկել էին ունկնդրելու քարոզարշավին մասնակցող ճանաչված երգիչներին։ Ելույթ ունեցան Կամո Սեյրանյանը, Արսեն Գրիգորյանն ու Արսեն Սաֆարյանը, Զարուհի Բաբայանը, Ալլա Լևոնյանը։ Նշենք, սակայն, որ Թատերական հրապարակի դիմացի շենքում  սգո արարողություն էր.  մարդ էր մահացել։

Վարչապետի՝ Գյումրի  այցի ժամանակ՝ մոտ 2 ժամ կաթվածահար էր եղել երթևեկությունը քաղաքի կենտրոնական Սայաթ-Նովա փողոցում։ Իսկ Թատերական հրապարակն այնքան լիքն էր, որ ասեղ գցելու տեղ չկար։

ՀՀԿ-ի  լոզունգից, դրոշներից բացի  հրապարակում ծածանվում էին նաև «Գազպրոմ Արմենիայի» ցուցապաստառներն ու դրոշները, ի դեպ, այս կառույցի ողջ անձնակազմը ևս  Թատերական հրապարակում էր։ Երբ վարչապետը նախարարների ու վարկանիշային թեկնածուների ուղեկցությամբ եկավ հրապարակ ու ելույթ պիտի ունենար, նրան  ընդհատեց  գյումրեցի անօթևանների համար բնակարաններ ձեռք բերած «ՍՕՍ Գյումրի» ծրագրի նախաձեռնող Հայկ Բարսեղյանը՝ բացականչելով․ «Հաց բերողին սպանել եք այդտեղ սաղդ, ի՞նչ թասիբով եք Գյումրիում»։

Մի պահ քար լռություն տիրեց Թատերական հրապարակում։ Ոստիկանները Հայկ Բարսեղյանին հեռացրեցին հրապարակից, որից հետո վարչապետը հաշվետվություն ներկայացրեց հավաքվածներին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031