Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկական այգում տեղադրվեց մոտ 30 թռչնաբույն (Ֆոտոշարք)

Մարտ 25,2017 22:58

«Civil Voice» եւ «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ մարտի 25-ին Մանկական զբոսայգում անցկացվեց Հայաստանի թռչունների պաշտպանության օրվան նվիրված միջոցառում։

«Civil Voice» բնապահպանական կազմակերպության հիմնական նպատակն է պահպանել շրջակա միջավայրը՝ կանխելով մարդկանց, կենդանիների եւ բույսերի գոյության համար նախատեսված բնական պաշարների ոչնչացումը` այս ամենում կաեւորելով հասարակության ակտիվ մասնակցությունը:

Հայաստանում, ընդհանուր առմամբ, առկա է թռչունների 351 տեսակ, որոնցից մոտ 110 թռչուն Հայաստանի Կարմիր գրքում է:

«Թռչունները մեծ նշանակություն ունեն շրջակա միջավայրի համար, պետք է ստեղծել բարենպաստ պայմաններ թռչնաշխարհի համար: Ունենք լուրջ խնդիր բնադրավայրերի հետ կապված: Վերջին տարիներին զբաղվում էինք այլ խնդիրներով, սակայն տեսնելով իրավիճակը` որոշեցինք զարկ տալ եւ շարունակել այս գործը: Այս տարի «Civil Voice»-ը պատրաստակամություն հայտնեց մեզ օգնելու: Հուսով ենք, որ համագործակցության արդյունքում շատ լուրջ նախագծեր ենք իրականացնելու»,-Առավոտի հետ զրույցում ասաց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը:

Միջոցառման ընթացքում երեխաների մասնակցությամբ անցկացվեցին մրցութային ծրագրեր, ինչպես նաեւ ներկաներին հնարավորություն ընձեռվեց պատրաստել կերակրամաններ թռչունների համար:

Սիլվա Ադամյանը հիշում է` իրենց երիտասարդության տարիներին թռչունների տոնը մեծ շուքով էր նշվում Հայաստանում, բազմաթիվ երիտասարդներ, երեխաներ տեղադրում էին թռչնաբներ Երեւանի բոլոր մասերում, եւ իրենք փորձում են այդ գործը շարունակել. «Երեւանում կանաչ տարածքները գնալով պակասում են, մեզ ստվար այգիներ են հարկավոր, որտեղ կարող է կենդանական աշխարհ լինել»:

Այսօր Մանկական այգում տեղադրվեց մոտ 30 թռչնաբույն, որտեղ կտեղավորվեն երաշտահավերը, որոնք հայտնի են իրենց երգեցիկ ձայնով:

«Մեր համագործակցությունը «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի հետ չի սահմանափակվելու այս միջոցառումով, այն շարունակական բնույթ է կրելու: Պատրաստ ենք համագործակցել ցանկացած կազմակերպության եւ անհատների հետ, որոնք կիսում են մեր մտահոգությունները»,- մեզ հետ զրույցում նշեց «Civil Voice» ՀԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Համբարձումյանը:

Համագործակցության շրջանակներում կազմակերպությունները զբաղվելու են նաեւ Երեւանից դուրս թռչնաբների տեղադրմամբ: 2 տարի շարունակ «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ն արագիլի բներ է տեղադրել Արարատյան հարթավայրում` գրանցելով լավ արդյունքներ. բնադրվել են արագիլներ, որոնք արդեն ձագուկներ ունեն:

«Civil Voice» ՀԿ-ի կամավորների թիմի ղեկավար Նաիրե Սահակյանն էլ հավելեց` որպես բնապահպան անչափ կարեւորում է նման միջոցառումները: Թռչնաբները տեղադրելով ոչինչ չի ավարտվելու. ողջ կամավորական թիմը այցելելու եւ գրանցելու է, թե ինչպիսի թռչուններ են բնակեցվել թռչնաբներում, նաեւ արձանագրելու են նրանց ձագերի քանակը:

Ցուցադրված էին նաեւ Երեւանի քաղաքապետարանի մանկապատանեկան նկարչական խմբի սաների աշխատանքները` թեման կրկին թռչուններն էին:

Մերի ԻՍԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031