Լրահոս
Օրվա լրահոսը

Չափագրություն (պատմվածք)

Մարտ 26,2017 13:20

Թղթիս տեղանքային քարտեզն է, կանաչ կետերով պետական աջակցությամբ կառուցված տներ են նշված: Գիշերելու եմ դրանցից մեկում, իսկ առավոտյան անցնելու եմ բուն աշխատանքին: Կիսամութ արահետով բարձրանում եմ նշված տան մոտ, դուռը կին է բացում, ես ցույց եմ տալիս պետական քարտը, նե դուռն ավելի է լայնացնում, ներս եմ անցնում, նստում ծանոթ աթոռին, քանի որ մյուս թղթապանակումս տան գույքագիրն է, այնպես որ տեղյակ եմ պատի տակի կահույքից, մահճակալներից ու աթոռներից, մազաչափ անգամ սրանց դիրքերի խախտման դեպքում բնակիչները տուգանվում են:

Մինչ գալս, ինձ նախազգուշացրել են՝ միայն գործնական բաներից խոսել: Կինն անցնում է խոհանոց, ինձ թվում է նրան նույնպես զգուշացրել են անտեղի հարցուպատասխան չստեղծել, մի երեխա է չոչ անելով գալիս, հասնելով ոտքերիս՝ հրում է կոշիկներս, ոտքերս օդ եմ բարձրացնում, նա ծնկներով  շարունակում է դեպի հյուրասենյակի խորքը: Կինը սուրճ է բերում, խմում եմ, ասում է՝ երևի անկողնու տեղը գիտեք, ինձ տեղեկացրել են, որ նրանք սիրում են՝ «երևի», ու նման հարցականներով խոսակցություն բանալու, այդ պատճառով՝ գլխով համաձայնվում եմ, երեխան վերադառնում է, նորից զարմանում կոշիկներից՝ ես կրկնում եմ վերև հանելու արարողությունը՝ նա անցնում է:

Մարմնումս ջղային դողեր են՝ զարթնում եմ, դրսում կիսամութ է, մինչ գործուղման ուղարկելը, պետական ապարատն՝ ինձ նման մանր աշխատակիցների մկաններում նյութ է սրսկում, որը հստակ ժամին սկսում է գործել՝ կծկելով մարմինն արթնացնում է, որպեսզի արթնացումն ու ծրագրին միանալը կատարվի արևի ճառագայթներից առաջ, ասում են՝ աշխատակիցներ են եղել, որոնց մարմինը կլանել է ծեգի արևն ու թե ընտանեկան տաք անկյունից, գուցե դեռ քնատ մարմնի տաքությունից չորացել է ներարկված մկանային համակարգը, հետևանքը սարսափելի է, քանի որ նորակառույց տներում կենողներին անիմանալի բաներ են պատմել, համախմբվել, և մինչև հիմա անասունների պես սարերում թաքնվում են, բայց սրանք բամբասանքներ են, ես հավատում եմ Պետ-Գլխին, կարծում եմ, շուտով տքնաջան աշխատանքս ուշադրության կարժանանա և հնարավորություն կընձեռվի հայրենասիրական ճառ կարդալու, սա ամենաառաջին քայլն է պաշտոնի բարձրացման համար, որին վաղուց եմ պատրաստվում, հուսով եմ այս աշխատանքից հետո որոշակի կդառնա ելույթիս հիմնական եզրույթները:

Հանկարծ, նորից եմ արթնանում ու տեսնում դեղնալուծույթ մակերեսը փռվել է ոտքերիս և թույլ ցնցումներով վերև է բարձրանում՝ արև՛, ոտքի եմ թռնում, փողկապս ձգում պարանոցիս, (ԱԳՆ-ի դասերին մեզ պատրաստել են նման իրավիճակների համար՝ փողկապը պրկել և գտնել հավասարակշռությունը,  «սանձման 3-րդ աստիճան» է կոչվում, բայց մեզ չբացատրեցին դրա մյուս համարները):

Տնից հապճեպ դուրս եմ գալիս, քայլելու ընթացքում բացում քարտեզն ու… այսքան ժամանակ անմիտ, անկանոն մտքեր էին ինձ պատել, ամենից վատը, որ թվում է, որևէ մեկին էի ցանկանում պատմել, գուցե խոստացել եմ…

Ո՛չ, կապ եմ տալիս գլխավոր շտաբ, խնդրում միացնել ԱԳՆ և ցուցել երկրորդ աստիճանը, որպեսզի կարողանամ վերահսկել ինձ՝ նրանք պատասխանում են, ես հետևելով նրանց խորհրդին՝ ավելի ուժեղ եմ ձգում փողկապս, շնչառությունս խզվում է, մարմնիցս քրտինք է հոսում, կարևորը, իսկապես, արժանավայել պահեցի ինձ, սա կարելի է ներառել հայրենասիրական ճառիս ոսկյա կանոններում:

Այսպիսով, անցնում եմ աշխատանքիս. նախ նշված տներն եմ այցելում, որտեղ ստուգում եմ գույքն ու հատկապես մահճակալների դիրքը, որոնք պարտադիր պետք է դեպի լեռանը նայող ուղղությամբ լինեն, միակառույց վեց տներում՝ մետրով չափում եմ կահույքի տեղադրությունը, հաշվառում մարդկանց՝ սայլակով երիտասարդին, ոտքը կտրված պատանուն, գանգը ջնջխված մեկ այլ երիտասարդի, ովքեր փորձնական դասերին, նախնադարյան կենսապատկեր ստանալու համար քար ու փայտով մասնակցել են պատերազմին, հակառակորդ երկրների դեմ նման վարժանքների մասնակցողների դասը Պետ-Գլխի ծորակներում համարվում է ամենաստորին ապարատը, նրանց կրծքին եմ փակցնում «Tom and Jerry» հայրենախրատ մուլտֆիլմից «Spike» անունով հայրենասերի կրծքանշանը, հանձնում պատվոգիրը, որտեղ երեք բառ է գրված՝ «Հանուն, Հանուն, Հանուն», ինձ ցուցել են՝ եթե հարցնեն հանուն ի՞նչի, պատասխանի՛ր՝ հայրենասիրական գաղտնիք է: Նկարվում եմ նրանց հետ, ուղարկում հայրենասոցիալական ցանց, որպեսզի հայրենասիրական ելույթին պատրաստվող մագիստրոսները առավելագույնս հավանություններ (like) տան և նկարի ներքո փորձնական ելույթներ հրապարակեն:

Ճանապարհին ուրախանում եմ, այսօր բազմաթիվ հայրենասեր բառն օգտագործեցի, հայրենասոցիոլոգներն ասում են՝ դա հայրենաոգով պայծառանալու նշաններ են՝ անմիջապես մտաբերում եմ հայրենամշակութային մարզումներն ու փորս մերկացնում եմ, պորտիս ռիթմային կծկումներ տալով ստանում եմ խրոխտ՝ դեպի ամբիոնը սլացող հայրենասերի երեսն ու նկարում,  նորից ուղարկում եմ հայրենասոց ակումբներին:

Վերջապես ձորակը կտրելով ու լեռնային վերելքը հաղթահարելով հասնում եմ ձյան կուտակումներին, ամեն ինչ հստակ է, ըստ նախատեսվածի՝ քարտեզումս նշված ուղղությամբ ձյան շերտավորումներից արդեն առուներ են հոսում: Ինձ ուղարկել են համոզվելու, մնացածն իրենք գիտեն, քանի որ հեղեղատն իր ճանապարհը չի փոխում, տարիներով չորացած է մնում՝ լռում, բայց գալիս է մի ժամանակ, երբ թափվում է, պարտադիր տեղն արած իր հին ճանապարհն է բռնում ու փշրում՝ ամայացնում իր կերակրափողին հանդիպող ամեն ինչ, կապ եմ տալիս գլխավոր շտաբ և ներկայացնում ամփոփագիրը՝ «10-20 օրերի միջակայքում հեղեղը կաշխատի». Պետ-Գլխում հաշվի են առել այս ամենը, այդ պատճառով պետաջակցությամբ տները հենց հեղեղի ճանապարհին են կառուցվում, որպեսզի առանց որևէ լուրջ ծախսի և բնության օգնությամբ վերջացվի սկսածը, հետո նորից ենք կառուցում ու նվիրաբերում նորեկներին, սա ավելի էժան է նստում, իսկ կառուցման սկզբնական փուլը՝ ներքին օղակներում խթանում է ուժային հայրենասիրությանը, – ասում է հայրենատնտեսագետն ու երեք անգամ՝ Հանուն, Հանուն, Հանուն-ն արտասանելով վերջացնում խոսքը: Հնչում է իմ անունն ու փորս բացելով քայլում եմ դեպի բեմ. պորտս հրճվում է, նամանավանդ, որ հայրենասիրական գործուղմանս ընթացքում բանը չհասավ անվտանգության «սանձման 1-ին աստիճանին»:

Լևոն ՇԱՀՆՈՒՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031