Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դդումով եւ թարմ կանաչեղենով աղցան

Մարտ 26,2017 12:30

Կրկին` պահքի ուտեստ եւ կրկին` ընդամենը մեկ բաղադրիչի փոփոխությամբ այն կարող է վերածվել ոչ պասային ուտեստի: Շատ համեղ, նույնքան օգտակար եւ գեղեցիկ այս աղցանի համար մեծ ծախսեր չեն պահանջվում:

Անհրաժեշտ մթերքները

Դդում- 0,5 կգ
Գազար – 1 հատ (պարտադիր չէ)
Սխտոր-2 պճեղ
Թարմ սպանախ- կես կապ
Ռուկոլա- մի քանի ճյուղիկ (պարտադիր չէ, կարելի է փոխարինել հազարատերեւով` մառոլով)
Ձիթապտղի յուղ- 3-4 ճաշի գդալ
Աղ, պղպեղ- ըստ ճաշակի
Չորացրած կանաչիներ (ուրց, ծիթրոն կամ մեր սուպերմարկետներում վաճառվող պրովանսյան կանաչիներ)- 1 ճաշի գդալ
Դդմի սերմեր- 2 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Դդումը եւ գազարը մաքրել, կտրատել բարակ եւ նեղ շերտերի: Լավ լվանալ, չորացնել, լցնել փայլաթիթեղի (ֆոլգա) վրա, վրան աղ, պղպեղ, չորացրած կանաչիներ եւ ձիթայուղ անել, դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցը` մոտ 20 րոպեով:


Մինչ դդումը պատրաստվում է ջեռոցում, լավ լվացեք թարմ կանաչիները` սպանախը, ռուկոլան, մառոլը: Սպանախի կապի միջից ընտրեք հնարավորինս մատղաշ տերեւները (ավելի խոշորները կարող եք հետո տապակել, իսկ աղցանի համար պետք են մատղաշ ու անվնաս տերեւները): Կանաչեղենը լավ չորացրեք, ապա դասավորեք աղցանամանի մեջ, վրան աղ արեք, մի քիչ ձիթայուղ: Երբ դդումն ու գազարը պատրաստ լինեն, շարեք կանաչիների վրա:


Շատ ցածր կրակի վրա թավան տաքացրեք եւ դդմի սերմերը 2-3 րոպեով բովեք:
Սերմերը նույնպես լցրեք աղցանի վրա: Աղցանն արդեն պատրաստ է, սակայն, եթե պահք չեք պահում, ըստ ցանկության կարող եք ավելացնել նաեւ ֆետա պանիր կամ, ասենք, ապխտած մսի կտորներ, օրինակ` բեկոնի շերտեր:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»

25,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031