Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում վաղը Հայաստանի ազգային հավաքականի հետ հանդիպումից առաջ Ղազախստանի ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հաստատեց վերջերս արած իր այն հայտարարությունը, թե Հայաստանի եւ Կիպրոսի հավաքականները իրար նման են եւ հայ ֆուտբոլիստները դեռեւս Խորհրդային տարիներից միշտ էլ աչքի են ընկել լավ տեխնիկական բարձր պատրաստվածությամբ եւ այսօր էլ դա այդպես է:
Մարզիչը նշեց, որ Կիպրոսի հետ ընկերական խաղում պարտությունն իրենք աշխատել են մոռանալ: Նա հույս ունի, որ իր սանները թույլ տված սխալները չեն կրկնի ու լավ արդյունք կստանան: Հարցին, թե Կիպրոսի կազմում չկային Հենրիխ Մխիթարյանի կարգի ֆուտբոլիստներ եւ իրենք վաղվա հանդիպումում Մխիթարյանի նկատմամբ անհատական հսկողություն սահմանելո՞ւ են, մարզիչը պատասխանեց, որ յուրաքանչյուր հավաքականում կան վառ անհատականություններ, որ Հենրիխ Մխիթարյանն իրական լիդեր է, բայց ֆուտբոլ խաղում է 11 հոգի եւ հանդիպման ելքը որոշում է թիմային խաղը: Բորոդյուկը չբացահայտեց, թե Հայաստանի հետ խաղում ինչ մարտավարություն են ընտրելու՝ ասելով, թե դա ֆուտբոլասերը կտեսնի խաղի ընթացքում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև