Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի ղեկավարությամբ երկշաբաթյա ուսումնամարզական հավաքի է մեկնել Վլադիկավկազ:
Արմեն Մկրտչյանը հրավիրել է 11 ըմբիշի, հիմնականում քաշային կարգերի առաջատարներին: Նրանք նախապատրաստվում են մայիսի 2-ից 7-ը Սերբիայի Նովա-Սարդ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Մարզչի խոսքերով, այս անգամ հավաքականին միացել է նաեւ գերծանր քաշային Լեւան Բերիանիձեն, որի անձնական քաշը չնայած դեռ բարձր է սովորոկանից, սակայն իրենք աշխատելու են մնացած ժամանակահատվածում այդ խնդիրը լուծել: Aravot.am-ը Արմեն Մկրտչյանից դեռ նոր նշանակվելու ժամանակվանից հետաքրքրվել էր, թե աշխարհի նախկին չեմպիոն Դավիթ Սաֆարյանին հրավիրելո՞ւ է հավաքական: «Ես հարգում եմ նրա աշխարհի չեմպիոն լինելը, բայց Դավիթն ինձ հետ կապ չի հաստատում: Ինքս եմ փորձել՝ առայժմ անարդյունք: Չեմ շտապում: Ամեն բան իրենից է կախված: Եթե ուզում է մարզական կարիերան շարունակել, ուրեմն պիտի դիմի ինձ, գա, մասնակցի հավաքներին ու ցույց տա իրեն», – պատասխանել էր Արմեն Մկրտչյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ