Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ ուխտագնացություն դեպի Ֆրեզնո (ֆոտոշարք և տեսանյութ)

Մարտ 26,2017 13:10

Այս տարի մարտի 19-ին, առավոտյան ժամը 9-ին ԱՄՆ հայ գրողների միության (ՀԳՄ) մի խումբ անդամներ և բազմաթիվ ԱՄՆ ՀԳՄ համակիրներ Կալիֆորնիայի նահանգի հայաշատ Գլենդեյլ քաղաքի՝ Սուրբ Մարիամ հայ առաքելական եկեղեցու դիմացից ավտոբուսով ուղևորվեցին նույն նահանգի՝ ավելի քան կես միլիոն բնակչություն ունեցող Ֆրեզնո քաղաքը, որտեղ ապրում է մոտավորապես 60 հազար հայ:

Ֆրեզնոյում ուղևորության մասնակիցներն ամենից առաջ այցելեցին Սուրբ Երրորդություն հայկական առաքելական մայր եկեղեցին, որը կառուցվել է 1914 թվականին:

Եկեղեցին գրանցված է Ֆրեզնո քաղաքում որպես ազգային պատմամշակութային  հուշարձան: Այն գտնվում է հենց քաղաքի կենտրոնում: Առաջին պատարագը մատուցվել է 1914թ. ապրիլի 12-ին: Եկեղեցու ճարտարապետն է եղել Պողոս Կոնդորջյանը: Եկեղեցու ներսում, պատուհաններին ձախից՝ Հիսուս Քրիստոսին պատկերող, վառ գույներով, պատկերազարդ խճանկարն է, իսկ աջից՝ նույնպիսի պատկերմամբ Մարիամ Աստվածածինը նորածին Քրիստոսի հետ:

Այնուհետև ուղևորության մասնակիցներն այցելեցին ամերիկյան մեծանուն գրող, Օսկարի և Փյուլիզար մրցանակների արժանացած Վիլյամ Սարոյանի անվան թատրոն, որը կառուցվել է 1966 թվականին, իսկ նրա մահից հետո կոչվել է մեր հայրենակցի անունով: Այստեղ են հանդես գալիս Ֆրեզնոյի օպերային թատրոնը և ֆիլհարմոնիկ նվագախումբը, ինչպես նաև արվեստի, մշակույթի այլ կազմակերպություններ: Հայկական զարդաքանդակներով բոլորված թատրոնի շենքի առջև տեղադրված է հանրաճանաչ ու տաղանդավոր գրողի բրոնզե կիսանդրին, որի հեղինակն է Վ. Սարոյանի ընկերը, քանդակագործ Վարազ Սամուելյանը:

Վիլյամ Սարոյանի կիսանդրին: Լուսանկարում՝ ԱՄՆ ՀԳՄ գրողներ Ռուզան Մխիթարյանը, Վոլոդյա Գրիգորյանը և ԱՄՆ ՀԳՄ փոխնախագահ Վահե Մեսրոպյանը զինվորական համազգեստով:

Ամերիկյան գրականության մեջ Վիլյամ Սարոյանը շատ բարձր է գնահատվում և դիտարկվում է նույն բարձրության վրա, ինչ 20-րդ դարի հանճարեղ գրողներ Հեմինգուեյը, Սթայնբեկը և Ֆոլկները: Նրա բրոնզե արձանը քաղաքային իշխանությունները, ի նշան մեծարանքի, տեղադրել են Ֆրեզնոյի դատարանի՝ շենքի զբոսայգում՝ Վան Նես և Թուլերի փողոցների խաչմերուկում, քանդակագործն է՝ Պերրի Հաֆմանը: Ափսո՜ս, ժամանակի սղության պատճառով ուղևորության մասնակիցները չկարողացան տեսնել այն: Այժմ կառուցվում է նաև Վ. Սարոյանի տուն-թանգարանը, որտեղ ավելի քան 17 տարի ապրել է հռչակավոր գրողը: Ըստ Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի՝ Վ. Սարոյանի տունը, որտեղ գրողն ապրել է 1964թ. մինչև իր մահը՝ 1981թ., անցյալ տարի ամռանը վերագնվել է՝ Երևանում ծնված, մոսկվաբնակ, մեր հայրենակցի՝ Արթուր Ջանիկբեկյանի կողմից, քանի որ ուրիշին էր պատկանում: Ա. Ջանիկբեկյանն արվեստի ու մշակույթի մեծ աջակից է և լրատվամիջոցների խոշոր փողատեր:

Ուղևորության մասնակիցները Ճաշեցին Ֆրեզնոյի Հայկական կենտրոնի ընդարձակ և նոր վերանորոգված դահլիճում: Հայկական կենտրոնն այժմ ի պատիվ բարերարների, որոնց միջոցներով է վերակառուցումը կատարվել, վերակոչվել է Ալիս և Կարո Կյուրեղյանների անվան հայկական մշակութային կենտրոնի:

Կենտրոնի դահլիճի բեմահարթակից, ԱՄՆ ՀԳՄ գրող Մարգարիտ Դերանցը սիրով իր վրա վերցնելով հանդիսավարի պարտականությունները, ազդարարեց ճաշկերույթ-հանդիսության սկիզբը:

Հայրենասիրական, գուսանական և ժողովրդական երգերի նվիրյալ երգիչ Նշան Ջաղացպանյանը մեծ հանդիսավորությամբ կատարեց «Մեր հայրենիքը» (խոսք՝ Մ. Նալբանդյանի, երաժշտությունը՝ Բ. Կանաչյանի)՝ Հայաստանի Հանրապետության հիմնը: Նրան հոտնկայս ձայնակցում էին բոլորը՝

Նայիր նրան՝ երեք գույնով,
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան։

Սիրելի երգիչը հանդիսության ընթացքում պատվեց ներկաներին «Ես իմ անուշ Հայաստանի» (խոսք՝ Ե. Չարենցի երաժշտությունը՝ Ա. Սաթյանի), «Ղարաբաղցին, ղարաբաղցին» (խոսք՝ Հ. Բեգլարյան, երաժշտությունը՝ Ալ. Հեքիմյանի) երգերով:

Մ. Դերանցը նշեց, որ Ֆրեզնո գալն ամեն մի մտավորականի համար սուրբ ուխտագնացություն է, քանի որ անպայման այցելելու է մեծ գրող Վիլյամ Սարոյանի և հայ ժողովրդի վրիժառու զավակ Սողոմոն Թեհլերյանի շիրիմներին…

Ներկաներին ջերմորեն ողջունեց Թեհլերյան միության ՀՅԴ ներկայացուցիչ Խաչիկ Ավագյանը: Մ. Դերանցն ԱՄՆ ՀԳՄ-ի անունից եռագույն գործած վզնոց նվիրեց նրան:

Այնուհետև ներկաներին Ֆրեզնոյում ապրող հայ համայնքի պատմությանը ծանոթացրեց մեր հայրենակից, ֆրեզնոյաբնակ Արթուր Դավթյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՅԴ սկաուտների խմբապետ Կարինե Կենդոյանը և հրամցրեց պատանի սկաուտների կատարմամբ մի հայկական պար, նախօրոք ներկաների ներողամտությունը հայցելով, քանի որ պարը չէին հասցրել ինչպես հարկն է մշակել:

Հայ ժողովրդի տառապանքների վերաբերյալ մեծ հմտությամբ, իրենց իսկ գրած բանաստեղծությունները կարդացին ԱՄՆ ՀԳՄ բանաստեղծուհիներ Ռուզան Մխիթարյանը և Արաքս Նավասարդյանը, իսկ ԱՄՆ ՀԳՄ հիմնադիր անդամ Սուրեն Ղազարյանն ասաց, որ տարիներ առաջ իր ընկերոջ Վահե Մեսրոպյանի հետ եղել է Ֆրեզնոյում և, իհարկե՛, այցելել են Վ. Սարոյանի և Ս. Թեհլերյանի գերեզմաններին, սակայն մտավախություն հայտնեց Ֆրեզնոյի հայ համայնքում հայերի ձուլման վտանգի մասին: Նույն մտավախությունն ունեին նաև ֆրեզնոյաբնակները, հատկապես նոր սերնդի համար:

Ի պատիվ հանդիսության, ԱՄՆ ՀԳՄ առաջին փոխնախագահ Խաչկարը (Կարեն Խաչատրյան), խոսելով իր և բացակայող ԱՄՆ ՀԳՄ նախագահ Վազգեն Վանատուրի անունից, ներկայացրեց ԱՄՆ ՀԳՄ-ն, նրա գործունեությունը, աշխատելաոճն ու նպատակները, իսկ հետո՝ մեծ ոգևորությամբ արտասանեց տաղանդաշատ բանաստեղծներ Ավ. Իսահակյանի «Լեգենդ», Շիրազի «Կտակը», Վ. Տերյանի «Լեռն է մեր պայծառ» և Սիլվա Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն» հանրահայտ ստեղծագործությունները:

Փայլուն ելույթով հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստ, օպերայի մեներգիչ Արտաշես Հայիրյանը, իսկ ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանը շնորհալիորեն երգեց «Բարի արագիլ» երգը (խոսք՝ Աշ. Գրաշու, երաժշտությունը՝ Ալ. Հեքիմյանի), որը ետ՝ հայրենիք, երջանիկ երկիր է կանչում մեր տարաբախտ հայրենակիցներին:

Ճաշկերույթ-հանդիսությանը մասնակցում էր նաև ֆրեզնոյաբնակ, 91-ամյա Մովսես Կարապետյանը: Նա իր տարիքի համեմատ շատ ավելի երիտասարդ էր երևում: Մ. Կարապետյանը բեմ բարձրացավ և ամբողջությամբ արտասանեց Հ. Թումանյանի Թմբկաբերդի առումը պոեմը՝ զարմացնելով ներկաներին: Ճաշկերույթ-հանդիսությունը եզրափակվեց երգիչ Նշան Ջաղացպանյանի կատարմամբ «Տե՜ր Աստված, փառքը քեզ»  երգով:

Բավականին տպավորիչ էր Ֆրեզնոյի՝ Կալիֆորնիայի պետական համալսարանի տարածքում բարձրացված Հայ մեծ եղեռնի հուշարձան-կոթողը: Այն կառուցվել է եղեռնի 100-ամյա տարելիցի կապակցությամբ: Հուշարձանը բաղկացած է 9 սյուներից, որոնք խորհրդանշում են պատմական Հայաստանի և Կիլիկիայի 9 մարզերը, իսկ կոթողի ճարտարապետն է՝ Փոլ Հալաջյանը:

Մեծ Եղեռնի հուշարձանը Ֆրեզնոյում: Լուսանկարում՝ ՀՀ Վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանը, ԱՄՆ ՀԳՄ հիմնադիր անդամ Սուրեն Ղազարյանը և տարեց ֆրեզնոյաբնակ Մովսես Կարապետյանը:

Ուղևորության մասնակիցները տեսան նաև Ֆրեզնոյի Թուլերի փողոցում գտնվող Սասունցի Դավթի պղնձաձույլ արձանը, որը 1971թվականին քանդակել է մեր հայրենակից Վարազ Սամուելյանը (1917թ.-1995թ.):

Եվ ինչպես Մ. Դերանցն է ասում, մենք պարզապես պարտավոր էինք մեր ուխտագնացության ընթացքում հարգանքի տուրք մատուցել՝ այցելելով ամերիկահայ մեծ գրող Վ. Սարոյանի և հայ ժողովրդի պանծալի զավակ, անհաշտ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի սուրբ շիրիմներին, որոնք գտնվում են Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանոցում: Իմիջիայլոց, դա միակ հայկական գերեզմանոցն է ամբողջ ԱՄՆ-ի անծայրածիր տարածքում:

Սողոմոն Թեհլերյանը, համաձայն ՀՅԴ «Նեմեսիս» (հունական դիցաբանության վրիժառության աստվածուհու անունով) ծրագրի երկար ժամանակ հետապնդելով Թալեաթին, գտավ նրան Բեռլինում 1921 թվականի մարտի 15-ին և շանսատակ արեց: Թալեաթը՝ այդ արնախում գազանը, վերջապես պատասխան տվեց իր մահով՝ հայ ժողովրդին հսկայական տառապանքներ, կանխամտածված եղեռն կազմակերպելու համար:

Շուն Թալեաթը փախավ Բերլին,

Թեհլերյանը հասավ հետին

Զարկեց ճակտին, փռեց գետին,

Գինի լից, ընկեր ջան, գինի լից:

(Գինի լից երգի մի քառյակը)

ԱՄՆ ՀԳՄ հիմնադիր անդամ Սուրեն Ղազարյանը հայ ժողովրդի փառապանծ զավակ Ս. Թեհլերյանի շիրիմի մոտ մտորելիս:

ԱՄՆ ՀԳՄ անդամներն ու նրանց համակիրները խունկ վառեցին ու ծաղիկներ դրեցին Մեծ հայի հուշարձանի առջև: Ժողովրդական երգերի հմուտ կատարող ԱՄՆ ՀԳՄ արվեստի խմբակցության պատվավոր անդամ Նշան Ջաղացպանյանը երգեց «Գինի լից» և «Վերքերով լի երգերը»:

Սողոմոն Թեհլերյանի գերեզմանի մոտ ԱՄՆ ՀԳՄ արվեստի խմբակցության անդամ Սոսի Մարտիրոսյանը երգեց Մարտիկի երգը (խոսք՝ Գեղամ Սարյանի, Երաժշտությունը՝ Աշոտ Սարյանի) Հուզմունքից նրա ձայնը կերկերում էր:

Վերջում ուխտագնացներն այցելեցին Վիլյամ Սարոյանի գերեզմանին և ծաղիկներ դրեցինք նրա տապանաքարի վրա, որի վրա գրված էր հետևյալ սարոյանական տողերը. «Ձեզ տրված կյանքի ընթացքում ապրե՛ք, ջանացեք այնպես անել, որ այդ հրաշալի ժամանակահատվածում չավելանա աշխարհի թշվառությունն և վիշտը, այլ միգուցե ժպիտով ընկալեք նրա անսահման բերկրանքն ու խեղճությունը»:

Վիլիամ Սարոյանի գերեզմանի մոտ: Նկարում՝ Խաչկար (Կարեն Խաչատրյան, ԱՄՆ ՀԳՄ առաջին փոխնախագահ), Վահե Մեսրոպյան (ԱՄՆ ՀԳՄ փոխնախագահ), բանաստեղծուհի Արաքս Նավասարդյան, բանաստեղծուհի Ռուզան Մխիթարյան, ԱՄՆ ՀԳՄ հիմնադիր անդամ Սուրեն Ղազարյան և ԱՄՆ ՀԳՄ համակիրներ:

Վիլյամ Սարոյանի աճյունից մասունք է ուղարկվել է Երևան, Կոմիտասի անվան պանթիոնում ամփոփելու համար:

Նույն օրը, երեկոյան ժամը 10-ին Ֆրեզնո ուղևորված ուխտագնացները ոգեշնչված վերադարձան՝ իրենց հետ բերելով անմոռաց տպավորություններ և անջնջելի հիշողություններ ԱՄՆ-ի ամենահնագույն հայկական գաղթօջախից՝ Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքից:

Ֆրեզնոյի ճաշկերույթ-հանդիսության որոշ դրվագներով շարժանկարը կարելի է դիտելYouTube-ում`

ԱՄՆ ՀԳՄ անդամ, ժունալիստներին խմբակցության

փոխնախագահ՝ Մարտին Շիրինյան

Կալիֆորնիա, Ֆրեզնո

22 մարտի, 2017թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031