Այսօր «Ելք» դաշինքի թեկնածուներ՝ Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյանն ու Արամ Սարգսյանը շրջում էին Վանաձոր քաղաքի թաղամասերով: Դաշինքի նախընտրական ցուցակի առաջատար եռյակը քարոզարշավը սահմանափակեց` շենք առ շենք այցելելով: Թեկնածուները բարձրախոսով հայտարարում էին «Ելք»-ի ծրագրերը, հորդորում ընտրել իրենց:
Էդմոն Մարուքյանը բնակիչներին կոչ արեց ինչպես 5 տարի առաջ, այս անգամ էլ քվեարկել իր ու արդեն իր դաշինքի օգտին`հնարավորություն չտալով իշխանությանը վերարտադրվել:
«Ելք» դաշինքը միավորված ընդդիմություն է, որը միավորվել է նաեւ ձեր պահանջով: Ուզու՞մ եք փոփոխություններ, ուզու՞մ եք այն Հայաստանը, որը երկար տարիներ երազում եք: Ուզու՞մ եք դուրս գալ այս պայմաններից, ուզու՞մ եք ելք այս պայմաններից, ուրեմն գլուխներդ բարձր, դուխներդ տեղը, առանց վախենալու, առանց ընկրկելու, առանց սրան-նրան լսելու, առանց մի գրամ կասկածելու ապրիլի 2-ին գնացեք ընտրական տեղամասեր եւ քվեարկեք հանուն փոփոխությունների, որովհետեւ «Ելք կա»: Մենք ձեզ վրա հույս ենք դնում, դուք էլ մեզ վրա հույս դրեք:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ երկիրն այս վիճակից կարող է հանել միայն իրենց թիմը. «Ապրիլի 2-ին դուք ունեք բացառիկ հնարավորություն փակել կոռումպացված եւ հետընթաց ապրող Հայաստանի էջը: Եւ բացել Հայաստանի զարգացման նոր՝ ավելի պայծառ էջ, որպեսզի Հայաստանը լինի իսկապես ժողովրդավարական, իրավական, սոցիալական եւ իսկապես ինքնիշխան պետություն»:
Բնակիչները թեկնածուներին հետեւում էին պատշգամբներից: Նրանց բաժանվեցին նաեւ դաշինքի նախընտրական ծրագրերը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ