Եթե քաղաքականության մեջ չեղած, կուսական մաքրության տեր մեկը արցունքակալած աչքերով խոսի հայոց երազանքներից, Մեծ Հայքից, Արցախից, սահմանադրությունից կասես՝ լավ:
Բայց երբ հայ-թուրքական տխրահռչակ խաղերի նախաձեռնողներից ու Արցախի հողերը հանձնելու պատրաստ մեկը, որ 10 տարի եղել է ՀՀ բարձրագույն պաշտոնյաներից մեկը, որ հենց Մեծ Հայքի երազանքը թաղելու ու Հայաստանի հողերը հանձնելու պատրաստ բանակցություններ է վարել այդ տարիներին (իսկ հայ-թուրքական արձանագրությունները հենց այդ երազանքների վերջը դնող փաստաթուղթ է), ով չի ընդվզել հերթական սահմանադրական փոփոխություններից, որոնք արվել են իր պաշտոնավարման օրոք, ով կուսակցությունից դաշինք հետ ու առաջ է ցատկել ու ցատկում, հիմա ընտրությունների նախաշեմին ըմբոստացել է, հստակ տեսնում ես՝ փարիսեցի է: Դասագրքային, էտալոնային նմուշ:
Եւ երբ իր ասածների ու արածների միջև գոյություն ունեցող դիսսոնանսը փորձում է ծածկել եկեղեցու հասցեին անհեթեթ մեղադրանքներ շարադրելով, իբրև թե եկեղեցին դարձել է իշխանության շարունակականությունը և իբրև թե եկեղեցին պիտի վերադառնա իր պատմական առաքելությանը, ուզում ես դասականի բառերով ասել՝ չե՛մ հավատում:
Կարելի է մտածել, թե եկեղեցին փոխվել է սույն պարոնի պաշտոնանկությունից հետո, իսկ մինչ այդ ուրիշ էր: Մի՞թե այն ժամանակ կաթողիկոսը նույն Գարեգին Բ-ը չէր կամ, միգուցե այն ժամանակ նա, ասենք, ըըը… մորմո՞ն էր: Ո՛չ:
Կարդացեք նաև
Այդ դեպքում ինչո՞ւ են հիմա նեղվում եկեղեցուց: Երևի որևիցե հատուկ ընտրազանգված են թիրախավորում: Չէ՞ որ աղանդավորներից շատերն էլ ընտրում են:
Կամ երբ պարոնն ասում է, թե եկեղեցին պիտի դառնա իր պատմական առաքելությանը, նա չի՞ պատկերացնում, որ եկեղեցու առաքելության ու կանոնի մեջ նզովքն ու բանադրանքը կոնկրետ տեղ են զբաղեցնում: Իսկ եթե մեր եկեղեցին դադարի այդքան հանդուրժող լինել իր հոտի որոշ ներկայացուցիչների հանդեպ ու նզովքի ենթարկի՞: Մանավանդ որ առիթ ու պատճառ միշտ կա:
Քաղաքական ծայրաստիճան անմաքուր խաղերի այս շրջանում անշնորհակալ գործ է թեկնածուներին քննադատելը, որովհետև քեզ անմիջապես կարող են մեղադրել հակառակ կողմին կամ կողմերին պաշտպանելու մեջ, բայց երբ անհարկի տեղը փորձում են միավորներ հավաքել եկեղեցուն հարվածելով, հնարավոր չի լռել ու հանդուրժել:
Աիդա ԳԵՎՈՐԳՅԱՆ